Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ներքաղաքական աշնանային թեժացումների դիտանկյունից «սեպտեմբերի վրա հայացք նետելու դեպքում ոչ մի նշանակալի բան չենք հայտնաբերում», - ամփոփել է «Ժամանակ» թերթի մեկնաբանը՝ մասնավորապես նկատելի մի բան չհամարելով նաեւ «Հանրապետություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքը: «Խնդիրը բոլորովին հանրահավաքի մասնակիցների թիվը չէ: Բացակայում է «որակը»՝ բառի ամենալայն իմատով», - ընդգծել է մեկնաբանը: - «Բացարձակ մեծամասնությունը հռետորներին լսում էր անտարբերությամբ, ընդգծված թերահավատությամբ»:

Այնպես որ «հեղափոխական «խաղերը» բավական ժամանակ է ավարտվել են... ցանկանան ընդդիմադիրները, թե ոչ, իրենց նպատակների իրականացման հույսերը պետք է կապեն հերթական ընտրությունների հետ», - ուղղորդում է մեկնաբանը՝ այս առումով առաջարկելով ջանքերը կենտրոնացնել ազատ ու արդար ընտրությունների ապահովման վրա:

Մինչեւ հերթական ընտրություններ սպասելու հակված չեն կարծես եւ կոմունիստները, որոնք իրենց պաշտոնաթերթով այսօր տարածել են հետեւյալ հայտարարությունը. «Ի պաշտպանություն եւ համերաշխություն Ռուսաստանի Դաշնության կոմկուսի եւ ժողովրդա-հայրենասիրական ուժերի նախաձեռնությամբ նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքի հանրապետություններում ընթացող բողոքի հուժկու ցույցերի, հոկտեմբերի 4-ին Երեւանի Թատերական հրապարակում Հայաստանի կոմկուսը հրավիրում է համազգային հանրահավաք «Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում եւ ժողովրդական զանգվածների խնդիրները» կարգախոսով. Լինենք միասին, որ միասնաբար կերտենք հաղթանակը՝ ըմդդեմ ներկայիս հակաժողովրդական իշխանությունների»:

«Միանգամայն բնական է, որ պոպուլիստական ուղղվածության քաղաքական գործիչները փորձում են շահարկել այդ տրամադրությունները՝ ալանի, թալանի, լափելու եւ այլ հայտնի ձեւակերպումներով: Բայց միանգամայն անհասկանալի է, երբ պոպուլիզմով զբաղվում են նախարարները, վարչապետը եւ նախագահը», - հեռախոսային րոպեավճարի շուրջ բորբոքված կրքերի կտրվածքով գնահատում է «Առավոտ»-ի խմբագրականը: «Պատասխանատու կառավարությունը կամ դատի կտար «ԱրմենՏելին» (եթե րոպեավճարը անօրինական է), կամ կասեր՝ «մենք այստեղ գործ չունենք՝ դա մասնավոր բիզնես է, ինչ գին կուզի՝ կդնի» (եթե րոպեավճարը օրինական է): Բայց իշխանությունը գնաց այլ ճանապարհով: Սեպտեմբերի սկզբին մեր կառավարիչները ավելի պոպուլիստ էին, քան Սադոյանը»: Իսկ փաստացի՝ «երկու շաբաթից մենք կստանանք հաշիվներ, որտեղ գրված կլինեն սովորականից մի քանի անգամ մեծ գումարներ»: Տեսնես հիմա ի՞նչ է երգելու պետական պոպուլիզմը, - առկախ է թողնում «Առավոտ»-ը:

«Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Երեւան քաղաքի դատախազությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ դեռ չի դիմել դատարան՝ որեւէ մեկի կալանքի համար սանկցիա ստանալու նպատակով», - արձանագրում է «Երկիր» թերթը: - «Հիմա վկաներ որոնել-գտնելու, նրանց հարցաքննելու եւ առերեսումների փուլն է, եւ խմբագրությանը համառորեն շշուկներ են հասնում, որ Պ.Պողոսյանին դաժան ծեծով սպանողները կան նրանց հետեւում կանգնած զորեղ անձինք, որոնց համար վկաների ինքնությունը պարզելը դժվարություն չի ներկայացնում, արդեն իսկ հանդիպել են նրանցից շատերի հետ եւ ջանադրաբար «բացատրական աշխատանք» տարել... այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է վկաներին անվտանգության երաշխիքներ տալը... Հրապարակայնորեն այդպիսի երաշխիքներ պետք է խոստանա ինքը՝ ՀՀ նախագահը, քանի որ վկաներն այլ պաշտոնյաների խոսքերին կարող են չհավատալ», - շեշտված է «Երկիր»-ում: - «Եվ այդ երաշխիքի հայտարարումը չպետք է ուշանա, քանի հույս կա, որ շահագրգիռ կողմը բոլոր վկաներին հասցրած չի լինի «մշակել»:

«Հայոց Աշխարհ» թերթի ունեցած տեղեկություններով, Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ: Վերջինս, «Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, «Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հանցագործության մեջ մեղադրելու նպատակով ակնհայտ սուտ մատնություն է արել: Ժամանակին առանձնապես խոշոր չափի գումար է խոստացել ՆԳՆ ոմն գործակալի, եւ վերջինս հայտարարություն է տվել, թե իբր «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորներից իմացել է, որ ոճրագործությունը կազմակերպել են հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարը»:

«Հոկտեմբերի 10-19-ը Հայաստանում տեղի ունենալիք մարդահամարը լուրջ սպառնալիքներ է պարունակում իշխանությունների համար», - կրկին անդրադառնում է «Հայկական ժամանակ»-ը, մանրամասնելով, թե շխանությունները խիստ շահագրգիռ են թվերը կեղծելով՝ զգալիորեն ավելի շատ բնակչություն ցույց տալու Հայաստանում, քան կա: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, հատկապես «հանրաքվեներ կամ ընտրություններ անցկացնելիս իշխանությունների համար ցանկալի արդյունքը կարելի է ավելի հեշտ ստանալ, եթե ընտրողների ցուցակներում ավելի շատ մարդ է գրանցված... Բացառված չէ, որ մարդահամարի արդյունքում չպարզվի, թե «որքան ենք մենք», այլ պարզվի, թե որքան ենք ուզում լինել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG