Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ի ընկալմամբ, Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկայի ասուլիսում հանրապետության նախագահը լրագրողներին «որոշակի ասելիք ուներ եւ մատնանշեց որոշ երեւույթներ, որոնք կարող են վկայել ներքին եւ արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությունների մասին»: Ըստ թերթի, ամենակարեւորը նախագահի այն հայտարարությունն էր, որ «Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Հայաստան պետք է լինի բեկումնային հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների համար: Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը անհամաձայնություն հայտնեց Համաշխարհային բանկի մի շարք գնահատականներին, ինչը Հայաստանի նորագույն պատմությունում աննախադեպ է», - ընդգծում է «Իրավունք»-ը:

«Հայկական ժամանակ»-ի ձեւակերպմամբ, «գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրագործման վերաբերյալ որեւէ կոնկրետ փաստաթուղթ դեռ պատրաստված չէ»: «Առավոտ»-ի վկայությանբ, Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում ստորագրվելիք հիմնական փաստաթղթերը կլինեն առաջիկա տասը տարվա ընթաքում առեւտրատնտեսական բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկարաժամկետ համագործակցության հայեցակարգը, «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին», «Զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին», «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների եւ Հայաստանի Հանրապետության մարզերի միջեւ համագործակցության մասին» համաձայնագրերը: Նախատեսվում է քննարկել նաեւ էլեկտրաէներգիայի բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները»: Ըստ «Առավոտ»-ի, «ոչ պաշտոնական տվյալներով, այցը կկայանա սեպտեմբերի 12-ին եւ կտեւի երեք օր»:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշինքի ձեւավորման գործընթացներին, «Իրավունք»-ի վերլուծաբանը մի նոր տարբերակ է առաջ քաշում. - «Նախկին իշխանությունները ոչ միայն անտարբեր չեն հիշյալ դաշինքին Արտաշես Գեղամյանի միավորմանը, այլեւ ձեռքերն են շփում իրենց ճանապարհը հարթելու այդ փայլուն հնարավորությունից: Չար լեզուներն ասում են, թե նախկին նախագահն անմասն չէ Գեղամյանի, ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության մերձեցման սուրբ գործում»: Ըստ «Իրավունք»-ի վերլուծության, «ՀՀՇ-ն «տակից» նպաստում է Գեղամյանի ակտիվացմանը եւ Արամ Սարգսյանի ու Ստեփան Դեմիրճյանի հետ դաշինք կազմելուն, որովհետեւ վստահ է, որ այն, ի վերջո, վերահսկվելու է Սերժ Սարգսյանի կողմից, որի նկատմամբ, ի դեպ, ՀՀՇ-ն ավելի բարյացկամ է տրամադրված, քան Ռ. Քոչարյանի նկատմամբ ու 98-ի իշխանափոխությունն աչքի առաջ ունենալով, հույս ունի, որ Սերժ Սարգսյանը բոլոր շանսերն ու պատճառներն ունի նախագահ Քոչարյանի դեմ դուրս գալու համար»:

«Իրավունք»-ի մեկնաբանը հանգում է այն մտքին, թե «ՀՀՇ-ն այդ դեպքում լավագույն տարբերակը կունենա ազատվելու Քոչարյանի իշխանությունից, մանավանդ դրա համար ոչ ոք ավելի լավ հնարավորություն չունի, քան պաշտպանության նախարարը: Այդ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում կդառնա ռեալ թեկնածուներից մեկը»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը օգոստոսի 20-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ: ՀԿԿ-ին մոտ կանգնած աղբյուրները «Առավոտ»-ին ասել են, թե Մոսկվայում քննարկվելու է Հայաստանի կոմկուսում ստեղծված իրավիճակը: «Չնայած Վլադիմիր Դարբինյանի այն հայտարարությանը, թե Գենադի Զյուգանովն անհրաժեշտ չի համարում միջամտել ՀԿԿ ներքին գործերին, վերջինս, այնուամենայնիվ, մտահոգված է ՀԿԿ-ում ստեղծված իրավիճակով», - նշում է թերթը:

Ամփոփելով Հայաստանի դատական համակարգում Հելսինկյան ընկերակցության կողմից անցկացված մոնիթորինգի նախնական արդյունքները, «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Ամբաստանյալները գրեթե անխտիր բողոքում են նախաքննության ժամանակ կիրառվող ծեծից, ճնշումներից ու սպառնալիքներից, եւ այդ հայտարարությունները, որպես կանոն, անտեսվում են դատարանի կողմից: Մի դեպքում անգամ դատարան են հրավիրել ոստիկանին եվ հարցրել՝ ծեծե՞լ եք ամբաստանյալին. մերժողական պատասխանից հետո դատավորը իրեն լրիվ բավարարված է զգացել»:

«Ազգային ժողովի մեծամասնությունը կա, պահպանվում է, կանոնակարգված է, օրենքի սահմաններում է, բայց «Միասնություն» դաշինքը որպես այդպիսին գոյություն չունի», - «Իրավունք»-ի հարցազրույցում հայտարարում է խորհրդարանական «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG