Մատչելիության հղումներ

Վարչապետը հավաստում է, որ րոպեավճարը չի կիրառվում


Րոպեավճարի հարցը Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների ղեկավարների, կապի ոլորտն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ քննարկելու համար այսօր Ազգային ժողով էին եկել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարները:

Քննարկման ավարտից հետո Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին ասաց, որ «կառավարությունը դեմ է, եւ ամեն ինչ անում է, որպեսզի րոպեավճարը չմտնի»:

Հարցին, թե «ԱրմենՏել»-ն ասում է, որ րոպեավճարը արդեն կիրառվում է, վարչապետը պատասխանեց. - «Պետության պաշտոնական ասածը եւ որեւիցե բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի ասածը հավասար նժարների վրա հարկավոր չէ դնել»:

Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանը, որը նույնպես մասնակցել էր օրենսդիրների եւ գործադիրների հանդիպմանը, ասաց. «Եկել էին համոզելու, որ պետք չէ օրենքի նախագիծ, որ գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչները չեն ուզում, որ Հայաստանի հանրապետությունում լինի օրենքով արգելված ոլորտ, եւ որի շուրջ, այսպես ասած, «բազարը», իրենց անձնական գրպանին մեծ օգուտներ կտա»:

«Ես գտնում եմ, որ այսօր Հայաստանի զարգացման համար, Հայաստանի այս վիճակից դուրս գալու համար, Հայաստանի ապագան կանխատեսելու, երաշխիքներ ստեղծելու համար, Հայաստանին առաջնահերթ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վերաբերմունքը «Հանրապետություն», ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների երեկ հրապարակված հայտարարությանը Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը:

«Հանրապետություն» կուսակցության համագումարում հրապարակված այդ հայտարարությամբ կոչ է արվում Ազգային ժողովում սկսել նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու գործընթաց: «Հանրապետություն» կուսակցության անդամ, պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը լրագրողներին ասաց, որ երկուշաբթի օրվանից սկսելու են ստորագրահավաքը: Հայտարարության հեղինակ 3 կուսակցությունները խորհրդարանում ունեն մոտ 20 պատգամավոր, եթե միանան նաեւ կոմունիստները՝ մոտ 30, իսկ պաշտոնանկության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG