Մատչելիության հղումներ

Աշխարհի եկեղեցիների առաջնորդները նշում են Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը





Շաբաթ առավոտյան Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի հիմնական հոգեւոր տոնակատարություններին եւ հանդիսություններին մասնակցելու համար Հայաստան ժամանած քույր եկեղեցիների հոգեւոր պետերի եւ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ էկումենիկ արարողություն: Իսկ Վեհարանում բարի գալստյան արարողությունից հետո կատարվեց օրվա գլխավոր իրադարձությունը՝ Մյուռոնօրհնությունը:

Հայաստանում են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Երուսաղեմի եւ Պոլսո հայ պատրիարքներ Թորգոմ եւ Մեսրոպ արքեպիկոպոսները, բազմաթիվ թեմերի առաջնորդներ, հայ կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, Մխիթարյան միաբանության հայրեր:

Քրիստոնեական քույր եկեղեցիների հոգեւոր առաջնորդներից Հայաստան են ժամանել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդը, Ռումին ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոքրիստ Առաջինը, Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի հույն ուղղափառ պատրիարք Պետրոս Յոթերորդը, Հնդիկ Մալապար եկեղեցու պետ, Արեւելքի կաթողիկոս Բասելիոս Մարթոման, Անգլիկան եկեղեցու Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջորջ Քերրին, Միացյալ Նահանգների եպիսկոպոսական եկեղեցու պետ Քենոն Ջոն Բաքուսը, պատվիրակություններ ղպտի, ասորի դավանակից քույր եկեղեցիներից, ներկայացուցիչներ Դանիայի լյութերական, Գերմանիայի ավետարանական եկեղեցիներից:

«Տակավին աշխարհի շատ կողմերում սրերից խոփեր չեն ձուլվել, եւ չի դադարել հրանոթների որոտը: Մարդկության կյանքում գիտական եւ տեխնիկական առաջընթացի հետ միասին, գլորվող ձյան գնդի նման առատանում են ու մեծանում են հրատապ լուծումներ պահանջող հիմնախնդիրները: Եվ եկեղեցիներս կանգնած ենք դրանց համարժեք պատասխաններ գտնելու անհրաժեշտության առջեւ», - Վեհարանում բարի գալստյան արարողության ժամանակ հյուրերին դիմեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ողջույնի խոսքերով հանդես եկան գրեթե բոլոր հյուրերը: Միացյալ Նահանգների եպիսկոպոսական եկեղեցու պետ Քենոն Ջոն Բաքուսը, մասնավորապես, ասաց. - «Ես ողջուններ եմ բերել ծխացող եւ սգացող Նյու Յորքից»:

Հանդիսությունների ավարտին Հայաստանում գտնվող բոլոր հոգեւոր պետերը կընդունեն ահաբեկչությունը դատապարտող հայտարարություն:

Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթով մյուռոնն օրհնվում է բացառապես կաթողիկոսի կողմից 5-7 տարին մեկ անգամ կամ կարեւորագույն իրադարձությունների առիթով: Այսօր օրհնվող մյուռոնը հատկանշական է ոչ միայն նրանով, որ օրհնվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով, այլեւ՝ այն երրորդ հազարամյակի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնելիք առաջին մյուռոնն է:


Աննա Կարապետյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG