Մատչելիության հղումներ

ԱՀՃ-ն շարունակում է ստորագրահավաքը


«ԱրմենՏելի» կողմից րոպեավճարի ներդրումը կանխելու եւ հանրապետության նախագահի հրաժարականը պահանջելու համար անհրաժեշտ հիմք ձեւավորելու նպատակով մոտ երկու ամիս առաջ Ազգային համաձայնության ճակատի (ԱՀՃ) նախաձեռնած ստորագրահավաքի առաջին փուլում հաջողվել է հավաքել համապատասխանաբար 50 հազար եւ 20 հազար ստորագրություն:

Ստորագրահավաքի գործընթացն, ըստ ԱՀՃ-ի քաղաքական խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանի, ընդգրկում է հանրապետության մայրաքաղաքն ու բոլոր մարզերը:

«ԱրմենՏել»-ի հարցում ստորագրահավաքը ընթանում է համեմատավար ավելի հաջող, իսկ հրաժարականի հարցում ստորագրահավաքը ընթանում է բավարար տեմպերով: Ազդեցություն է ունենում նաեւ այն մթնոլորտը, որը գոյություն ունի Հայաստանում: Ես նկատի ունեմ վախի մթնոլորտը, որը չի կարող դրական լինել ընդհանրապես քաղաքական գործընթացների համար եւ հասարակության զարգացման համար՝ առավել եւս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Խաչատրյանը:

Վարդան Խաչատրյանի խոսքերով, իրենք ակնկալում ենք հավաքել մեկ միլիոն ստորագրություն: Ստորագրահավաքի երկրորդ փուլին մասնակցում են ոչ միայն ԱՀճ-ի անդամ կուսակցությունները, այլեւ հեռանկարում դաշնակից դիտվող կուսակցությունների եւ կազմակերպությունների տեղական կառույցները:

Պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները ԱՀՃ-ի, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության միջեւ՝ միջկուսակցական քաղաքական ալյանս ձեւավորելու ուղղությամբ, ԱՀՃ-ի քաղաքական խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանն ասաց, որ միջկուսակցական բանակացությունները թեւակոխել են վերջին փուլ:

Ստեղծվելիք ալյանսի գործողությունների մասին Վարդան Խաչատրյանը խուսափեց խոսել, ասելով միայն, թե իրենց գործունեությունը լինելու է հրապարակային, եւ չի բացառվում որ արտախորհրդարանական ուժերի գործողություններն անդրադառնան խորհրդարանական վերադասավորումների վրա:



Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG