Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան մամուլում էլ աննախադեպ ցնցում է որակված երեկվա ահաբեկչությունը Միացյալ Նահանգներում, եւ ինչպես մասնավորապես «Ազգ» թերթում է շարադրված, արվում են հետեւյալ ընդգծումները. «Մեծ է լինելու ահաբեկչությունների այս շղթայի ազդեցությունն աշխարհի քաղաքական, ռազմական, տնտեսական, հոգեբանական եւ ընդհանրապես միջազգային թե մարդկային փոխհարաբերությունների վրա: Վստահաբար, այսօրվանից սկսած, սկիզբ է դրվելու ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի, եւ բազմաթիվ հարցեր, միջազգային, տարածաշրջանային թե տեղական բնույթի, կարիք են զգալու նոր մոտեցումների, բոլորովին նոր լուծումների»:

Երեկ Հայաստանում «հերթական ահաբեկչությունը, մարդկային հերթական ողբերգությունը խորացրեց համընդհանուր անապահովության, անվստահության զգացումը ու նորից առիթ տվեց գնահատելու մեր պետական-քաղաքական եւ տնտեսական վերնախավի (որը նույնն է) առանձնահատկությունները: Ո՞ւմ հետ կարող էր խնդիրներ ունենալ բիզնեսմեն եւ պաշտոնյա Գագիկ Պողոսյանը: Հավանաբար, այլ պաշտոնյաների եւ բիզնեսմենների հետ», - շրջագծում է «Առավոտ»-ը: - «Այդ երկու հասկացությունները մեզ մոտ այնքան միահյուսված են եւ շաղախված կրիմինալով, որ տվյալ հանցագործության պարագայում խոսքը կարող է գնալ շատ մեծ գումարների մասին, որոնց տիրանում են իշխանության տանիքի տակ աշխատող գործարարները»:

«Բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, բիզնեսմենների եւ քրեական «պախանների» միջեւ ինտելեկտուալ եւ բարոյական սահմանն այնքան թափանցիկ է, որ պարզորոշ լսում ես «մենք քեզ եւ քո ընտանիքը կպայթեցնենք» սպառնալիքը՝ բերանի բնորոշ ծամածռությամբ եւ պարանոցային մկանների ջղաձգությամբ: Սպառնալիքը կարող է հնչել ցանկացած մարդու հասցեին, որի հետ նրանք «հաշիվներ» ունեն: Եվ ոչ մի թթու խոսք, ոչ մի ինքնուրույն քայլ, ոչ մի հակադրվածություն չի մոռացվի՝ կհիշվի տարիներով եւ, հենց հնարավորություն առաջանա՝ «կփոխհատուցվի»: Գագիկ Պողոսյանի սպանությունը չի բացահայտվի, ինչպես չեն բացահայտվել դատախազի, ուժային պաշտոնյաների սպանությունները եւ «Հոկտեմբերի 27»-ը», - կանխանշում է «Առավոտ»-ը:

«Ոտնձգություն է կատարվել կառավարության կարեւոր կառույցներից մեկը ղեկավարող եւ մեր երկրի եզակի սկզբունքային ու պարկեշտ պաշտոնյաներից մեկի նկատմամբ», - շեշտում է «Հայոց Աշխարհ» թերթը,- «միանգամայն համոզված, որ Գագիկ Պողոսյանի դեմ կատարված հանցագործությունն անմիջականորեն շաղկապվում է նրա պաշտոնական գործունեությանը»: Թերթի տեղեկություններով, «վերջին շրջանում վերահսկողական ծառայության օգնությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լայնածավալ ստուգումներ էր նախաձեռնել մի շարք ոլորտներում եւ գերատեսչություններում: Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ սկսված այդ ստուգումների խնդիրն էր ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը, բացահայտել թերացումները, պետական ունեցվածքի եւ գումարների յուրացման, փոշիացման փաստերը»:

«Արդեն բյուջեն այնպես են սնանկացրել, որ էլ խելքի չի գա», - ասել է Գագիկ Պողոսյանը մի քանի օր առաջ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին, ներկայացնելով, թե էներգետիկ ոլորտում, օրինակ, ինչպես են ահռելի գումարներ յուրացնում, փոշիացնում, պետությանն էլ գցում պարտքերի տակ: Այնպես որ, ինչպես մատնանշում է թերթը, «հանցագործների նպատակը միայն Գագիկ Պողոսյանին սպանելը չէր: Մաֆիան սեպտեմբերի 11-ին պայթեցրած նռնակով պատասխան հարված հասցրեց պետությանն այն բանի համար, որ կառավարության վերահսկողության ծառայությունը վարչապետի հանձնարարությամբ հանդգնել է ստուգել ինչ-ինչ մութ գործարքներ կամ խոշոր չափերի հասնող չարաշահումներ»: Եվ այս ոճով նպատակ է եղել ահաբեկել նաեւ վարչապետին եւ մյուսներին, որպեսզի բոլորին խրատ լինի: «Չբացահայտված յուրաքանչյուր պատվերով սպանություն ցույց է տալիս, որ խնդիրները հնարավոր է լուծել նաեւ այս ձեւով: Սպանում են, որովհետեւ դա հնարավոր է: Եվ այն պատճառով, որ սպանելը դարձել է ավելի շահավետ, քան չսպանելը», - երեւույթի խորությանն է նայում «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - Եվ սուտ է, երբ ասում են, թե պատվերով սպանությունը բացահայտելը գրեթե անհնար է: «Չբացահայտվող հանցագործություն չի լինում: Լինում է չբացահայտելու ցանկություն: Կամ՝ վախ: Կամ հրաման՝ այդ գործերի մեջ քիթ չխոթելու մասին»:

Վերլուծելով ընդդիմության եւ նախագահի վերջին հայտարարությունները, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գնահատում է. Գեղամյան - Դեմիրճյան - Բազեյան եռյակը «փաստորեն, Քոչարյանի անձեռնմխելիությունը չի երաշխավորում: Իսկ սա քաղաքական պայքարը դնում է կենաց-մահու տրամաբանության մեջ: Գործող ընդդիմության սոցիալական հենքն, իրականում, լյումպեն զանգվածն է, որ երկու տարի առաջ պահանջում էր կախաղան հանել նախորդներին, այսօր պահանջում է կախաղան հանել ներկաներին: Իսկ ընդդիմությունը իր մտավոր, հոգեւոր, քաղաքական պոտենցիալով չի կարող որեւէ բան առաջարկել, որ ընտրողին հետաքրքրի ավելի, քան կախաղանի տեսարանները»: Այնպես որ, «Ռոբերտ Քոչարյանը նրանց պետք է իբրեւ թշնամու կերպար՝ հետագայում բոլոր անհաջողությունները նրա հետ կապելու համար»: Այստեղից էլ՝ կոշտ հակազդեցությունը: Ընդ որում, մեկնաբանի հայացքով, Ռոբերտ Քոչարյանը իր հայտարարությամբ ոչ միայն պաշտպանվում է, այլեւ հարձակվում: Զարգացումների տրամաբանությունն ուղղորդելով դեպի հերթական նախագահական ընտրություններ, փորձում է ընդդիմությանը մղել քննարկելու իրենց միասնական թեկնածուի հարցը, ինչը կարող է նրանց պառակտել:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG