Մատչելիության հղումներ

Կոմկուսի ղեկավարությունից հեռացվում է ավագագույն անդամներից մեկը




Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի բյուրոն որոշում է կայացրել դեռեւս խորհրդային տարիներին պետական եւ կուսակցական ղեկավար պաշտոններ զբաղեցրած Հրանտ Ոսկանյանին ազատել կուսակցության բյուրոյի անդամի պարտականություններից եւ ԱԺ-ում ՀԿԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից:

Այսօր Յուրի Մանուկյանը, որին իշխանամետության մեղադրանքով մի քանի օր առաջ ՀԿԿ կենտկոմի բյուրոն ազատել էր Երեւանի քաղկոմի քարտուղարի պարտականություններից եւ վտարել կոմկուսից, Հրանտ Ոսկանյանը եւ ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Հայրապետյանը ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ կրկին հայտարերեցին, թե պայքարելու են մինչեւ վերջ՝ արտահերթ համագումար հրավիրելու եւ կենտկոմի այսօրվա կազմը հիմնովին փոխելու նպատակով:

Հրանտ Ոսկանյանը օրինական չի համարում Կենտկոմի բյուրոյի իրեն վերաբերող որոշումը: Իսկ ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշում կարող է ընդունել միայն խմբակցությունը, որն այժմ արձակուրդում է:

Այսօր տեղի ունեցավ նաեւ Աժ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամների հանդիպումը Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության հետ: Միության նախագահը ավելի վաղ կոմկուսից հեռացված Վազգեն Սաֆարյանն է: Հանդիպմանը ներկա էին գիտնականներ, ակադեմիկոսներ, հանրապետության խոշոր ձեռնարկությունների տնօրեններ:

Քննարկվում էին տեղական արտադրողների շահերը պաշտպանելու, հարկային բեռը թեթեւացնելու անհրաժեշտության մասին: Հնչեցին կարծիքներ, թե տպավորություն է ստեղծվում, որ հանրապետությունում կան մարդիկ, ովքեր տեղական արտադրողներին աջակցելու փոխարեն, ձգտում են լրիվ կանգնեցնել տեղական արտադրությունը:

Ինչպես ՀԺԿ-ից դուրս եկած Գագիկ Ասլանյանը, այնպես էլ «ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը ու Վազգեն Սաֆարյանը կտրականապես հերքեցին, թե հանդիպումն ուներ նաեւ քաղաքական երանգ, եւ մասնակից խորհրդարանականներն ակնկալում են արտախորհրդարանական այս ուժի աջակացությունն առաջիկա ընտրություններում:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG