Մատչելիության հղումներ

Բուշի վարչակազմը դիտարկում է Ադրբեջանի դեմ կիրառվող սանկցիաները դադարեցնելու հարցը


Նախագահ Ջորջ Բուշը դիտարկում է Ադրբեջանի եւ Օսամա բեն Լադենի ու Թալիբանի դեմ սպասվող ռազմական գործողություններում մյուս պոտենցիալ մահմեդական դաշնակիցների դեմ Միացյալ Նահանգների սանկցիաները վերացնելու հարցը: Ինչպես երեքշաբթի հաղորդել է «Վաշինգտոն փոստ»-ը, Բուշի վարչակազմը դիտարկում է Ադրբեջանի, Պակիստանի եւ աֆղանական ընդդիմադիր խմբերի նկատմամբ կիրառվող օգնության տրամադրման բոլոր սահմանափակումները վերացնելու հնարավորությունները:

Այսպես կոչված, Ազատության աջակցման ակտի 907 բանաձեւը, որը հայ-ամերիկյան խմբերի համակողմանի լոբբինգից հետո Միացյալ Նահանգների սենատը ընդունել էր 1992 թվականին, խստորեն սահմանափակում է ամերիկյան կառավարության օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի հանել բոլոր տեսակի շրջափակումները եւ ուժի այլ կիրառումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Եթե Բուշը որոշի հանել արգելքը, հայամետ բանաձեւը առնվազն մեկ տարով կկորցնի ուժը:

Ամերիկայի հայկական համագումարը՝ հայկական լոբբիստական երկու հիմնական խմբերից մեկը, երեքշաբթի օրը նախազգուշացրել է Սպիտակ Տանը բանաձեւի գործողությունը կանգնեցնելու մտադրության կապակցությամբ՝ փաստարկելով, որ ադրբեջանական կառավարությունը չի կատարել ներկայացված առանցքային պահանջները: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Բրայան Արդունին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե չնայած այն բանին, որ Միացյալ Նահանգների նախագահը ունի 907 բանաձեւը վերացնելու լիազորությունը, Սպիտակ Տան վարչակազմը մինչեւ այժմ հաշվի է առել այդ հարցում Կոնգրեսի կարծիքը:

«Իմ կարծիքով, եթե վարչակազմը դիտարկում է արգելքը վերացնելու հարցը, նրանք պետք է նաեւ գործ ունենան Սենատի հետ», - ասաց Արդունին: - «Իսկ Սենատում մենք բավական շատ բարեկամներ եւ մեծ աջակցություն ունենք 907 բանաձեւը պահպանելու համար»:

Արդունին ասաց նաեւ, որ Ամերիկայի հայկական համագումարը հուսով է, որ Սենատը կմերժի Ադրբեջանի դեմ սանկցիաների վաղեմի հակառակորդ սենատոր Սեմ Բրաունբեքի կողմից ներկայացված լրացումը: 907 բանաձեւը վերացնելուն ուղղված նրա վերջին փորձը երկուշաբթի օրը անհաջողության մատնվեց:

Ըստ Արդունու, Բրաունբեքը այժմ փորձում է լրացում մտցնել օտարերկրյա հատկացումների օրինագծում, որը նույնպես քննարկվում է սենատում:

Ադրբեջանը, որն իրեն ներկայացնում է որպես «հայկական ագրեսիայի» զոհ, անարդարացի է համարում 907 բանաձեւից բխող սանկցիաները:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG