Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ըստ արժանվույն է գնահատում հայ մշակույթի քրիստոնեական արմատները


Վատիկան («Ասոշիեյթեդ Փրես»). - Նախկին խորհրդային հանրապետություններ իր այցից առաջ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը շաբաթ օրը ըստ արժանվույն է գնահատել Հայաստանի պատմության եւ մշակույթի քրիստոնեական արմատները:

Հովհաննես Պողոս պապն ասաց, որ «հաճույքով» է նախապատրաստվում սեպտեմբերի 22-27-ը Հայաստան եւ Ղազախստան կատարելիք այցելություններին, ավելացնելով, թե հուսով է, որ դրանք կբարելավեն կապերը Ուղղափառ եկեղեցու հետ:

Հայրապետը Հայաստանի պատմության մասին խոսել է Սուրբ Աթոռում այդ երկրի նորանշանակ դեսպան Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս շաբաթ օրը իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապին:

«Ձեր երկիրը երկար պատմություն ունի՝ երկար քրիստոնեական պատմություն», - դեսպանին ասել է Հովհաննես Պողոս պապը: - «Հայաստանի պատմության մեջ շատ են տառապանքները, որոնց պատճառը, հիմնականում,աշխարհագրական դիրքն է մեծ տերությունների միջեւ...սակայն Հայաստանի մշակութային եւ կրոնական ինքնությունը միշտ գոյատեւել է»:

Հայրապետն անդրադարձել է 1915 թվականին Թուրքիայում հայերի սպանդին, ասելով, որ Հայաստանը իր անկախությունը ձեռք է բերել «անցյալ դարասկզբին մեծագույն աղետ վերապրելուց հետո, որի գագաթնակետը հանդիսացան 1915 թվականի ողբերգական իրադարձությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG