Մատչելիության հղումներ

Թուրքիան հրատարակել է հայ գրականության անթոլոգիա


Թուրքական կառավարությունը առաջին անգամ հրատարակել է հայ գրականության անթոլոգիա, վկայակոչելով թուրքական «Անատոլիա» գործակալությունը, հինգշաբթի հաղորդել է «Ֆրանս Պրես»-ը:

Թուրքիայի մշակույթի նախարարության հրատարակած անթոլոգիայի մեջ մտել են հայ հեղինակների բանաստեղծություններ, ճամփորդական նոթեր, նամակներ, առասպելներ: Ժողովածուն «արժեքավոր ներթափանցումներ է պարունակում հայ մշակույթի ու գրականության պատմության մեջ», - գրքի նախաբանում գրում է Թուրքիայի մշակույթի նախարար Իսթեմիհան Թալայը:

Հայտնի չէ, սակայն, թե գրքում տեղ գտե՞լ են ջանդերի ու զանգվածային տեղահանությունների ընթացքում սպանված հայ գրողների երկերը: Նրանք Կոնստանդնուպոլսի այն 400 հայ մտավորականներից էին, որոնց օսմանյան իշխանությունները ձերբակալել էին 1915 թվականի ապրիլի 24-ին եւ հետագայում մահապատժի ենթարկել: Դրանից ի վեր ապրիլի 24-ը հայերը նշում են որպես իրենց 1,5 միլիոն հայրենակիցների կյանքը խլած ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Սպանվածների թվում էին արեւմտահայ ականավոր գրողներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սեւակը: Անցյալ շաբաթ Հայաստանում Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը իր ելույթներից մեկում մեջբերել էր Դանիել Վարուժանի բանաստեղծություններից:

Հայաստանյան այցի ժամանակ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը հարուցել էր Անկարայի զայրույթը, ուր ասում են, թե սպանվածների թիվը խիստ չափազանցված է (Թուրքիան խոսում է 300-500 հազար սպանվածների մասին) եւ հերքում են հայերի բնաջնջման ծրագրավորված լինելը:

Հայ գրականության անթոլոգիայի լույս ընծայումը հետեւել է 10 անդամ ունեցող թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի Ստամբուլում տեղի ունեցած նիստին: Ընթացիկ տարվա հուլիսին Ժնեւում ստեղծված հանձնախմբի նպատակը երկու ժողովուրդների միջեւ երկխոսության խրախուսումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG