Մատչելիության հղումներ

Ղուկասյանն ասում է, որ ԼՂՀ անկախության հռչակումը այլընտրանք չուներ





«Ադրբեջանի գործողությունները միջազգային հանրությանը ակնհայտ ցուցադրեցին, որ 10 տարի առաջ ընդունված քաղաքական ակտը այլընտրանք չուներ եւ միակ ճիշտ քայլն էր», - ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ հռչակման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ժողովի ժամանակ ունեցած իր ելույթում:- «Անկախության հռչակումը կանխեց Արցախի հայության բռնի տեղահանումը, գուցե նաեւ նրա ֆիզիկապես լիովին ոչնչացումը»:

«ԼՂՀ տասնամյա պատմությունը ողջ աշխարհին ցույց է տվել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ պետականությունը կայացել են», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: - «Մեր երիտասարդ հանրապետության հետ հասակ է առնում մի նոր սերունդ, որը ավագների նկատմամբ ունի մի անառարկելի առավելություն՝ ի սկզբանե նա արդեն ունի իր նախնիների հողում ազատ ու հայեցի ապրելու, ազգային արժեքները պահպանելու եւ զարգացնելու հնարավորություն:Հենց միայն դրա համար արժեր պայքարի ելնել եւ զոհաբերությունների գնալ»:

«Նվազ կարեւոր չէ, որ միջազգային հանրությունը գնալով ավելի է հանգում եւ այն փաստի գիտակցմանը, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը հնարավոր է ապահովել միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերը հաշվի առնելու դեպքում», -հայտարարել է Արկադի Ղուկասյանը:

Խոսելով ԵԱՀԿ Միսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին, ԼՂՀ նախագահն ասել է. - «Կան պատմական բարենպաստ պայմաններ՝ փոխընդունելի զիջումների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման համար, ինչը կողմերից պահանջում է արիություն եւ քաղաքական կամքի դրսեւորում»:

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված ռազմատենչ հայտարարություններին, Ղուկասյանը կրկին ասել է, որ Ղարաբաղի բանակը պատրաստ է ետ մղելու ցանկացած հարձակում:

Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման տասնամյակի երկուօրյա տոնակատարությունները, որոնց մասնակցում էր նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ղարաբաղյան իշխանությունների համար եւս մեկ առիթ դարձան հրապարակայնորեն բացառելու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության հաստատման հնարավորությունը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին այն ժամանակ դեռեւս Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը հռչակեց ինքնիշխան հանրապետություն: Նույն տարեվերջին հայ-ադրբեջանական բախումները այստեղ վերաճեցին պատերազմի, որը շարունակվեց մինչեւ 1994 թվականի մայիսը: Հաջորդած 7 տարիների բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո շոշափելի արդյունքներ առայժմ չեն տվել:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG