Հինգշաբթի օրը Հայաստանի եւ Արդբեջանի նախագահները, հանդիպելով Սոչիում սկսված ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացն առաջխաղացում չի ունեցել: Սա երկու նախագահների առաջին առանձնազրույցն էր վերջին երկու ամսվա ընթացքում եւ անցյալ ամիս միջազգային միջնորդների մաքոքային դիվանագիտության հերթական փուլի բացահայտ տապալումից հետո:
«Սխալ կլինի ասել, թե մենք եկել ենք ընդհանուր հայտարարի», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը, սակայն, ավելացրել է, որ ինքն ու Ալիեւը համաձայնության են եկել շարունակել իրենց անմիջական հանդիպումները եւ պայմանավորվել են «այլեւս մամուլի միջոցով միավորներ չհավաքել»:
«Թուրան» լրատվական գործակալության մեջբերմամբ, Ալիեւն այսօր ավելի վաղ ասել էր, որ գագաթնաժողովում բարձրացնելու է Հայաստանի կողմից գրավված ադրբեջանական շրջանների հարցը, կրկին հայկական կողմին մեղադրել էր այդ տարածքները թմրանյութերի մաքսանենգության նպատակով օգտագործելու համար: Այս մեղադրանքները բազմիցս հերքվել են Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ որպես Ադրբեջանի կողմից օգտագործվող քարոզչական հնարք :
Այս տարվա հունիսին Ժնեւում ծրագրված վճռորոշ հանդիպման հետաձգումից ի վեր ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը կանգ է առել: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների անցած ամիս տարածաշրջան կատարած այցը շոշափելի արդյունքների չհանգեցրեց: Հայաստանյան կողմն ասում է, որ խաղաղ բանակցություններն առաջ մղելը կախված է Բաքվից՝ եթե վերջինս պաշտպանի ավելի վաղ Փարիզում եւ Քի Ուեսթում ձեռքբերված համաձայնությունները:
Հուլիսի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված առկա միջազգային առաջարկները շահեկան են հայկական կողմի համար, ուստի՝ անընդունելի են Բաքվի համար: Գուլիեւը ժխտել էր Երեւանի պնդումը, որ մարտին Փարիզում եւ ապրիլին Քի Ուեսթում կայացած բանակցություններում բոլոր կողմերը համաձայնության են եկել խաղաղ կարգավորման «հիմնական» սկզբունքների շուրջ: Հուլինի 25-ին «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում, սակայն, Արդբեջանի արտգործնախարարն ասել էր, որ ԵԱՀԿ-ի կողմից լիազորված Մինսկի խմբի բանագնացները դեռեւս լավ հնարավորություններ ունեն՝ առաջ մղելու վիճարկվող տարածքի շուրջ բանակցությունները:
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական «Զեռկալո» թերթը չորեքշաբթի օրը պնդել է, թե Ալիեւը հրաժարվել է Քոչարյանի եւ միջնորդների հետ համաձայնեցված պայմանավորվածություններից:
Էմիլ Դանիելյան, Երեւան