Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյան
Եվրոպայի խորհուրդը այսօր Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ սեպտեմբերի 5-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, իրենց ձեւակերպմամբ, միակողմանի անցկացումից:
«Այսպես կոչված «ընտրությունները» չեն կարող օրինական լինել», - շեշտել են Եվրախորհդի նախարարների կոմիտեի նախագահ, Լիխտենշտեյնի արտգործնախարար Էռնստ Ուոլչը, խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել-Ջոնսթոնը եւ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:
Անցած ուրբաթ պաշտոնապես սկսվել է Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Ըստ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Դավթյանի «Ազատություն» ռադիոկայանին հաղորդած տվյալների, հանրապետության 223 համայնքներում գրանցվել է 373 թեկնածու:
Եվրախորհրդի ղեկավարները հիշեցնում են, որ 1991-1995 թվականներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության արդյունքում տարածաշրջանի բնակչության մի մասը ստիպված էր լքել իրենց բնակավայրերը եւ մինչեւ այժմ ապրում են որպես տեղահանված անձինք այդ երկրներում կամ որպես փախստականներ՝ արտասահմանում:
Եվրոպայի խորհրդի ղեկավարները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի շահերից չի բխում որպես հակամարտության արագ եւ համակողմանի կարգավորմանն ուղղված ջանքերը խափանող գործոն ընկալվելը, քանի որ 2001 թվականի հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելու ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են շարունակել ջանքերը հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու ուղղությամբ:
Հայտարարությամբ վերահաստատվում է, որ Եվրոպայի խորհուրդը լիակատար աջակցում է բանակցային գործնթացին, որը ԵԱՀԿ հովանու ներքո վարում է Միսկի խումբը: Իր լիազորությունների շրջանակում Եվրոպայի խորհուրդը պատրաստ է մասնակցել խաղարարար գործնթացին, - ասել են Եվրախորհդի ղեկավարները:
«Մենք համարում ենք, որ որեւէ ընտրություն երբեւիցե չի կարող խոչընդոտել հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորությանը, որովհետեւ ընտրությունների միջոցով է ձեւավորվում այն իշխանությունը, որը կարող է արտահայտել ժողովրդի կամքը եւ պատասխանատվություն կրել որեւէ որոշում իրագործելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը: - «Ինչ վերաբերում է այն բանին, որ հայտարարության մեջ ոչ լեգիտիմ է անվանվում որեւէ ընտրություն Ղարաբաղում, քանի որ այդ ընտրությունների «միակողմանի» են՝ ադրբեջանական փոքրամասնության բացակայության պատճառով, մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանից մոտավորապես կես միլիոն հայ է բռնի կերպով տեղահանվել: Եվ ուրեմն ցանկացած ընտրություն, մանավանդ տեղական իշխանությունների մակարդակով այնտեղ եւս անհրաժեշտ է անվանել ոչ լեգիտիմ, քանի որ կան շրջաններ, որտեղ հայկական բնակչությունը կազմում էր մեծամասնություն: Բաքվում, օրինակ, հայերը կազմում էին բնակչության մեկ-երրորդը»:
Նաիրա Մելքումյանը հավաստեց, որ սեպտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Լեռնային Ղարաբաղում կայանալու են:
ԼՂՀ արտգործնախարարը կարեւոր է համարում եւ ողջունեց հայտարարության այն մասը, որտեղ Եվրախորհուրդն առաջարկում է սատարել ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններին:
Հրաչ Մելքումյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա