Մատչելիության հղումներ

Սպիտակի մոտ վթարի է ենթարկվել միջքաղաքային ավտոբուսը


Սպիտակի մայրուղու 15-րդ կիլոմետրի վրա երեկ երեկոյան վթարի է ենթարկվել Երեւան –Ստեփանավան կանոնավոր երթուղու ավտոբուսը: 34 ուղեւորներով «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, կորցնելով կառավարումը, գլորվել է ձորը: 7 ուղեւոր զոհվել է տեղում, եւս 3-ը մահացել են հիվանդանոց տեղափոխվելիս կամ հիվանդանոցում: Մնացած 24 ուղեւորները, այդ թվում նաեւ ավտոբուսի վարորդը, վիրավորվել են:

Վիրավորները տեղափոխվել են Սպիտակի, Վանաձորի եւ Ստեփանավանի հիցանդանոցները: Սպիտակի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Դիլբարյանն ասաց, որ տուժողների մեծ մասը ստացել է գանգուղեղային վրասվածքներ: Բոլորին ցույց է տրվել առաջին բուժօգնությունը, հնարավոր ամեն ինչ արվել է մարդկանց կյանքը փրկելու համար: Վիրավարներից 5-ը, բուժօգնություն ստանալուց հետո, գնացել են տուն:

Դեպքի վայրում աշխատում են Սպիտակի ներքին գործերի բաժնի քննչական խմբի անդամները, որոնց օգնում են Երեւանից եկած փորձագետները:

Քննությունն ընթացքի մեջ է, եւ առայժմ պաշտոնական տվյալներ չկան: Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Ռուբեն Բալոյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Ավտոբուսը շրջադարձի ժամանակ մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս: Դիմացից, ականատեսների վկայությամբ, շարժվելիս է եղել «Իկարուս» մակնիշի ավտոբուս: «Իկարուս»-ին բախվելուց խուսափելով, ավտոբուսը թեքվել է աջ եւ գլորվել ձորը»: Նա համոզված է, որ վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով:

Ստեփանավանի ավտոկայանի տնօրեն Թովմաս Թովմասյանի խոսքերով, վարորդը փորձառու էր, ձեռնարկությունում աշխատում էր 20 տարուց ավելի: Մեքենան ընդամենը 2 օր առաջ էր տեխնիկական զննման ենթարկվել:

Երեւանի ավտոկայանի տնօրինությունն, իր հերթին, նշում է, որ վարորդը երթուղի դուրս գալուց առաջ բժշկական զննման է ենթարկվել եւ սթափ վիճակում է եղել:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:


Շաքե Ավոյան, Սպիտակ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG