Մատչելիության հղումներ

Ցեղասպանության հարցը թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի «օրակարգում»


Համայն աշխարհի հայության շրջանում ավելի ու ավելի ընդլայնվող բանավեճ հարուցած թուրք-հայկական հաշտեցման վերջերս ստեղծված հանձնախմբում քննարկվելիք հիմնական վիճահարույց հարցը, ըստ տվյալ նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրների, 1915 թ. Հայոց ցեղասպանությունն է Օսմանյան կայսրությունում: Տասը անդամներից բաղկացած հանձնախմբի չորս հայ անդամները, որոնց մեղադրում են թուրքերի կողմից ցեղասպանությունը հերքելուն աջակցելու համար, հույս ունեն դնել անցյալի ողբերգական իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի շրջադարձային փոփոխության հիմքը:

Երկու ժողովուրդների միջեւ երկարատեւ թշնամանքին վերջ դնելու այս մասնավոր նախաձեռնությունը տասնամյակներ շարունակ հայերի մտքերը զբաղեցնող ամենակարեւոր հարցի շուրջ Հայաստանում եւ Սփյուռքում շատերին երկու մասի է բաժանել: Կատաղի քննադատությունը, որ հետեւեց հուլիսի 9-ին հանձնախմբի ստեղծման հայտարարությանը, մեծ հարցականի տակ է առնում նախկին Հայաստանի պետական պաշտոնյաներից եւ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հայկական համայնքների անդամներից բաղկացած հանձնախմբի հաջողությունը: Հայերից շատերը համոզված են, թե նախաձեռնությունը, որը, համաձայն հաղորդումների, խրախուսվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, պարզապես հնարք է, որի նպատակը ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ծավալված շարժումը խափանելն է:

Նախաձեռնության պաշտպանները, սակայն, պնդում են, որ իրականում այն կաջակցի ցեղասպանության ճանաչմանը: «Հայոց ցեղասպանությունն, անշուշտ, օրակարգում է, եւ թուրք հասարակությանն այն ընդունելուն նախապատրաստելը հանձնախմբի աշխատանքի մի մասն է», - ասել է տեղեկացված մի աղբյուր: Հանձնախմբի հայ անդամները, այդ թվում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուսաստանի նախագահական խորհրդի նախկին անդամ Անդրանիկ Միհրանյանը «ելնում են այն հիմքից, որ Հայոց ցեղասպանություն եղել է» եւ իրենց թուրք գործընկերների հետ անցկացվելիք քննարկումներում չեն փորձելու «պարզել ճշմարիտ է դա, թե կեղծ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նույն աղբյուրը:

«Կռունկ» ինտերնետային լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Միհրանյանն ասել է, որ իրենք փորձելու են թուրքերին համոզել, որ 1.5 մլն հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելը «երկու երկրների ու երկու ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ուղին է»: «Թուրք հանձնաժողովականների միջոցով եւ նրանց հետ միասին մենք ուղղակիորեն կարող ենք շփվել թուրքական վերնախավի եւ լայն հասարակության հետ եւ նրանց նախապատրաստել ցեղասպանության ճանաչմանը», - ասել է նա:

Այդուհանդերձ, ճշգրիտ կերպով հստակ չէ, թե ինչպես է հանձնախումբն անդրադառնալու ցեղասպանության հարցին: Դրա անդամներն ասում են, թե նպատակ չեն ունենալու որոշել այս կամ այն կողմի դիրքորոշման հիմնավորվածությունը: «Միտումը ճշմարտությունը պարզելը չէ, այլ ապագայի համար նոր հորիզոններ բացելն ու փոխըմբռնումը խթանելը», - անցած ամիս հանձնախմբի թուրք անդամներից Օզդեմ Սանբերկն ասել էր «Նյու Յորք Թայմս» թերթին: Սանբերկը Ստամբուլում մասնավոր հիմնադրամի գործադիր տնօրեն է, նախկինում՝ Թուրքիայի դեսպանը Անգլիայում:

Ժնեւում հրապարակված հիմնադիր հռչակագրում տասը անդամ ունեցող հանձնախումբը հայտարարել էր, որ ջանալու է «թուրքերի եւ հայերի միջեւ խթանել փոխհասկացողությունն ու բարի կամքը եւ խրախուսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը»: Դա արվելու է քաղաքացիական հասարակությունների միջեւ «շփումների, երկխոսությունների եւ համագործակցության» միջոցով: Հանձնախումբը համապատասխան առաջարկություններ է ներկայացնելու երկու երկրների կառավարություններին, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ: Ինչեւէ, հանձնախմբի գործունեության մանրամասները, ներառյալ հաջորդ հանդիպման անցկացման վայր ու ժամկետը, գաղտնի են պահվում:

Հայ հասարակության արձագանքը առայժմ բացասական է: Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ եւ գիտնականներ ասում են, որ Անկարան ուզում է կանգնեցնել Արեւմտյան երկրների օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ալիքը՝ ցույց տալով, թե երկխոսության մեջ է հայերի հետ: Նրանք ասում են, որ հանձնախմբի թուրք անդամների մեծամասնությունը իրենց դիվանագիտական գործունեության ընթացքում հիմնականում զբաղվել են հերքելով այն, ինչը, բազմաթիվ պատմաբանների համոզմամբ, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եղել:

Հանձնախմբի հայ անդամները, սակայն, հակադարձում են, թե բուն փաստը, որ թուրքական կառավարությունն այժմ կամենում է քննարկել ցեղասպանության հարցը, արդեն իսկ միջազգային հանրությանն ուղղված հստակ ազդանշան է, թե Անկարան վերջապես կարող է ճանաչել իր օսմանյան նախնիների հանցագործությունները: «Թուրքական կառավարությունը հարյուր տոկոսով դեմ էր Հայոց ցեղասպանության ցանկացած քննարկմանը», - ասել է նրանց մտածողությանը ծանոթ աղբյուրը: - «Հանձնախմբի ստեղծումից հետո, մարդիկ հասկանում են, որ թուրքական կառավարությունը սկսում է փոխել իր քաղաքականությունը՝ առվազն թույլ տալով, որ հարցը քննարկվի մի շարք լուրջ այրերի կողմից»:

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), որի նախագահ Վան Գրիգորյանը հաշտեցման հանձնախմբի անդամ է, կտրականապես հերքում է մեղադրանքները, թե ԱՀՀ-ն Անկարային խոստացել է դադարեցնել ԱՄՆ-ի կոնգրեսում իր հակաթուրքական բոլոր նախաձեռնությունները: «ԱՀՀ-ն կա եւ շարունակելու է մնալ Միացյալ Նահանգներում հարցի առաջատար պաշտպաններից մեկը», - օգոստսի 4-ին ասել է Գրիգորյանը «Կռունկ»-ին:

Մնում է տեսնել, թե ինչպես է թուրքական կառավարությունը արձագանքելու հետագա հայամետ որոշումներին: Հանձնաժողովի մեկ այլ թուրք անդամ, նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը անցած տարվա սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե Թուրքիան չի նորմալացնելու իր հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ վերջինս աջակցում ու սատարում է ցեղասպանության ճանաչման շարժմանը:

Պաշտոնական Երեւանը, մինչդեռ, թերահավատ է Միացյալ Նահանգների կողմից խրախուսվող այս նախաձեռնության հաջողության հարցում: «Համոզված եմ, որ ցեղասպանության հարցի հետ կապված որեւէ տեղաշարժ չի լինելու», - հայ պատմաբանների հետ հանդիպման ժամանակ վերջերս ասել էր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Ընդհակառակը, կարող է հենց այդ հարցի շուրջ այս գործընթացը տապալվի: Եվ դա մեր կողմից, մեր դիվանագիտության կողմից հստակ լծակ է լինելու օգտագործելու Միացյալ Նահանգների, այլ երկրների հետ: Մեկ անգամ էլ ցույց տալու համար, որ Թուրքիան ունակ չէ նման երկխոսությունների միջոցով հարցեր լուծելու, ցեղասպանության հարցին անդրադառնալու, եւ միակ ճանապարհը դա միջազգային ճանաչումն է»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG