Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ» թերթի պատկերմամբ, «քաղաքական ուժերի վերադասավորումների գործընթացը թեպետ մտել է վճռական փուլ, բայց առայժմ վաղ է խոսել քաղաքական դաշտի հստակեցման մասին»: Ըստ մեկնաբանի, թերեւս տեղին կլինի ժողովրդական ասույթը՝ «Ջրերը մինչեւ մի լավ չպղտորվեն, չեն պարզվի»: Հանրապետականների թերթը առավել հավանական տարբերակ էր համարում «Միասնության» երկու թեւերի բաժանումը, քան ՀԺԿ-ի տրոհումը: Մինչդեռ՝ «ստացվեց բավական տարօրինակ պատկեր: Թե' ՀԺԿ-ում մնացած պատգամավորները, եւ թե' նրանից պաշտոնապես դուրս եկածներն իրենց համարում են «Միասնություն» դաշինքի անդամ, թեպետ պարզ է, որ բուն ՀԺԿ-ն իր ղեկավարի հետ արդեն իսկ համալրում է արմատական ընդդիմության շարքերը, եւ «Միասնությունից» դուրս գալու հարցը կլուծվի արդեն աշնան սկզբներին»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը «ի՞նչ աշուն եք սպասում» հարցին պատասխանում է. - «Բարեբեր: Թեժ կարող է լինել եւ' գարունը, եւ' աշունը, եւ' ողջ տարին: Առաջիկա ամբողջ տասնամյակում լուրջ աշխատանք պետք է կատարվի: Պետք է թեժ լինեն մեր եռանդը, աշխատանքը, բայց ո'չ քաղաքական հարաբերությունները»: Խորհրդարանը լուծարելու առանձին պատգամավորների կոչերը, Արմեն Խաչատրյանի կարծիքով, չեն կարող լուրջ քննարկման առարկա դառնալ՝ «պետության կյանքում նման պատասխանատու ու ճակատագրական քայլի համար հիմքեր են պետք»:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ում ասում է, թե, իր կարծիքով, «սեպտեմբերին խորհրդարանն առողջացնելու վերջին փորձը կկատարվի: Եթե այն չհաջողվի, ապա այս խորհրդարանն այլեւս ավելորդ է մեր քաղաքական կյանքում... Բայց առողջացնելու վերջին փորձն, իհարկե, պետք է արվի, եւ մենք դրան, անշուշտ, կմասնակցենք»:

«Երկիր» թերթին տված հարցազրույցում նախկին ԱԺՄ-ական Շավարշ Քոչարյանը գտնում է, որ ԱԺմ-ում ներկայումս ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանն է, 12-րդ համագումարում վերջինիս դրսեւորած մոտեցումները: «Նա պաշտպանեց այն խմբին, որը համագումարի սկզբում մեծամասնություն չէր կազմում: Եվ ինքն էլ դարձավ այդ խմբի ձեռքում պատանդ, իսկ այսօր, ըստ էության, նաեւ նրանց զոհն է», - ասում նա: Պատասխանելով լրագրողի հարցին, թե «ԱԺՄ-ում շատերն այն կարծիքին են, որ եթե կուսակցությունը կարողանա մաքրվել՝ ազատվելով վարչության ընդդիմադիր 7 անդամներից, կուսակցությունից հեռացած Շավարշ Քոչարյանը եւ Արշակ Սադոյանը կվերադառնա՞ն կուսակցություն», Շավարշ Քոչարյանն ասել է. «Մեր հետ գնալու խնդիրը չկա, ԱԺՄ-ի հետ գնալու խնդիրը կար, որովհետեւ նա նահանջել էր իր ծրագրերից, բայց, ցավոք, եթե ԱԺՄ-ն ի վիճակի լիներ հետ գալու, եւ եթե մենք դա հնարավոր համարեինք, ապա չէինք հեռանա կուսակցությունից: Ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ մենք ճիշտ էինք: Լավ կլիներ, որ մեր հեռանալը դաս լիներ, կուսակցությունը սթափվեր: Այդ դեպքում գոնե սերտ կհամագործակցեինք, իսկ այսօրվա ԱԺՄ-ի հետ ոչինչ հնարավոր չէ»:

«Ազգ»-ի ներկայացմամբ, «Հայկական ատոմակայնի մոտ 3000 աշխատակիցների վերջին 4-5 ամսվա աշխատավարձերի վճարումը ուշացնելու պատճառով ներկայումս կայանում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ»: Օրաթերթի խմբագություն այցելած ատոմակայանի անմիջական շահագործման հերթափոխի պետերը հրապարակման են հանձնել հանրապետության նախագահին, վարչապետին եւ էներգետիկայի նախարարին ուղղված երկրորդ բաց նամակը՝ այս անգամ ավելի խիստ եւ կոնկրետ ահազանգով: «Ազգ» թերթի միջոցով կոլեկտիվը զգուշացնում է, որ «օգոստոսի 7-ին կդադարեցնի նաեւ վերանորոգման աշխատանքները՝ բացառությամբ միջուկային ռեակտորի եւ օգտագործված միջուկային վառելիքի անվտանգությունն ապահովող համակարգերի նորմալ աշխատանքի, եւ աշխատանքները կվերսկսի միայն այն ժամանակ, երբ կկատարվեն նամակում նշված 7 պահանջները, որոնցից առաջինն է՝ վճարել անցած 4 ամիսների աշխատավարձը»:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG