Մատչելիության հղումներ

Րոպեվճարի ներդրման համար մեղադրվում են իշխանությունները





Երկուշաբթի երեկոյան Երեւան վերադարձած Հայաստանում հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Գեորգիուլասը, որը Աթենքում Հայաստանի կառավարության առաջարկները ներկայացրել էր հունական «ՕԹԻ» ընկերությանը, չնայած սեպտեմբերի 1-ից րոպեավճարի կիրառման շուրջ բարձրացած մեծ դժգոհություններին, որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ: Գործադիր տնօրենի մամուլի հարցերով խորհրդականը փոխանցեց, որ Գեորգիուլասը այն կարծիքին է, թե արտառոց բան տեղի չի ունեցել: «ԱրմենՏել»-ը եւս մեկ անգամ հավաստում է, որ տնօրենների խորհրդի հունվարյան նիստի որոշմամբ եւ համաձայն բնակչությանն ուղղված բաց նամակի սեպտեմբերի 1-ից րոպեավճարը կիրառվում է:

Թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ րոպեավճարի կիրառումը զգալիորեն կբարձրացնի վարձավճարը: Հայաստանում թվայնացված է հեռախոսակայանների մոտ կեսը: 1998-2001 թվականների ընթացքում «ԱրմենՏել»-ը թվայնացրել է Երեւանի հեռախոսային ցանցի 68, իսկ մարզերի 15 տոկոսը:

Սեպտեմբերի 1-ից ի վեր «ԱրմենՏել»-ը, բացի ամսական 900 դրամ բաժանորդական վճարից, որն իրավունք կտա 120 րոպեի հեռախոսային խոսակցության, յուրաքանչյուր հաջորդ րոպեի համար գանձելու է 4 դրամ: Րոպեավճարը աստիճանաբար հասցվելու է 8 դրամի:

Ըստ փորձագետների, րոպեավճարի կիրառումից միանշանակորեն օգտվելու է միայն «ԱրմենՏել»-ը։ Երեւանում գործող «Տնտեսական իրավունքի կենտրոնի» գնահատումներով, հեռախոսակապի մենատիրոջ զուտ եկամուտները րոպեավճարի կիրառման դեպքում առնվազն կկրկնապատկվեն` տարեկան հասնելով շուրջ 14 միլիոն դոլարի։

Րոպեավճարի ներդրմանը դեմ են ինչպես կառավարությունը, որին պատկանում է «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 10 տոկոսը, այնպես էլ Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությունը:

Այսօր տարածվել է Կանանց հանրապետական խորհրդի նախագահության հայտարարությունը, որում ՀՀ իշխանության բոլոր ճյուղերից անհապաղ պահանջվում է «կասեցնել «ԱրմենՏել»-ի ապօրինի գործողությունները, բացահայտել եւ հրապարակել կնքված պայմանագրի բոլոր խախտումները»:

Ազգային ժողովի կապի ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը հնարավոր է համարում հետեւյալ զարգացումները. «Կամ «ԱրմենՏել»-ը չի համաձայնում կառավարության հետ եւ դատի է տալիս կառավարությանը, կամ «ԱրմենՏել»-ը համաձայնում է կառավարության հետ եւ բանակցություններ է սկսում փոխընդունելի տարբերակներ որոնելու եւ ժամկետները ճշտելու նպատակով, կամ «ԱրմենՏել»-ը գնում է կառավարության որոշման դեմ եւ ամսվա վերջին ժողովրդից փող է պահանջում: Այս վերջին դեպքում կառավարությունը իր վարկը պահպանելու նպատակով պետք է ժողովրդին ասի՝ մի վճարեք»:

Քաղաքական ու հասարակական մի շարք կազմակերպությունների այսօրվա հավաքի հիմնական նպատակը նույնպես րոպեավճարի կիրառման դեմ հանդես գալն էր:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանն իր ելույթում ասաց. «Եթե կառավարությունը, երկրի ղեկավարները արագ չարձագանքեն եւ իրենք էլ մեզ հետ պայքար չտանեն, այդպիսի ղեկավարություն Հայաստանի հանրապետությանն, իմ կարծիքով, պետք չէ»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, «այսօր պետք է մեղադրել ոչ թե «ԱրմենՏել»-ին, այլ՝ Հայաստանի իշխանություններին»: Ըստ նրա, խորհրդարանը այսօր էլ իրավասու է կարգավորել խնդիրը՝ կարելի է վերանայել պայմանագիրը:

«Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց, թե «հանրապետության նախագահն է որպես վարչապետ ստորագրել այս պայմանագիրը, եւ հանրապետության նախագահն էլ թող լուծի այս հարցը»:

Ըստ Արշակ Սադոյանի, պետք է պահանջել, որ կառավարության ներկայացուցիչը՝ կապի նախարարը շարունակի սկսած գործը եւ արգելի րոպեավճարի կիրառումը, Ազգային Ժողովն էլ պետք է «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություն մտցնի, ըստ որի րոպեավճարը չպետք է կիրառվի, քանի դեռ կապի համակարգը ամբողջապես չի վերազինվել:

Արշակ Սադոյանի խոսքերով անթույլատրելի է, երբ կապի նախարարը հայտարարություն է արել, իսկ վարչապետը լռում է, հանրապետության նախագահը որեւէ վերաբերմունք չի արտահայտել:


Հրաչ Մելքումյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG