Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փաստաբանը ներկայացնելու է նոր միջնորդություններ


Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերը ներկացայնող ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե պատրաստվում է երեք նոր միջնորդություն ներկայացնել դատարանին եւ խնդրեց, որ վերջինս ապահովի մյուս ամբաստանյալների ներկայությունը:

Այդ միջնորդություններով փաստաբանը խնդրելու է նախ, որպեսզի դատարանը որպես ապացույց ճանաչի 1999-ի հոկտեմբերի 27-ին նկարահանված մի տեսաժապավեն, որը դեռ դատարանում չի ցուցադրվել, ինչպես նաեւ՝ նույն օրը կատարված գաղտնալսումների 2 ձայներիզ:

Օլեգ Յունոշեւը պատրաստվում է ներկայացնել Նաիրի եւ Կարեն Հունանյաններին ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից տեղափոխելու վերաբերյալ նոր միջնորդություն: Ըստ ռուսաստանցի փաստաբանի, այս անգամ միջնորդությունը հիմնված է լինելու ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի վրա: Նրա խոսքերով, ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում ոչ միայն ազդում են ամբաստանյալների վրա, այլեւ՝ նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Սակայն, քանի որ դատարանում ներկա չէին մյուս ամբաստանյալները, միջնորդություններն այսօր չքննարկվեցին: Դրանք կքննարկվեն հաջորդ նիստի ընթացքում՝ օգոստոսի 10-ին:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասնակիցները մի քանի նիստ համբերատարությամբ սպասելուց հետո, ի վերջո հանգեցին այն եզրակացությանը, որ 91 տուժողներից միայն 7-ը Նաիրի Հունանյանին ուղղելու հարցեր ունեին:

Ուստի, օրվա առաջին կեսին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի հարցադրումները լսելուց հետո, դատավոր Ուզունյանը որոշեց անցնել դատաքննության հաջորդ փուլին:

Ընդունված կարգով, հարցեր տալու հերթը պատգամավոր եւ տուժող Աղվան Վարդանյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանինն էր: Վերջինս հայտարարեց, թե առայժմ չի ուզում հարցեր տալ: Տուժողների իրավահաջորդներն իրենց ներկայացուցիչներին էին լիազորել հարցաքննել ամբաստանյալին: Վերջիններս հարցերը նախապատրաստելու համար ժամանակ խնդրեցին՝ 10-12 աշխատանքային օր:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG