Մատչելիության հղումներ

Սկսվեցին 1700-ամյակի հիմնական տոնակատարությունները


Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում հինգշաբթի ուշ երեկոյան «Երգի եւ հավատքի տոն» խորագրով 1700 մանուկների եւ պատանիների համերգով սկսվեցին հիմնական քառօրյա տոնակատարությունները, որոնց մասնակցելու համար, ի թիվս բազմաթիվ այլ հյուրերի, Հայաստան են ժամանել նաեւ Հայ առաքելական եկեղեցու 25 քույր եկեղեցիների հոգեւոր պետեր եւ ներկայացուցիչներ:

Բարձրաստիճան հոգեւոր այրերի այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հյուրերին հանրապետության նախագահին ներկայացրել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, նշելով, որ տոնական միջոցառումներին քույր եկեղեցիների հոգեւոր պետերի ներկայությունը եւս մեկ անգամ փաստում է մեր պետությունների ու ժողովրդների բարեկամությունը:

Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախության տասնամյակը եւ քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակը համընկել են: «Սրանք մեր ժողովրդի համար կարեւոր իրադարձություններ են: Մեր պետականությունը, բարոյական արժեքները հիմնված են քիրստոնեական համամարդկային արժեքների վրա, եւ եկեղեցու հետ կապն ունի շատ երկար՝ 1700-ամյա պատմություն», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Այսօր ավելի վաղ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Հայաստան ժամանած քույր եկեղեցիների հոգեւոր առաջնորդները ուխտագնացություն կատարեցին դեպի Խոր Վիրապ, ուր Վեհափառ հայրապետը եւս մեկ անգամ աղոթեց սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության զոհերի համար:

Այնուհետեւ ուխտավորները մեկնեցին Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, ուր տարբեր լեզուներով աղոթեցին հայոց ցեղասպանության զոհերի հոգու հանգստության ու հիշատակի համար:

Գարեգին Բ կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք ճանաչել ու դատապարտել են ցեղասպանությունը:

«Վստահ ենք, որ առաջիկա տարիներին ողջ հանրությունը իր արդար դատապարտության ձայնը կմիացնի այդ պետություններին ու ժողովուրդներին», - ասաց Վեհափառ հայրապետը:

Շաբաթ օրը Էջմիածնի Մայր տաճարում տեղի կունենա համատեղ արարողություն, ուխտավորաց պատարագ եւ Մյուռոնի օրհնույթուն:


Աննա Կարապետյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG