Մատչելիության հղումներ

Քոչարյանն առանձնացնում է Հայաստանի տնտեսական զարգացումը որպես գլխավոր նպատակ





Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր նախատեսված մեկ ժամի փոխարեն մեկուկես ժամվա ընթացքում ինտերնետային ասուլիս տվեց «Գազետա Էս-Էն-Գե. ռու» ինտերնետային թերթի էջում: Չնայած նախատեսված ժամանակի երկարաձգմանը, Հայաստանի նախագահը չհասցրեց պատասխանել Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից իրեն ուղղված բոլոր հարցերին:

Նախագահը ասուլիսի ընթացքում առանձնահատուկ տեղ հատկացրեց Հայաստանի տնտեսության վերականգնմանը վերաբերող հարցերին: «Տնտեսապես հզոր Հայաստանն ինձ համար թիվ մեկ նպատակն է: Մենք հիմա էլ շարունակում ենք տնտեսության բնագավառում բազմաթիվ խնդիրներ լուծել, եւ դրանք, այնուամենայնիվ, շարունակում են առաջնային մնալ Հայաստանի համար: Սակայն խնդիրներն այլեւս այն չեն, ինչ երկու-երեք տարի առաջ էին: Անցած տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական մթնոլորտը էականորեն փոխվել է», - պատասխանելով հարցերից մեկին ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի մեծ մասը նաԽագահին ուղղվեց Ադրբեջանից: «Հայաստանը բազմիցս հայտարարել է հակամարտության լուծման փաթեթային տարբերակին իր հավատարմության մասին: Այս դեպքում, սկզբից եւեթ, կողմերը գիտեն հակամարտության կարգավորման արդյունքում ինչ են ստանում եւ ինչ՝ կորցնում: Մենք հստակ ձեւակերպել ենք երեք սկզբունք, որոնք պետք է լինեն կարգավորման հիմքում...: Այս սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը կարող է քննարկել հնարավոր փոխզիջումային լուծումները», - նման հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցերից մեկին՝ «Դուք համաձա՞յն եք, որ Հայաստանն այսօր շահել է սոսկ ճակատամարտն, այլ ոչ թե պատերազմը: Դուք չեք ընդունում, որ Հայաստանի տնտեսական ռեսուրսները շատ թույլ են, որպեսզի ապահովեն նրա վերջնական հաղթանակը», Հայաստանի նախագահը այսպես պատասխանեց. «Հարավային Կովկասի բոլոր երկրների համար ամենագլխավորը հասկանալն է, որ գերագույն նպատակն է՝ շահել խաղաղությունը: Կյանքը ոչ մեկ անգամ է ցույց տվել, որ յուրաքանչյուր թշնամություն մեր տարածաշրջանում՝ լինի դա ճակատամարտ, պատերազմ, թե ուղղակի սառը դիմակայություն, ոչ ոքի օգուտ չի բերում: Դուք, որպես Ադրբեջանի բնակիչ, հավանաբար նույնպես դա զգում եք: Մեր տարածաշրջանը կարող է բարգավաճել, եթե այստեղ հաստատվի ամուր խաղաղություն եւ կայունություն, հենց դրան են ուղղված Հայաստանի ղեկավարության ջանքերը: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա Դուք կարող եք փաստերով համոզվել, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է ոչ պակաս արագ տեմպերով, քան Ադրբեջանինը: Ի դեպ, քաղաքականության մեջ նավթային ռոմանտիզմը շատերին է հուսախաբել»:

Նախագահին ուղղվեցին նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր: Դրանցից մեկին պատասխանելիս Քոչարյանն ասաց. «Իմ համբերությունը բավական է, եւ ես չեմ պատրաստվում փոխել ընդդիմության հետ իմ աշխատանքի գլխավոր սկզբունքը՝ հանդուրժողականությունը։ Խոսքը քաղաքական շփումների կուլտուրայի մասին է: Անհրաժեշտ է կարողանալ հարգել գործընկերներին՝ անկախ նրանից, ձեզ դուր են գալիս նրա հայացքները, թե՝ ոչ։ Ցավոք, ոչ միշտ եմ համարժեք պատասխան ստանում։ Ընդհանուր առմամբ, ընթանում է նորմալ քաղաքական գործընթաց: Ամեն դեպքում, հիմնական քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների հետ երկխոսությունը բավականին կառուցողական է»։


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG