Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ղըրղզստանի բանկերը համագործակցելու են


«Մեր երկրների առջեւ կուտակված հիմնախնդիրները ստիպում են, որպեսզի մենք որոնենք մեր ուրույն լուծումները: Այդ առումով չափազանց հետաքրքիր է փորձի փոխամակումը», - Հայաստանի եւ Ղըրղզստանի գլխավոր բանկերի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում այսօր ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը եւ Ղըրղզստանի ազգային բանկի նախագահ Ուլան Սարբանովը այսօր ստորագրեցին հուշագիր երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ համագործակցության հետագա զարգացման մասին:

Վերջին տարիներին թե' Հայաստանում եւ թե' Ղըրղզստանում հաջողվել է սանձել անկախության արշալույսին հարյուրավոր, երբեմն անգամ՝ հազարավոր տոկոսներով գնահատվող սղաճը: Այժմ այն մեծ մասամբ միանիշ թվերով է որոշվում։ Նույնը, թերեւս, վերաբերում է ազգային արժույթների փոխարժեքներին։ Ցածր սղաճը եւ արժույթի կայունությունը, բնականաբար, ինչպես խնայողությունների, այնպես էլ ներդրումների պայմանները ավելի կանխատեսելի ու վստահելի են դարձնում։

Մյուս կողմից, անկայուն ու մեծ ռիսկեր պարունակող քաղաքական եւ տնտեսական միջավայրը պարտադրում է ավելի կոշտ քաղաքականություն վարել թե' դրամի զանգվածի չափերի կարգավորման եւ թե' հատկապես մասնավոր բանկերի գործունեությունը կարգավորելու հարցում։

Ըստ Ուլան Սարբանովի, Ղըրղզստանի ազգային բանկը միայն այս տարի ստիպված է եղել գործող 19 մասնավոր բանկերից չորսի արտոնագրերը կասեցնել, իսկ հինգերորդում հավատարմագրային կառավարում է մտցվել:

«Պարծենալ ինչ-որ բանով ես չեմ կարող, Հայաստանի համեմատությամբ մեր վիճակը զգալիորեն տագնապալի էր, իսկ հիմա քիչ թե շատ շտկվել է», - ասաց Ուլան Սարբանովը։

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պնդմամբ, մեր այն մասնավոր բանկերը, որոնք պրոբլեմային են, պետք է առողջացվեն, հակառակ դեպքում կզրկվեն արտոնագրից։

Առայժմ Հայաստանում արտոնագրից զրկվել է երեք բանկ, եւս չորսը` ֆինանսական ծանր վիճակի պատճառով հայտնվել են կենտոնական բանկի խնամակալության տակ։

Առհասարակ, Հայաստանի մասնավոր բանկերից քչերը կարող են պարծենալ իրենց ֆինանսական ցուցանիշներով: Երեք տասնյակ մասնավոր բանկերից առնվազն կեսը անցյալ տարին վնասով են փակել։ Բնական է, որ այս պայմաններում որոշ բանկեր փոխում են տերերին, մյուսները փակվում են։

Որոշ տեղեկություններով, օրինակ, վերջերս «Հայագրոբանկի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Ազգային ժողովի մի պատգամավորից` Գուրգեն Արսենյանից անցել է մեկ այլ գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանին։

Կարելի է ասել, որ սկզբունքորեն լուծվել է նաեւ «Հայխնայբանկի» հարցը։ Առայժմ պետական համարվող այդ բանկի հավանական գնորդը բենզինի եւ հացահատիկի հայաստանյան ամենախոշոր ներկրողներից մեկն է՝ «Միկա-Արմենիա» եւ «Արջ լիմիթիդ» ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։ Գործարքի հավանական գինը մոտ 2 միլիոն դոլար է։

Խորհրդային Միության փլուզումից հետո հենց այստեղ էին կենտրոնացած նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայաստանյան մասնաճյուղի շուրջ մեկ ու կես միլիոն ավանդատուների ավելի քան վեց միլիարդ խորհրդային ռուբլու ավանդագումարները։ Դրանց ինդեքսավորման ու ինչ-որ կերպ փոխհատուցման մասին խոսվել եւ խոսվում է միայն նախընտրական ճառերի ու ելույթների ընթացքում, մինչդեռ որեւէ գործնական քայլ մինչեւ օրս չի արվել: Նույնիսկ պետությունը պաշտոնապես այն որպես ներքին պարտք չի ճանաչել։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG