Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը հանդես է գալիս «Հոկտեմբերի 27»-ի դատավարության վերաբերյալ հայտարարությամբ


Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակվեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությանը, ըստ որի, վերջին շրջանում, հատկապես դատավարության այն փուլում, երբ Նաիրի Հունանյանին պետք է հարցաքննեին տուժողների իրավահաջորդներն ու նրանց շահերի ներկայացուցիչները, վերջիններիս նկատմամբ ճնշումներ գործադրելու քայլեր են արվում:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարում է նաեւ՝ «ներկա իշխանությունների օրոք անհնար է իրականացնել անկողմնակալ եւ արդար դատարավարություն եւ հասնել ոճրագործության ամբողջական բացահայտմանը»:

Տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանը հաստատեց, որ իրեն երկու անգամ զգուշացրել են հեռախոսով: «Ինձ ասել են՝ հիմիկվանից մտածի, թե ոնց ես սրա տակից դուրս գալու», - ասաց Տիգրան Ջանոյանը, ավելացնելով, որ երեւույթը գնահատելով իբրեւ նախազգուշական սպառնալիք, այդ մասին տեղեկացրել է նրան, ում շահերն է ներկայացնում:

Ասուլիսին մասնակցող ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը պնդեց, թե հեռու է դատավարությունը քաղաքականացնելու մտքից, քանի որ քաղաքականությունը չի կարող նպաստել գործի լիարժեք բացահայտմանը: Միեւնույն ժամանակ, նա ընդունեց, որ նման տպավորություն կարող է ստեղծվել, «որովհետեւ Արամ Սարգսյանը, ում շահերը ես ներկայացնում եմ, Հայաստանի խոշոր քաղաքական գործիչներից մեկն է»:

Այսօրվա ասուլիսի հիմնական նպատակը դատավոր Սամվել Ուզունյանին կողմնակալության համար մեղադրելն էր, քանի որ վերջինս, ըստ ռուսաստանցի փաստաբանի, պարբերաբար եւ առանց հիմնավորելու մերժում է Յունոշեւի ներկայացրած միջնորդությունները:

Ուշագրավ է, որ դատարանում ռուսաստանցի փաստաբանը երբեք հիմնավորում չի պահանջում դատավորից, մինչդեռ օրենքն այդ հնարավորությունն ընձեռում է: «Իսկապես դա իմ աշխատանքի ամենամեծ սխալն է, որ ես հիմնավորում չեմ պահանջել, այսուհետ ես կպահանջեմ», - ընդունեց Օլեգ Յունոշեւը:

Սա Յունոշեւի թույլ տված միակ իրավաբանական սխալը չէ: Մոտ մեկ ամիս առաջ Յունոշեւը միջնորդել էր, որպեսզի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին ճանաչեն որպես վկա: Դատարանը միջնորդությունը մերժել էր, հիմնավորելով որ նախաքննության մարմինը նրանց արդեն վկա ճանաչել եւ հարցաքննել է: Փաստաբանն ավելացրել էր, թե ուզում է, որ նրանց դատակոչեն, այսինքն՝ վկայություն տան դատարանում: Միջնորդությունը Ուզունյանի կողմից մերժվել է որպես վաղաժամ, քանի որ դատաքննությունը դեռ չի հասել վկանների հարցաքննության փուլին:

Ամփոփելով այսօրվա ասուլիսը, ռուսաստանցի փաստաբանը հայտարարեց. - «Եթե դատավարության ընթացքում դատավոր Ուզունյանը շարունակի ներկայանալ իբրեւ կողմ, ապա դա մեզ բացարկ հայտնելու հիմք կտա»: Այսինքն, ըստ նրա, եթե դատավորը շարունակի կողմնակալ վարքագիծ պահպանել, իրենք բացարկ կհայտնեն եւ դրա մերժման դեպքում արդեն հիմնավորում կպահանջեն:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG