Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը կշարունակի իր ծրագրերը Հայաստանում


«Մենք նեղված չենք, աշխատանքները շարունակում են ընթանալ: Տարեկան ժողովները հետաձգել ենք, ընդամենը հաշվի առնելով այն իրավիճակը, որ առաջացել է տեռորիստական ակտերի հետեւանքով: Մենք վախեցած չենք, պարտված չենք, ոչ ոք ետ չի գնում, աշխատանքը շարունակվում է, եւ այն ուշադրությունը, որ մենք նվիրել ենք բոլոր ուղղություններին Հայաստանում, այդ մակարդակի վրա էլ մնալու է»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյզ Սաադաթը։

Օույզ Սաադաթը տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերին Վաշինգտոնում ծրագրված հանդիպումը որոշվել է անցկացնել Երեւանում: Այդ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի կառավարության առաջարկած նոր ծրագրերի փաթեթը:

Եթե Համաշխարհային բանկի նպատակային ծրագրերի հետ կապված խնդիրներ չկան, ապա նույնը չի կարելի ասել բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի (ՍԱՔ-4) երկրորդ մասնաբաժնի հատկացման մասին։

50 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վարկի 15 միլիոն դոլարը պետք է մինչեւ սեպտեմբերի կեսը փոխանցվեր Հայաստանի կառավարությանը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ հատկացումը տեղի կունենա նոյեմբերին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, առարկություններ ունի Արժույթի միջազգային հիմնադրամը։

Ինչպես այսօր ասաց Օուեյզ Սաադաթը, իրենք սպասում են Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներին:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG