Մատչելիության հղումներ

Մտավորականները ստորագրահավաք են նախաձեռնում «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ


Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Հրանուշ Խառատյանի եւ Ազգային Ժողովի մշակույթի, գիտության, կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի նախաձեռնությամբ «Առագաստ» սրճարանում սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան տեղի ունեցածի առիթով ստորագրահավաք է սկսվել մի փաստաթղթի տակ, որը վերնագրված է «Ահազանգ»:

Այդ ահազանգ-հայտարարության հեղինակները վստահեցնում են, թե անհանդուրժելի թողտվության մթնոլորտի բացահայտ այս դրսեւորումը հասարակությանը կմղի իր բարոյական դեմքը գտնելուն եւ արժեքները վերականգնելուն ուղղված քայլերի:

Հայտարարությունն հասցեագրված է նաեւ դեպքի ականատեսներին, որոնց՝ դեպքի պահին չմիջամտելն ու հետո՝ լռությունը «առավել խտացնում է երկրում ստեղծված վախի ու տագնապի մթնոլորտը»:

«Լուրեր են պտտվում, որ սպանությունն իրականացրել են նախագահի պաշտպանության խմբի մարդիկ: Եթե նույնիսկ այդպես է, ո՞րն է խնդիրը: Նախագահը հայտարարե՞լ է, որ նրանք անձեռնմխելի են, ինչու՞ ականատեսներն իրենք որոշեցին նրանց անձեռնմխելիությունը: Արդյո՞ք սա հենց այն առիթը չէ, երբ նախագահը պիտի բացահայտորեն ցույց տա իր սահմանադրական պարտավորությունը որպես քաղաքացիների կյանքի սահմանադրական երաշխավոր... Վաղը մենք բոլորս վտանգի տակ ենք, իսկ այսօր իրենց վտանգի տակ են զգում բոլոր ականատեսները», - ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությանը միանալու առաջարկ է արվելու մտավորականությանը, այդ թվում՝ Ազգային Ժողովի պատգամավորներին: Շավարշ Քոչարյանի խոսքերով, մտավորականությունը մոռացել է հասարակության խիղճը լինելու իր դերը: «Մտավորականությունը իշխանությունների կողմից անընդհատ ծառայեցվում է մեկ նպատակի համար՝ որպես իր համար հենարան, սատարող: Կամ, ինչպես որոշ մտավորականներ հայտարարում են, որ մտավորականը պետք է միջնորդ լինի իշխանության եւ ժողովրդի միջեւ... Էս ի՞նչ նորություն էր», - զարմանում-վրդովվում է Շավարշ Քոչարյանը:

Մինչդեռ, Գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնի պետ Գուրգեն Ամբարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք քննչական որեւէ գործողություն կատարվել է կամ խափանման որեւէ միջոց կիրառվել է նախագահի թիկնազորի այն անդամի կամ անդամների հանդեպ, որոնց անունները մամուլի հրապարակումներում առնչվում են «Առագաստ»-ում տեղի ունեցածին, պատասխանեց, որ ինքը նախաքննության ընթացքում քննիչներին նման հարցեր ուղղելու իրավասություն չունի:

Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան «Առագաստ» սրճարանում ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել դեռեւս չպարզված հանգամանքներում: Լրատվամիջոցներում միջադեպը կապվում է ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներից ոմանց հետ, որոնց ծառայությունը նախագահ Քոչարյանը դադարեցրել է մինչեւ ընթացող նախաքննության ավարտը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG