Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում զիջել իր դիրքերը




ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կուսակցության ներսում ստեղծված եւ անհաշտ ներկայացող իրավիճակի մասին ասաց. - «Այդ հարցը իրենք են դրել, ու հետեւողականորեն տանում են: Իսկ հիմա ես այդ հարցի պատասխանը գիտեմ. ես իրենց հետ երբեք չեմ լինելու»:

Վազգեն Մանուկյանի կարծիքով, հիմա ԱԺՄ֊ում «առաջացել է «թայֆա», որը հեղաշրջում անելով ուզուրպացնել է ուզում իշխանությունը»: Հեղաշրջումն, ըստ նրա, ուղղված է ոչ միայն կուսակցության նախագահի, այլեւ շարքային անդամների դեմ:

Ազգային ժողովում ԱԺՄ խմբակցության ղեկավարի պաշտոնից իրեն ազատելը Վազգեն Մանուկյանը եւ կուսակցության խորհրդի անդամների մեծամասնությունը համարում են անօրինական, չնայած Մանուկյանն ավելացնում է, որ դառնության հետ ներքին ուրախություն է ունեցել: «Ես ազատվեցի այդ մարդկանցից, որովհետեւ հասկանալի է, այս մարդկանց հետ ես այլեւս ընդհանուր ճանապարհ չունեմ գնալու», - ասաց նա:

Դրա հետ մեկտեղ Վազգեն Մանուկյանը չի հեռանա կուսակցությունից, քանի որ իրեն պարտավորված է զգում ԱԺՄ կառույցների ղեկավարների ու շարքայինների, պարկեշտ, ազնիվ, գաղափարների նվիրված մարդկանց հանդեպ: «Եթե այդպիսի մարդիկ չլինեին, ես վաղուց կողք կկանգնեի», - ասաց ԱԺՄ նախագահը:

Անդրադառնալով ԱԺՄ վարչության անդամ Վարդան Մկրտչյանի արտահայտությանը, թե «ԱԺՄ֊ում ռազմաֆեոդալական կարգեր են», Վազգեն Մանուկյանն ասաց. - «Եթե ռազմաֆեոդալական են, ես էլ ռազմաֆեոդալն եմ, երեւի ճիշտ կլինի, որ դուք այդ հարցը տաք մեր շարքային անդամներին... Այսինքն՝ իրենք հայտարարում են, որ ճորտատիրական կարգեր են, իրենք մինչեւ հիմա ճորտեր էին, իսկ հիմա ապստամբություն են բարձրացրել հանուն արդարությա՞ն»:

Ընդդիմադիր թեւի դժգոհությունների շարքում է նաեւ այն, որ ԱԺՄ-ն Հայաստանի ամենաաղքատ կուսակցություններից է: «Դա իմ դժգոհությունն էլ է», - ասաց Վազգեն Մանուկյանը»: - «Բացի իշխանության կուսակցությունից, Հայաստանում դասական ձեւ է՝ մյուսները գումարներ չունեն: Բայց, մյուս կողմից, կուսակցությունն էլ հասարակությանը բան պիտի ունենա առաջարկելու, որ որոշ շերտեր ցանկանան ֆինանսավորել»: ԱԺՄ-ն ոչինչ չի առաջարկում, քանի որ «կուսակցությունը այն վիճակում չէ, որ հասարակությանը մի ճանապարհ առաջարկի»:

Մինչեւ 1998 թվականը, ասաց ԱԺՄ նախագահը, հասարակության ամենալուրջ շերտն ԱԺՄ֊ի մեջ տեսնում էր ոչ միայն ՀՀՇ վարչակարգը տապալողի, այլեւ հեռանկար առաջարկողի, իսկ 1998֊ից հետո «կուսակցությունն ընկավ փնտրտուքների մեջ, եւ մինչեւ հիմա դրանցից չի ազատվում»:

Վազգեն Մանուկյանը համաձայն չէ, թե այդ փնտրտուքը սկսվեց նրանից, երբ Դավիթ Վարդանյանը նշանակվեց նախագահի վերահսկողության ծառայության պետ, թե «իշխանություն, թե՞ ըննդդիմություն» երկարատեւ ու անորոշ արդյունք տված վեճն է կուսակցության պառակտման պատճառը: Նա ասաց, որ վերջին համագումարում կար նման վեճ, բայց ոչ թե «ընդդիմություն թե՞ դիմություն», այլ՝ «այլընտրանքային ծրագրերով ընդդիմությու՞ն, թե՞ կառուցողական ընդդիմություն»: Միաժամանակ, ըստ ԱԺՄ նախագահի՝ «վաղուց մեր կուսակցությունում այդ պրիմիտիվիզմից մենք դուրս ենք եկել, թե մենք ընդդիմություն ենք, թե իշխանություն»:

Անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, թե ներկայիս իշխանություններն են հրահրում ներկուսակցական պառակտումները, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես այդպիսի ձեռք չեմ տեսնում... հիմա ես չեմ տեսմում ինչ-որ ուղղորդող թշնամական ձեռք, որ դրսից ղեկավարում է այս ամենը»:

ԱժՄ վերջին համագումարից հետո կուսակցությունում ծայր առած խմորումները վերջին օրերին խիստ ակտիվացան: Անցած շաբաթ օրը ձախողվեցին խորհրդի նիստ անցկացնելու կուսակցության երկու թեւերի փորձերը: Կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեւին հակադրվելով, վարչության 7 անդամների գլխավորած թեւը ոչ միայն հանդես է եկել կուսակցության կանոնադրության սկզբունքային փոփոխությունների առաջարկներով, այլեւ ԱԺՄ խորհրդարանական խմբակցության նիստում Վազգեն Մանուկյանին ազատել է խմբակցության ղեկավարի պարտականություններից:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG