Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալու համատեղ հայտարարությամբ


Հայաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ՝ ՀԺԿ-ն (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), «Հանրապետություն»-ը եւ «Ազգային միաբանություն»-ը պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որում գնահատելու են հանրապետության ներկա իրավիճակը՝ նշելով նաեւ առաջիկա անելիքները: Հնարավոր է, որ ըննդիմադիր կուսակցությունները պահանջեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

«Մենք գտնում ենք, որ իրավիճակը գնահատելուց բացի, պետք է նաեւ ելք առաջարկվի: Ելքը հանրապետության նախագահի հրաժարականն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

Համատեղ հայտարարությունը ինքնին խոսում է ըննդիմադիր միասնական ճամբարի ձեւավորման մասին: Այդ ուժերի համագործակցության շուրջ վերջերս շատ էր խոսվում, բայց հնարավոր դաշնակիցներից յուրաքանչյուրը խուսափում էր օգտագործել «դաշինք» բառը:


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներն են նախկին վարչապետ Արամ Սարգսյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Կուսակցությունը բաղկացած է հիմնականում «Երկրապահ» կամավորական միության անդամներից, որոնք ամիսներ առաջ դուրս են եկել ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն):

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը Արտաշես Գեղամյանն է, որը վերջին ժամանակներս ավելի ու ավելի է քննադատում նախագահ Քոչարյանին:

Ընթացող բանակցությունների ելքը մեծապես կախված է նշված կուսակցություններից ամենախոշորի՝ ՀԺԿ-ի դիրքորոշումից: Կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որը այս շաբաթ հանդես է եկել խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու կոչով, մինչեւ վերջերս վաղ էր համարում ընդդիմադիր դաշինքի մասին խոսելը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG