Մատչելիության հղումներ

ԱԺՄ վարչության անդամները չեն ճանաչում խորհրդի որոշումը


«Ես չեմ կարծում, թե խորհրդի նիստ է տեղի ունեցել, որն ինչ-որ որոշում էլ կարող էր ընդունել», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց ԱԺՄ վարչության եւ պատգամավորական խմբակցության անդամ Ֆիլարետ Բերիկյանը: - «Նախորդ օրերին ես եղել եմ մի քանի տարածքային կազմակերպություններում եւ տեսել եմ, թե ինչպես են ստորագրություններ կորզվել եւ ինչ մեթոդներով»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին սատարող կուսակցության թեւը շաբաթ օրը կայացած խորհրդի նիստում որոշում էր ընդունել անվստահություն հայտնել Ֆիլարետ Բերիկյանին ու վարչության եւս հինգ անդամներին, եւ ցուցակը ներկայացնել ԱԺՄ սկզբնական կազմակերպություններին՝ հեռացման:

Այդ որոշմամբ փաստորեն լուծարվում է ԱԺմ վարչությունը, քանի որ մինչեւ առաջիկա համագումարը կուսակցության ղեկավարությունը դրվում է ԱԺՄ նախագահի եւ խորհրդի վրա:

Վկայակոչելով ԱԺՄ կանոնադրությունը, Ֆիլարետ Բերիկյանն ասաց. «Կուսակցության ղեկավար մարմինը այսօր վարչությունն է: Նախագահը մեր մոտ սիմվոլիկ է: Եթե վարչություն չկա, ուրեմն՝ կուսակցություն չկա»:

Ֆիլարետ Բերիկյանի կարծիքով, խորհրդի որոշման տակ ստորագրածների մի մասը խորհրդի անդամության համար լիազորված չի եղել: «Ես կարող եմ այսօր ընդամենը մի քանի ժամ հետո հավաքել ավելի մեծ քանակությամբ մարդիկ, ստորագրություններ հավաքել, հայտարարել, որ ԱԺՄ խորհուրդը սա է, եւ նման որոշումներ փորձել կայացնել», - ասաց նա:

Ինչ վերաբերում է որոշման մյուս կետին, որով խորհուրդը, բացի Վազգեն Մանուկյանից, մյուս երեքին (Սեյրան Ավագյանին, Սեմյոն բաղդասարյանին, Ֆիլարետ Բերիկյանին) ԱԺՄ խորհրդարանական խմբակցության անդամ չի ճանաչում, Ֆիլարետ Բերիկյանն այն բնորոշեց ոչ միայն հակականոնադրական, այլեւ՝ հակաօրինական:

ԱԺՄ վարչությունը երեկ երեկոյան հայտարարություն է ընդունել, որով կուսակցության մեջ կառուցվածքային փոփոխությունը՝ կոլեգիալ ղեկավարումով, կարեւոր է համարում ոչ միայն ԱԺՄ֊ում, այլեւ Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտում: Ինչպես ծանուցում է հայտարարությունը, կառուցվածքային փոփոխությունների հարցը կուսակցության համագումար հասցնելուն աջակցություն է հայտնել ԱԺՄ խորհրդի 23 անդամ:

Ֆիլարետ Բերիկյանը համաձայն չէ այն կարծիքին, թե ԱԺՄ-ի ներկա խմորումների պատճառը իշխանամետ թե ընդդիմադիր լինելու վեճն է, ասելով, որ «քաղաքական որեւէ տարաձայնություն չի եղել ու հիմա էլ չկա իրենց ու Վազգեն Մանուկյանի միջեւ»:

Օգոստոսի 25֊ին ԱԺՄ֊-ում կսկսվի փաստացի երկիշխանությունը. նույն օրը խորհրդի նիստ են հրավիրել կուսակցության երկու հակադիր թեւերը: Իրավիճակն այսպիսին է՝ խորհրդում Վազգեն Մանուկյանի կողմնակիցները չեն ճանաչում ԱԺՄ վարչությունը, վարչության կողմնակիցները՝ խորհրդի ընդունած որոշումը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG