Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի այսօրվա խմբագրականը նվիրված է նախագահ Քոչարյան - մամուլ հարաբերություններին: «Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Հայաստան ժամանած ռուսաստանյան լրագրողները մեր նախագահ Քոչարյանին հավանել էին։ Եվ այնքան շատ, որ Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահն անգամ Քոչարյանին պատվոգիր հանձնեց՝ մամուլի հետ «բաց» շփման համար։ Մեր ռուս գործընկերները չէին թաքցնում իրենց հիացմունքը՝ շատ հազվադեպ է, երբ նախագահների հետ հաջողվում է այնքան անկեղծ ու ազատ զրուցել»։

Իսկ «ինչո՞ւ ռուսաստանյան մեր գործընկերներից առաջ չենք կարողացել գնահատել մեր սեփական նախագահի այսքան հրաշալի հատկությունները»։ Այս հարցի պատասխանը «Առավոտ»-ը տեսնում է նրանում, որ նախագահը ոչ միայն նույնչափ ջերմ ու բաց չէ հայաստանցի լրագրողների հետ, այլեւ նրանցից շատերի «երեսը մամուլի ասուլիսներին եւ նախագահի մասնակցությամբ միջոցառումներին չեն ուզում անգամ տեսնել»։

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներ վկայակոչելով, «Առավոտ»-ը տարածում է, թե «հոկտեմբերին կառավարությունում, այնուամենայնիվ, կադրային փոփոխություններ կլինեն... Մի կողմից, Ռուսաստանը, մյուս կողմից, Արեւմուտքը, նախագահ Քոչարյանին դժգոհել են, թե այլեւս չեն ցանկանում գործ ունենալ դրածո վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ»:

Ռամկավարների երեկվա ավանգարդային հայտարարությունը, թե 2003 թվականի նախագահական ընտրություններում իրենց նախընտրած թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու, «Հայկական ժամանակ» թերթը որակել է սովորական շաբլոն: «Բանն այն է, որ ՀՌԱԿ-ը միշտ պաշտպանել է գործող նախագահներին... այնպես որ ՀՌԱԿ-ը ընդամենը իր ավանդական ֆունկցիան է կատարում», - նշում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ հետո մենք հասկացանք, որ մեծ սխալ է տեղի ունեցել, եւ Քոչարյանը երկիրը տանում է դեպի անհանդուրժողականության եւ հակամարտության դաշտ», - «Հայկական ժամանակ»-ում պատմում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Այդ անհանդուրժողականության, Լինչի դատաստանի մթնոլորտը գալիս էր նախագահի նստավայրից, ինչպես նաեւ նրան սատարող որոշ քաղաքական ուժերի կողմից, եւ ահաբեկչության ու վախի այդ մթնոլորտը նրանք կարողացան տեղափոխել հասարակական դաշտ... Ես միշտ ասել եմ՝ ձուկը գլխից է հոտում, եւ մենք գլխից ենք բռնելու: Մեր գլխավոր թիրախը Ռոբերտ Քոչարյանն է, եւ նրա տապալումով կտապալվի նաեւ ողջ այս արատավոր իշխանական համակարգը»:

Ըստ պարոն Բազեյանի, «այսօր շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, նաեւ իրավապահ մարմինների բարձրաստիճան պետական այրեր հոգնել են այս իշխանությունների գործելակերպից, եւ իշխանություններին շատ դժվար է լինելու նրանց հրաման տալ՝ ուժ գործադրել ընդդիմության վրա: Եթե ժողովուրդը միասնաբար տեր կանգնեց իր իշխանությանը, ապա իշխանափոխության գործընթացը մենք բարեհաջող եւ շատ արագ կհասցնենք ավարտին, իսկ եթե տեր չկանգնեց, պետք է իրեն մեղադրի», - եզրափակել է նա:

«Հայոց Աշխարհ» թերթի ներկայացմամբ, «օրերս ՀԿԿ կենտկոմ հրավիրված կուսակցության գյուղական շրջկոմների առաջին քարտուղարները կտրականապես հրաժարվել են մասնակցել հոկտեմբերի 4-ին նախատեսված հանրահավաքին: Պատճառը մեկն է. առաջին անգամ կոմունիստական կուսակցության ղեկավարությունը փորձում է մարզերի կոմունիստներին բողոքի ցույցի հրավիրել առանց ֆինանսական աջակցության՝ հենվելով լոկ իրենց կողմից վերջերս «ակտիվացրած» գաղափարական աշխատանքի արդյունքների վրա»:

«Ֆինանսական ծանր կացությունից դուրս գալու համար Վլադիմիր Դարբինյանը, շարքային կոմունիստներից գաղտնի բանակցություններ է վարում «Հանրապետություն» միավորման ղեկավարների հետ», - ակնարկվում է «Հայոց Աշխարհ»-ում:

Թեեւ կոմկուսի խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, թե իրենք հանրահավաքների շարք են սկսում՝ հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների շեշտադրումով, կոմկուսի մամլո քարտուղարը իրենց վաղվա հանրահավաքը Ռուսաստանի Սպիտակ տան գնդակոծման ութամյա տարեդարձին նվիրված է հռչակել:

«Հայկոմկուսը հերթական անգամ խաղ է տալիս», - մեկնաբանվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Ինչպես չհիշես 2000 թվականի երանելի ժամանակները, երբ կոմկուսը մի քանի տեղից փող էր առել՝ միտինգ անելու եւ չանելու համար: Իրականանում են կանխատեսումները, որ Հայաստանում կոմկուսի միակ ֆունկցիան ընդդիմադիր դաշտում կայացող ամեն բան քանդելն է: ՀԿԿ-ին, թերեւս, հանձնարարություն է տրված հանրահավաքների նոր շարքով հանրության ուշադրությունը ամեն կերպ շեղել իշխանափոխության գաղափարից»:

Հայ-վրացական հարաբերությունների շարունակական լարումը «Հայկական ժամանակ»-ում բացատրվում է նրանով, որ մի կողմից Հայաստանը ստանձնել է ռուսական մահակի դերը, մյուս կողմից՝ մեր իշխանությունների համար էլ լծակ է՝ հանրության ուշադրությունը շեղելու իրենց անհաջողություններից: «Իհարկե, պետք է բացառել տարածքային պահանջի խնդիրը, բայց չպետք է վախենալ Վրաստանի տարածքում հայկական ինքնավարություն ստեղծելու մասին խոսելուց», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, նման խոսակցությունը հնարավոր համարելով «Վրաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ»: Դալլաքյանի ընդգծմամբ եւս, «Ջավաքխում իրավիճակը սրվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմանների վատ լինելու, այլ ավելի հաճախ արտաքին՝ ռուսաստանյան միջամտության արդյունքում»:

«Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կան առանձին ուժեր, որոնք փորձում են լարել Ջավախքում տիրող իրավիճակն ու հայ-վրացական հարաբերություններն ընդհանրապես», - Ջավախքի խնդրով «Սոցիալիստական Հայաստան» միավորման տարածած նամակին է կցում «Առավոտ»-ը, իր հերթին նշելով, որ այդ լարվածությունը բխում է Ռուսաստանի, բայց ո'չ Հայաստանի շահերից:

Ինչու է Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի շուրջ բանավեճի դաշտ փորձում դարձնել Եվրախորհուրդը: Այդ հարցադրման շրջանակում «Երկիր»-ի մեկնաբանն առանձնացրել է. «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի կողմից որդեգրվող իրավական փաստարկները միանգամայն հեռանկարային են եւ Ադրբեջանին հիմնավորապես զրկում են Հայաստանը ներկայացնելու որպես ագրեսոր երկիր: Մարտահրավերը նետված է, եւ այն պետք է ընդունել ու մեծագույն պատասխանատվությամբ հակահարված տալ: Այն, ինչ մեզ համար ակնհայտ է, պարզ ու հստակ, պետք է դառնա նաեւ միջազգային հասարակայնության սեփականությունը»:

«Ժամանակ» թերթի մեկնաբանի հայացքով նույնպես՝ «մեր անեկրբա ճշմարտությունն աշխարհին, այս դեպքում՝ Եվրախորհրդին ներկայացնելու եւս մեկ առիթ Ադրբեջանն ինքն է տալիս, եւ պիտի կարողանանք աշխարհին հասկանալի լեզվով խոսենք այս անգամ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG