Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հանրապետություն» կուսակցության կազմակերպած երեկվա հանրահավաքը, ինչպես եւ կարելի էր սպասել, մամուլում, ըստ թերթերի դիրքորոշումների, մատուցվում է էապես տարբերվող գնահատականներով: Եվ ինչպես նման դեպքերում է լինում՝ ճշմարտությունը ինչ-որ տեղ դրանց մեջտեղում է: «Գոլոս Արմենիի» թերթի պատումով, «հանրահավաքը մարդաշատ չէր, հավաքվել էր 2-3 հազար, առաջնորդողները հռետորական վարպետությամբ չէին փայլում, հնչածն էլ բազմիցս տրվել է հհշական լրատվամիջոցներում»: «Հայաստանի Հանրապետություն» թերթը խրատում է. «Պետք չէ հանրապետության ու ժողովրդի անվան տակ թունավորել ողջ հասարակական կյանքը՝ հանուն սեփական չբավարարված ամբիցիաների»:

«Հայոց Աշխարն»-ն էլ նշում է 2-3 հազար թիվը, եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթի նման սեւեռում, որ այս ընդդիմության դեմքերը իրենց իշխանավոր կյանքում կարծես չէին տեսնում ժողովրդի հոգսերը, եւ արածներն էլ մի բան չէր: Այստեղ, սակայն, ընդունվում է, օրինակ, նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հռետորական հմտությունը: «Ազգ» թերթի գրանցմամբ, հանրահավաքին մասնակցում էր 3-4 հազար մարդ, եւ ընդհանուր առմամբ՝ սա զուտ հակաքոչարյանական ակցիա էր:

«Առավոտ» թերթի հավաստմամբ, հանրահավաքի էր եկել ավելի քան 12 հազար մարդ, եւ այն գերազանցեց թե' կազմակերպիչների, թե' առավել եւս՝ իշխանությունների սպասելիքները: ««Հանրապետության» նախաձեռնած հանրահավաքն ավելի քան հուսադրող էր առաջին հերթին այն իմաստով, որ, հակառակ գերիշխող կարծիքի, հասարակությունն այնքան էլ պասիվ ու քնած չէ, որքան թվում է իշխանություններին: Իսկ դա արդեն գործի կեսն է», - ամփոփել է «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ի գնահատականով էլ, հանրահավաքը սպասվածից ակնհայտորեն ավելի հաջողված էր, եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը ծավալուն մեկնարկ ունեցավ:

«Քրիստոնեության 1700-ամյակի հիմնական տոնակատարություններն ավարտվեցին. ով գալու էր՝ եկավ, նույնիսկ Հռոմի պապը», - Հայաստանի տուրիստական հաշվեկշռին է անցնում «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, համադրելով 150 հազար ենթադրական զբոսաշրջիկից սպասված 150 միլիոն դոլարի կանխավարկածը եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի ներկայիս վատ տրամադրությունը՝ «բյուջեի մի ծակ փակում ենք, մյուսն է բացվում» վիճակի արձանագրությամբ: «Հիմա արդեն իշխանական լրատվամիջոցները շատ նրբորեն կաթեցնում են, որ տուրիստների շռնդալից հոսքին խանգարեց սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունը», - խայթում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթը «Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը հարվածեց նաեւ Հայաստանին» վերնագրի տակ այսօր բերում է նույն Վարդան Խաչատրյանի հետեւյալ խոսքը. «Լուրջ ակնկալիքներ ունեինք, որ Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից զբոսաշրջիկների հոսքերի մեծացման շնորհիվ կաճի համախառն ներքին արդյունքը: Սակայն սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո այդ հոսքերը խիստ կրճատվեցին: Իսկ սպասելիքները շատ մեծ էին հատկապես վերջին ամիսներին»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, հենվելով զուտ պաշտոնապես հրապարակված թվերի վրա, հանգել է մի սարսափազդու եզրակացության: Պարզվում է, վերջին երեք տարվա ընթացքում մեր էներգետիկ համակարգից անհետ կորել է մոտ 400 միլիոն դոլար: Այսինքն, Հայաստանի Հանրապետության մեկ տարվա պետբյուջեի չափ ինչ-որ գումար: «Բայց դատախազությունը մեր այս եւ այս կարգի հրապարակումների նկատմամբ ակնհայտ անտարբեր է, երեւի, ավելի կարեւոր գործեր ունեն, ասենք՝ հանրահավաքում հնչած ինչ-որ նախադասություններ են քննում», - նշվում է խմբագրականում:

Ինչ վերաբերում է՝ «որտե՞ղ է այդ գումարը» հարցին, թղթակիցը գրում է. «Եթե վերջին երեք տարիների ընթացքում էներգետիկայի նախարար, փոխնախարար, վարչության պետ, ցանցի տնօրեն, տեղակալ աշխատած բոլոր մարդկանց թիվը գումարենք իրար ու ենթադրենք, որ հենց նրանք են կերել այդ 400 միլիոն դոլարը, ապա պետք է պնդենք, որ նրանցից յուրաքանչյուրն այսօր իր տանը մի 15-20 միլիոն դոլար է պահում»: Դա, սակայն, իհարկե, անհեթեթ է: «Հայկական ժամանակ»-ի ընդգծմամբ, բուն «խնդիրն այն է, որ ոչ մի պաշտոնյա առանց լուրջ «դաբրոյի» նման փողեր անհետացնելու համարձակություն չի ունենա: Եվ ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ փող անհետացնողները որպես կանոն ընդամենը տոկոսներ են ստանում:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG