Մատչելիության հղումներ

Քոչարյանի դիրքերն ամրապնդվելու են, Ղարաբաղի հարցը մնալու է չլուծված, իսկ տնտեսությունը աճելու է, կանխատեսում է «Էկոնոմիստը»


Հայաստանի տնտեսական ու քաղաքական հեռանկարներին նվիրված իր հետազոտական հավելվածում բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը կանխատեսում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2001-2002 թվականների ընթացքում շարունակելու է վերահսկել երկրի ներքաղաքական դաշտը: «Միասնություն» դաշինքի հետագա թուլացումը, ինչպես նաեւ միասնական ընդդիմություն ձեւավորելու մյուս կուսակցությունների անկարողությունը հնարավորություն կտան Քոչարյանին ուժեղացնել իր դիրքերը: «Միասնության» երկու գլխավոր անդամների՝ ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) քաղաքական ապահարզանը, որը, բրիտանացի փորձագետների կարծիքով, թվում է անխուսափելի, խորհրդարանը կթողնի առանց լեգիտիմ մեծամասնության, ինչից հետո ԱԺ-ն լուծարելու եւ վաղաժամ ընտրություններ անցկացնելու կոչեր կհնչեն: «Էկոնոմիստ»-ի հետազոտական խմբի փորձագետների գտնում են, սակայն, որ վաղաժամ ընտրություններ չեն լինի:

Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2003 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին՝ եթե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը շարունակի պաշտպանել նրան: Հնարավոր է նաեւ, որ Քոչարյանն իր վերընտրության համար նախընտրի ստեղծել սեփական կուսակցություն, թեեւ այս դեպքում նա ստիպված պետք է լինի հստակ քաղաքական օրակարգ մշակել:

«Էկոնոմիստ»-ի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջորդ երկու տարիների ընթացքում չի լուծվելու, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ միջնորդները այն կարգավորելու մեծ ցանկություն ունեն: Խաղաղության բանակցությունները կվերսկսվեն, բայց առաջընթաց չի արձանագրվի: «Բանն այն է, որ հակամարտության երկու կողմերը փոխզիջումների գնալու ցանկություն չունեն, քանի որ երկու երկրների քաղաքական գործիչները եւ հասարակությունը թշնամաբար են վերաբերվում փոխզիջումներին», - եզրակացնում են բրիտանական փորձագետները:

Ղարաբաղի մասին «Էկոնոմիստ»-ը վերլուծություն ունի նաեւ Ադրբեջանին վերաբերող զեկույցում: Այնտեղ նշվում է, որ մինչեւ այժմ միջազգային միջնորդների կողմից ներկայացված առաջարկների համաձայն, Ադրբեջանից պահանջվում է փաստորեն անկախություն է տալ Լեռնային Ղարաբաղի հայերին: Ղարաբաղը միայն անվանապես է մնում Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը դրան համաձայն չէ: Բաքուն հատկապես դժգոհ է առաջարկի այն կետից, ըստ որի Լաչինի միջանցքի վրա հայերը ինքնիշխանության հավասար իրավունք են ստանում, ինչի դիմաց Ադրբեջանն էլ պահանջում է Նախիջեւանը Ադրբեջանին կապող նման մի միջանցք:

«Էկոնոմիստ»-ը նշում է նաեւ, որ Ալիեւը մինչեւ իր նախագահական լիազորությունները որդուն՝ Իլհամ Ալիեւին հանձնելը ցանկանում է վերացնել հայերի հետ բանակցություններում ծագած գլխավոր խոչընդոտները, որպեսզի մեծացնի խաղաղության պայմանագիր ստորագրելու վերջինիս շանսերը: Բրիտանական հանդեսը կանխատեսում է, որ Ադրբեջանում Ալիեւը շարունակելու է վերահսկել կացությունը, թեեւ նախագահական իշխանության փոխանցման մեխանիզմի բացակայությունը ապակայունացման վտանգ է ստեղծում: Սակայն, եթե նման անհրաժեշտություն ծագի, ապա, ըստ «Էկոնոմիստ»-ի, քաղաքական վերնախավը կապահովի իշխանության սահուն փոխանցումը:

Վրաստանում Շեւարդնաձեն նույնպես վերահսկելու է կացությունը, բայց ի տարբերություն Ալիեւի եւ Քոչարյանի, այդ վերահսկողությունը կատարյալ չի լինի: Վրաց ղեկավարը խորհրդարանում այլեւս չունի ձայների երկու երրորդը, եւ մեծ դժվարությունների է հանդիպելու իր օրենսդրական նախաձեռնություններն անցկացնելու հարցում: Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, կացությունը կայուն չէ: Անվտանգության կացության վատթարացումը եւ տնտեսական կյանքում կաշառակերության ուժեղացումը վանելու է օտարերկրյա ներդրողներին՝ խարխլելով կառավարության նկատմամբ վստահությունը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավում «Էկոնոմիստ»-ի հետազոտական խումբը չի ակնկալում: Քիչ հավանական է նաեւ, որ նորաստեղծ թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը լուրջ ներազդեցություն ունենա երկու երկրների հարաբերությունների վրա, քանի որ, ինչպես նկատում են բրիտանացի փորձագետները, Հայաստանի կուսակցությունների մեծ մասը եւ կառավարությունը չեն աջակցում այդ հանձնաժողովի աշխատանքին:

Հայաստանը եւ Ռուսաստանը լավ հարաբերություններ կպահպանեն: Ռուսաստանին Հարավային Կովկասում հավատարիմ դաշնակից է պետք, իսկ Հայաստանը լավագույն երկիրն է այդ իմաստով, արձանագրում է «Էկոնոմիստ»-ը: Հայաստանին կհաջողվի միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել նաեւ Միացյալ Նահանգների հետ:

Հետաքրքիր միտումներ է նկատում «Էկոնոմիստ»-ը ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Այստեղ սպասվում են դրական տեղաշարժեր: Ռուսաստանը ուժեղացնելու է ճնշումը Հայաստանի վրա՝ ստիպելով ընդունել ղարաբաղյան խաղաղ կարգավորումը: Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր կապերը Թուրքիայի հետ, բայց հարաբերությունները Իրանի հետ կմնան լարված: Իսկ ահա Վրաստանի կացությունն այս բնագավառում էլ թերեւս անբարենպաստ է: Ռուս-վրացական հարաբերությունները շարունակելու են լարված մնալ՝ կապված ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման չլուծված հարցերի հետ:

Տնտեսական բնագավառում, բրիտանական հանդեսի փորձագետների կարծիքով, Հայաստանի համախառն ներքին արդյունքի կառավարության ծրագրած 6,5 տոկոսի աճն այս տարվա համար չափից ավելի լավատեսական է: Այս տարի, ըստ «Էկոնոմիստ»-ի, այդ աճը կկազմի 5 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 6 տոկոս: Հայաստանն այս տարվա վերջին կդառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ինչը համաշխարհային շուկաները մատչելի կդարձնի հայկական տնտեսության համար: Այդ կազմակերպությանն անդամակցելը ավելի հրապուրիչ կդարձնի Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար:

«Էկոնոմիստ»-ը կանխատեսում է, որ Հայաստանի արտահանումը 2001-2002 թվականներին կաճի, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ամենախոշոր առեւտրական գործընկերոջ՝ Եվրամիության տնտեսությունը անկում է ապրելու, ինչը կկրճատի նաեւ Հայաստանի արտահանման ծավալը: Բանն այն է, որ Ռուսաստանում տնտեսությունը աճ է արձանագրելու, իսկ Ռուսաստանը Հայաստանի երկրորդ խոշոր գործընկերն է, եւ ռուսաստանյան շուկայի ընդլայնումը խթանելու է հայկական ապրանքների արտահանումը, բացատրում է հանդեսը: Ադրբեջանը նույնպես տնտեսական բարձր աճ է ունենալու, թեեւ այնտեղ էլ համախառն ներքին արդյունքի աճը 2000 թվականի 11 տոկոսի դիմաց 2001 եւ 2002 թվականներին կազմելու է միջին հաշվով 8 տոկոս: Վրաստանը տնտեսական բնագավառում էլ անմխիթար հեռանկարներ ունի: Այստեղ տնտեսական աճը 2001 թվականին կազմելու է ընդամենը 3 տոկոս: Բրիտանացի փորձագետները նվազեցրել են իրենց ակնկալիքները նաեւ մյուս տարվա համար: Վրացական տնտեսությունը մյուս տարի կաճի միայն 5 տոկոսով: Վրաստանի արտահանումը լուրջ վնասներ է կրելու, քանի որ այդ երկրի խոշորագույն առեւտրական գործընկերը՝ Թուրքիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է: Վրաստանը լուրջ բարդություններ ունի նաեւ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնք, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, առկախել են հերթական վարկերի տրամադրումը:

Իսկ Հայաստանում «Էկոնոմիստ»-ը ակնկալում է արդյունաբերական արտադրության աշխուժացում: Խոշորագույն պետական ձեռնարկությունների մասնավորեցումը նույնպես կնպաստի հայկական տնտեսության աճին, եզրակացնում է «Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական խումբը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG