Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երբ ԱՄՆ-ի նման գերտերությանը նետվում է այնպիսի հանդուգն մարտահրավեր, որպիսին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն էր, կարելի է սպասել ամեն ինչի», - շեշտում է «Առավոտ»-ը: - «Ընդհուպ՝ համաշխարհային երրորդ պատերազմի բռնկմանը եւ ատոմային զենքի գործադրմանը»: Այսօր ողջ աշխարհի ապագան կախված է նրանից, թե ինչ պատասխան քայլեր կձեռնարկի նախագահ Բուշը: Եթե իրենք էլ «պատժիչ գործողություններ իրականացնեն տեռորին աջակցելու մեջ կասկածվող պետությունների հանդեպ, այդժամ պրոցեսները կդառնան անդառնալի», - կարծում է «Առավոտ»-ը, լավագույնը համարելով, որ «սարսափ ապրած ամերիկացիները իրենց մեջ ուժ գտնեն եւ հրաժարվեն վրեժխնդրությունից, համախմբվեն ողջ քաղաքակիրթ, ֆանատիկների հանդեպ այսքան անպաշտպան մարդկությանն ու միասին պայքարեն միջազգային տեռորիզմի դեմ»: «Մենք էլ չենք կարող հանգստացնել մեզ այն մտքով, թե մենք շատ հեռու ենք, եւ դա մեզ չի վերաբերում: Վերաբերում է եւ այն էլ ինչպես», - ընդգծել է «Առավոտ»-ը:

«Համաշխարհային ահաբեկչության դեմ հնարավոր է պայքարել միմիայն համատեղ ուժերով: Բայց դա էլ որեւէ արդյունքի չի հանգեցնի, եթե ահաբեկչության հանդեպ որեւէ երկիր փորձի կիրառել երկակի ստանդարտներ, եթե փորձի ահաբեկչության դեմ պայքարն օգտագործել իր աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների իրականացման համար», - առանձնացնում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Յուրային» կամ «ձեռնտու» ահաբեկչություն չի լինում... Նույնչափ դատապարտելի է նաեւ այն քաղաքականությունը, որն իր հանդեպ առաջ է բերում նմանօրինակ հակադարձ»:

Ինչպես «Հայոց Աշխարհ»-ում, այնպես էլ «Հայկական ժամանակ»-ում շեշտադրվում է ահաբեկչությունը ծնող երեւույթների վերացման առաջնայնությունը: «Պայքարի նոր փուլը անցնելու է նաեւ ահաբեկչություն ծնող պատճառներին՝ ազգայնականություն, անջատողականություն, ազգամիջյան թշնամանք, որոնց դեմ պայքարի համար, թերեւս, կընտրվեն պայքարի քաղաքական եղանակներ» , - նշում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Այս իրավիճակը վերստին կարող է աշխատել ի վնաս Հայաստանի, որտեղ հանուն ազգի փրկության ահաբեկչությունը արդարացվում է... ԼՂՀ-ն որպես ահաբեկչության կենտրոն ներկայացնելու՝ Ադրբեջանի ջանքերն էլ, թերեւս, ապարդյուն չեն անցնի»:

Մամուլում տարածվել է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը: «ԵԽ ԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի Երեւանում արած մի քանի հայտարարություններ հարուցեցին երկրապահներիս տարակուսանքն ու զարմանքը», - վերլուծում է գեներալը: - «Դրանք մասնավորապես առնչվում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ազատագրված տարածքների հանձնմանն ու ՀՀ-ում մահապատժի կիրառումն արգելելուն»: «Առավոտ»-ը սրան կցել է. «Ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանի տեղակալի մոտ անսպասելիորեն բացվել է գրական ձիրքը եւ աշխարհաքաղաքական վերլուծություններ անելու տաղանդը: «Առավոտ»-ը անհամբերությամբ սպասելու է գեներալ Մանվելի մեկնաբանություններին՝ արաբ-իսրայելական կոնֆլիկտի, «եվրոյի» ներդրման հեռանկարների եւ Ուոլ Սթրիթի անգործության հնարավոր հետեւանքների վերաբերյալ»:

Որպես համաշխարհային ֆինանսական թոհուբոհի արձագանք երեկ Երեւանում դոլարի գինը երկու ժամով ընկել էր, բայց ինչպես այսօր էլ «Ազգ» թերթում է հանգստացվում՝ «Հայաստանի ֆինանսական շուկան ազդեցության դաշտից դուրս է», ուրիշ բան, որ ցնցումները միջազգային շուկայում շարունակական բնույթ կրեն:

«Հայոց Աշխարհ»-ը վերահաստատում է նախորդ համարում արդեն իսկ արտահայտած համոզմունքը, որ վարչապետի խորհրդական եւ վերահսկողության ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի սպանությունն ուղղակիորեն շաղկապված է նրա պաշտոնական գործունեության հետ: Զոհվելուց մի քանի օր առաջ Գագիկ Պողոսյանը «Հայոց Աշխարհ»-ին տրամադրել է իր ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված բնապահպանության նախարարությունում մեծածավալ օրինախախտումներին: Թերթի մի քանի էջում փաստերի շարադրանք է՝ հետեւյալ ամփոփմամբ. «Բնապահպանության նախկին նախարար Մ. Մուրադյանը ձեռնարկությունների ֆինանսական ծանր վիճակը բարելավելու պատրվակով, չարաշահելով պաշտոնական դիրքը, ծրագրավորված եւ նպատակային քաղաքականություն է իրականացրել երկրաբանության ոլորտի ձեռնարկությունների ունեցվածքը փոշիացնելու, դրանք մի քանի ուղղություններով մասնավոր ոլորտներում կենտրոնացնելու»:

«Ում էր խանգարում Գագիկ Պողոսյանը» խորագրով «Հայոց Աշխարհ»-ը պարբերաբար մատուցելու է նաեւ այլ ոլորտներում բացահայտված չարաշահումների պատկերը, իսկ թերթի խմբագիրը այսօր նաեւ տալիս է հետեւյալ համապատկերը. «Վերջին ժամանակներս մաֆիայի դեմ պայքարի ասպարեզում կարծես թե բեկում էր գծագրվում: Փորձ էր արվում վերջապես բացահայտել մեծ աղմուկ հանած հանցագործությունները, պարզել, թե ով է իրականում կանգնած այդ ամենի հետեւում: Մաֆիան անմիջապես զգաց մահացու վտանգը եւ առանց վարանելու հասցրեց պատասխան հարվածը... Այս սպանությունը հասարակությանն ստիպեց մտահոգվել մի կարեւորագույն եւ ցավալի խնդրի մասին՝ եթե այդչափ դյուրին է սպանել բարձրաստիճան պաշտոնյայի, ապա որքանո՞վ է պաշտպանված մեզանից՝ հասարակ քաղաքացիներիցս յուրաքանչյուրը: Տպավորություն է ստեղծվում, որ մենք բոլորս խոնարհ եւ անտրտունջ կանգնած ենք հերթում»:

«Գագիկ Պողոսյանի սպանությունը ահազանգ էր պետության համար: Պետք է վերջապես սկսել լայնածավալ եւ արդյունավետ պայքարը կազմակերպված հանցագործության դեմ», - շեշտում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - «Երկրում կատարված նման հանցագործությունների ճնշող մեծամասնության հետեւում անձանց մի նեղ շրջանակ է կանգնած: Անհրաժեշտ է վերջապես վճռականորեն զբաղվել այդ շրջանակով»:

Ուշագրավ երանգներ կան վարչապետ Մարգարյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խորհրդի հայտարարության մեջ, որ այսօր հրապարակված է «Ժամանակ» թերթում: Կուսակցությունը, ինչպես նշված է, խորապես ցնցված Գագիկ Պողոսյանի սպանությունից, «պահանջում է անհապաղ մերկացնել հանցագործներին՝ խորհելով, որ հակառակ դեպքում այս սպանությունը կարող է նախադեպ դառնալ նոր հաջորդականությամբ սպանությունների: Հայաստանը նման մի փորձություն անցել է ոչ հեռու անցյալում՝ սկսած ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի սպանությունից մինչեւ ողբերգական հոկտեմբերի 27-ը», - ակնարկվում է հայտարարությունում:

«Յուրաքանչյուրը, ով ցանկանում է օգտվել իր սահմանադրական իրավունքից, միաժամանակ պարտավոր է շարժվել խաղի հաստատված կանոններով, որոնք որ իշխանությունները մինչեւ այդ հաստատել են», - երեկ լրագրողներին ասել էր վարչապետ Մարգարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 7-ի հանրահավաք-ցույցին ու դրա շուրջ զարգացումներին: «Վարչապետի խոսքերից էլ պետք է ենթադրել, որ իրավապահների ու ցուցարարների հարաբերությունները պետք է խարսխված լինեն ինչ-որ խաղի կանոնների վրա, որոնք հաստատում են իշխանությունները», - խտացնում է «Հայկական ժամանակ»-ը, վրդովմունքի մի մեծ չափաբաժին էլ ուղղելով ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանին. - «Այսօր ՆԳ համակարգը մյուս իրավապահ համակարգերի նման վարից մինչեւ վեր կոռումպացված է, ու այսքանից հետո այս համակարգի գլխին կանգնածը փորձում է մարդկանց տարանջատել ըստ որակական չափանիշի... ՆԳ նախարարը իր եւ իր ղեկավարած գերատեսչության համար արդեն որոշել է, թե ով է ժողովուրդ, ով՝ ոչ: Այդքանից հետո պե՞տք է զարմանալ արդյոք, որ մեր ոստիկանությունը պատուհաս է դարձել երկրի գլխին, երբ յուրաքանչյուր քաղաքացու հետ այնպես են խոսում, կարծես քաղաքացու գոյության միակ իմաստը ոստիկանությանը ենթարկվելն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG