Մատչելիության հղումներ

Հայաստանյան բանկերը պատրաստվում են եվրոյի մուտքին


Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի կարծիքով, դոլարի համարժեքը փոփոխություններ չի կրի: Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվելիք տնտեսության ոլորտում ռազմավարական համագործակցության համաձայնագիրը նախատեսում է առաջիկա տասը տարիներին այդ երկրի հետ Հայաստանի տնտեսական առնչությունների ներդաշնակեցում:

Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ կապված, երեկ մի քանի ժամով ամերիկյան դոլարը արժեզրկվեց՝ 550-555 դրամից իջնելով 530-540 դրամի: Օրվա վերջին, սակայն, ամեն բան վերադարձավ իր հունի մեջ, քանի որ ահաբեկչական հարձակման հետեւանքով միջազգային արժութային շուկաներում առաջացած խուճապը արագորեն մարեց. բարձրացան միայն նավթի եւ ոսկու գները։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. «Ես չեմ կարծում, որ մակրոտնտեսական առումով էական փոփոխություններ աշխարհում տեղի կունենան, որ կարողանան ազդել եվրոյի եւ դոլարի համարժեքի վրա՝ չհաշված այն օրինաչափությունները, որոնք դրսեւովում էին տարվա ընթացքում»:

Տիգրան Սարգսյանն ասաց նաեւ, որ եվրոյի ուժեղացումը ավելի ակնհայտ կդառնա հաջորդ տարվա հունվարից՝ նրա կանխիկ դրամանիշի շրջանառության մեջ դրվելուց հետո։ Այս պայմաններում մեզ համար եվրոն կարող է դառնալ այլընտրանքային արժույթ. «Դա նշանակում է, որ Հայաստանում նույնպես արդեն եվրոն կդառնա նախընտրելի արտարժույթ: Մեր առեւտրային բանկերը նույնպես պատրաստվում են արդեն նման ծառայություններ ազգաբնակչությանը մատուցել»:

Տիգրան Սարգսյանն ասաց նաեւ, որ Հայաստանի արտաքին պահուստների շուրջ 20 տոկոսը պահում է Եվրոպական արժույթով. «Մեր արտաքին ակտիվները բավականին դիվերսիֆիկացված են: Հաշվի է առնված նաեւ եվրոյի հանգամանքը, որը լրիվ բավարար է, որպեսզի մենք ապահովենք մեր երկրի նորմալ ֆինանսական սպասարկումը: Որեւիցե պրոբլեմ վճարումների հետ, արտաքին պարտքի սպասարկման հետ կապված մենք չենք ունենա»:

Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում պետք է լուծվի Ռուսաստանին Հայաստանի ունեցած 114 միլիոն դոլար պարտքի մարման խնդիրը:
Ռուսաստանյան պարտքի դիմաց տրվելիք Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին, Հրազդանի ՊՇԷԿ-ին, «Մարս» գործարանին եւ Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին ավելացել է եւս մեկ խոշոր ձեռնարկություն՝ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը։ Հստակ չէ, սակայն, Ռուսաստանը ցանկանում է այն ստանալ ամբողջությա՞մբ, թե միայն բաժնետոմսերի որոշակի քանակությունը. Մեծամորի ատոմակայանի վերագործարկման համար տրված վարկի դիմաց իբրեւ գրավ Ռուսաստանին արդեն փոխանցվել է «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 24 տոկոսը։

Ըստ որոշ պաշտոնական աղբյուրների, ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն է նաեւ Մեծամորի ատոմակայանը, թեեւ առայժմ մեր օրենսդրությունը բացառում է ՀԱԷԿ-ի մասնավորեցման կամ նրա հիմքի վրա համատեղ ձեռնարկության ստեղծման տարբերակը։ Մինչդեռ նախագահի մամլո գրասենյակի այսօր տարածած տեղեկանքում ռուս-հայկական համատեղ ձեռնարկությունների շարքում նշված նաեւ ՀԱԷԿը, թեեւ, վերջինիս բաժնետոմսերի որոշ մասը սոսկ գրավ է տրված ռուսաստանյան կողմին։

Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում ստորագրվելիք Ռուսաստանի հետ տնտեսության ոլորտում ռազմավարական համագործակցության համաձայնագիրը նախատեսում է առաջիկա տասը տարիներին այդ երկրի հետ Հայաստանի տնտեսական առնչությունների ներդաշնակեցում: Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանի խոսքերով, «ուզենք թե չուզենք, մեր տնտեսական կապերը պետք է շատ ամրացնենք Ռուսաստանի հետ: Ստորագրվելիք փաստաթուղթը նպաստում է դրան»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG