Մատչելիության հղումներ

Այլախոհ կոմունիստը վտարվել է կուսակցությունից




Հայաստանի կոմունիստական կուսակցությունում եւս կանգնել է իշխանամետ լինել-չլինելու հարցը, ու թեեւ խնդիրը չի դարձել կուսակցության պառակտման պատճառ, սակայն իշխանամետության եւ հակակոմունիստական դիրքորոշման մեջ մեղադրվող կոմունիստ պատգամավոր Յուրի Մանուկյանը նախ հեռացվել է Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, ապա՝ առհասարակ վտարվել կուսակցությունից: Այս կոշտ քայլն իր նկատմամբ Յուրա Մանուկյանը գնահատում է այսպես. «Այն կուսակցությունը, որի մեջ է այսօրվա կենտրոնական կոմիտեի գերակշռող մեծամասնությունը, պարկեշտ, օրինավոր մարդկանց տեղը չէ»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Յուրի Մանուկյանն ասաց նաեւ, որ կուսակցությունից վտարելուց առաջ իրեն չեն լսել, մասնակից չեն դարձրել քննարկմանը եւ որոշման մասին էլ չեն տեղեկացրել: Հարցին, թե արդյո՞ք այս ոճը նորություն է կոմկուսի գործելակերպում, նա պատասխանեց. «Կոմկուսի ոճը ցավալիորեն կրկնվում է: Մենք պատմությունից դասեր չենք քաղում: Իմ բացատրությունը ոչ ոք չի լսել»:

ԱԺ պատգամավոր Յուրա Մանուկյանը հերքում է նախկին կուսակիցների կողմից իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: Նա դեմ է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում գտնվող հանրապետության քաղաքական դրության ապակայունացմանը, ինչը էլ, իր կարծիքով, դարձել է իշխանամետության մեջ մեղադրվելու հիմք: Ըստ նախկին կոմունիստի, ինքը «արդեն 10 տարի քաղաքական արենայում է», ունեցել է բազմաթիվ հրապարակային ելույթներ, եւ ոչ ոք չի կարող ասել, թե դրանցում ինքը իշխամետություն է դրսեւորել:

«Ուղղակի այդ մարդկանց մեջ երկար տարիներ ի վեր հակակրանք կա իմ նկատմամբ, քանի որ ես անկախական եմ, ազատ մտածելակերպ ունեմ, եւ երբեք դոգմաներով չեմ առաջնորդվում: Իմ հայրենիքն այսօր պահանջում է այս վարքագիծը՝ ես դրանով եմ առաջնորդվում: Ժողովրդին պետք է սա՝ ես դա եմ անում», - ասաց Յուրի Մանուկյանը:

Նա շարունակում է իրեն համարել կոմունիստ՝ «Ոչ ոք չի կարող ինձ մեկուսացնել իմ գաղափարներից, որոնք կոմունիստական են»: Յուրի Մանուկյանը նոր կուսակցություն ձեւավորելու մտադրություն չունի, իսկ համախոհներին, որոնք, իր կարծիքով, քիչ չեն, կոչ է անում մնալ կուսակցության շարքերում եւ պայքարել հանուն ճշմարտության:

Հայկոմկուսի կենտոնական գրասենյակում հաստատեցին, որ Յուրի Մանուկյանը վտարված է հստակ հակակոմունիստական դիրքորոշում ունենալու համար: Ինչ վերաբերում է կուսակցության պառակտման հնարավորությանը, ապա Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը գտնում է, որ «այդ տեսակետից Հայաստանի կոմկուսն ունի իր ավանդույթները, իր ուրույն գաղափարախոսությունը, եւ որեւիցե մեկը թող չսպասի, որ Հայկոմկուսը կքայքայվի»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG