Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթում ներկայացվող վերլուծության համաձայն, աֆղանական առաջիկա պատերազմը հազիվ թե արմատախիլ անի ահաբեկչությունը: Դա պարզապես կնպաստի ռազմաարդյունաբերական ֆիրմաների հետագա հարստացմանը: «Ահաբեկչության պատրվակով Աֆղանստանում իր շահերն առաջ մղելով, ԱՄՆ-ը ոչ միայն ահաբեկչական նոր գործողությունների նախադրյալներ է ստեղծում, այլեւ ահաբեկչության սպառնալիքի առջեւ է կանգնեցնում այն բոլոր երկրներին, որոնց հետ նա սերտորեն դաշնակցում է», - գրում է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ» թերթն էլ առանձնացնում է, թե «սեպտեմբերի 11-ը պատմական շանս է ԱՄՆ-ի համար՝ Աֆղանստանի հարցերը մեկընդմիշտ լուծելու եւ այս երկրում մշտական ռազմական ներկայություն ապահովելու», եւ ընդհանրապես՝ Կենտրոնական Ասիայում մեկընդմիշտ ամրանալու:

Ահաբեկչության աշխարհաքաղաքական հաշվեկշիռներից «Ժամանակ» թերթը վերադարձնում է Հայաստան՝ նշելով. «Հայաստանը նույնպես անցած տասը տարիներին շատ է տուժել ահաբեկչական գործողություններից: Հատկապես հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը որոշ առումով կարելի է համարել աննախադեպ ոչ միայն մեր իրականության, այլեւ համաշխարհային պրակտիկայի մեջ: Այնպես որ, անկախ զոհերի քանակից եւ ավերածությունների չափից, մենք ամերիկացիներից ոչ պակաս մտորելու եւ դասեր քաղելու կարիք ունենք... հոկտեմբերի 27-ի դեպքում գործ ունենք բացառապես քաղաքական ահաբեկչության հետ, եւ առավել մտահոգիչն այն է, որ արտաքին ուժերի միջամտության վարկածը, ճիշտ է, դեռեւս ապացուցված չէ, բայց ժխտված էլ չէ», - ընդգծում է «Ժամանակ»-ի մեկնաբանը, ուրվագծելով միանգամից մի քանի ուղղություններով անելիքների համալիր ծրագիր: Այն ենթադրում է պետական անվտանգության համակարգի վերակառուցում եւ կատարելագործում, հակակոռուպցիոն արմատական քայլեր, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում, սոցիալական բեւեռացման մեղմացում: «Գործազրկության նվազեցման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերը հաջողությամբ պսակվելու դեպքում քաղաքական եւ տնտեսական անկայունության վտանգը կվերանա, եւ քաղաքական արկածախնդիրներին չի հաջողվի ժողովրդին դրդել ծայրահեղ քայլերի՝ ժողովրդական բունտից սկսած, ահաբեկչական գործողություններով վերջացրած», - բացում է մեկնաբանը:

Եթե «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում ակնարկվում է, թե մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով կալանված Ազատ Արշակյանը նախկին քաղբանտարկյալից դառնում է ներկա քաղբանտարկյալ, ապա «Երկիր»-ի ուղղորդմամբ, հայտնաբերվել է եւս մեկ հհշամերձ զինաորջ, իշխանափոխության կոչերով հանդես եկողների եւս մեկ ռազմաբազա:

Փոխանցելով, որ ձերբակալվել են բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության պետ Վարդան Կարագյոզյանը եւ հիշյալ վարչության ենթակայության տակ գտնվող «Կոլչեդան» պետական ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Սամվել Մկրչտյանը, «Հայոց Աշխարհ» թերթը շաղկապում է՝ նրանց «գործունեությամբ ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հետաքրքրվել են, հիմնվելով վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի վրա», որն էլ «Հայոց Աշխարհ»-ը օրերս ներկայացրել էր «Ո՞ւմ էր խանգարում Գագիկ Պողոսյանը» հրապարակմամբ: Ստուգումները շարունակվում են նաեւ այլ ոլորտներում, եւ ամբողջական քննությունից հետո պարզ կդառնա, թե «հատկապես ո՞ր ոլորտի, ո՞ր չարաշահման հնարավոր բացահայտումը թույլ չտալու համար հանցագործները նռնակ պայթեցրին Գագիկ Պողոսյանի տան դռան առջեւ», - հուսով է «Հայոց Աշխարհ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթը հաղորդում է, որ «այսօր արդեն Քոչարյանի պաշտոնանկության հիմնավորման մի քանի էջանոց փաստաթուղթը ՀԺԿ-ն, «Հանրապետություն» կուսակցությունն ու «Ազգային միաբանությունը» կբաժանեն իրենց տարածքային բոլոր կազմակերպություններին, նրանք էլ ժողովրդի հետ պարբերական հանդիպումների միջոցով կփորձեն հասնել նրան, որ ժողովուրդը իրենց պատգամավորներին ստիպի ստորագրել Քոչարյանի պաշտոնանկության հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ»: Բերված է եւ իրավաբան Վլադիմիր Նազարյանի պնդումը, թե «երեք կուսակցությունների կազմած փաստաթղթում իրավաբանորեն հստակ հիմնավորված է նախագահ Քոչարյանի կողմից թե՛ պետության նկատմամբ կատարած հանցագործության, թե՛ այլ ծանր հանցագործության փաստերը»:

Կետերից մեկը, մասնավորապես, «Քոչարյանի կողմից կեղծ փաստաթղթի ստացումն է առ այն, որ վերջին 10 տարում նա մշտապես բնակվել է Հայաստանում. «Որպես ՀՀ վարչապետ՝ չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ իր ստորադասից պահանջելով ու ստանալով նման անօրինական փաստաթուղթ՝ նա կատարել է կեղծիք: Հարց է ծագում՝ ո՞րն է եղել կեղծիք կատարելու նպատակը՝ իշխանության զավթումը, իսկ իշխանության ցանկացած զավթում պետական հանցագործություն է», - ասում է Վլադիմիր Նազարյանը:

Ըստ Սախարովի անվան Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար. իրավապաշտպան Լեւոն Ներսիսյանի, «չի կարելի ասել, թե Հայաստանի բնակչություն քաղաքական իրավունքներն այսօր ոտնահարված են, ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ինչ-որ սահմանափակումներ են կիրառվում կամ ինչ-ինչ հետապնդումներ իրականացվում: Այսինքն, այն ամենը, ինչին ականատես էինք նախկինում», - համեմատում է նա «Հայոց Աշխարհ» թերթում: Իրավապաշտպանի հայացքով, «Հայաստանում տեղի է ունենում խմբակային շահերի բախում, պայքար՝ իշխանության համար... բայց կողմերից եւ ոչ մեկը սեղանին չի դնում հստակ քաղաքական հայեցակարգ. ազգային անվտանգությանն առնչվող որեւէ լուրջ փաստաթուղթ, որ կարող էր լուրջ ընդդիմություն ստեղծել»: Իսկ հիշյալ խմբակային պայքարի շրջանակում քաղաքական իրավունքների լուրջ խախտումների դեպքեր առ այսօր պարոն Ներսիսյանը չի տեսնում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG