Մատչելիության հղումներ

Ըստ ԱԱՆ ներկայացուցչի, Վանաձորի ՀՀՇ կազմակերպության ղեկավարի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի


«Սա քրեական գործ է, որն այդպիսի հնչեղություն է ստացել այն պատճառով, որ ձերբակալվածը ՀՀՇ վարչության տարածքային կառույցի ղեկավարն է», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց ազգային անվտանգության նախարարության լրատվության պատասխանատու Արմենակ Մանուկյանը:

Հուլիս 23-ին ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են ՀՀՇ կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Գուգարքի անտառտնտեսության փոխտնօրեն Աշոտ Մանուկյանին: Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության եւ մամուլի հետ կապի ծառայության հաղորդագրույթան համաձայն, ՀՀՇ տարածքային կազմակերպության գրասենյակում հայտնաբերվել եւ առգրավվել էր մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:

ՀՀՇ վարչության քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը հրաժարվեց որեւէ տեսակետ ներկայացնել, պատճառաբանելով, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, Մանուկյանի ձերբակալությունն ուղեկցվել է տարօրինակ հանգամանքներով, եւ վարչությունը տեղեկատվությունը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտություն ունի: Անդրանիկ Հովակիմյանը, սակայն, չբացառեց, որ այսօր կուսակցությունը հայտարարություն կտարածի:

Արմենակ Մանուկյանը բացասական պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք խուզարկվել են նաեւ շարքային կամ ոչ շարքային այլ հհշականների բնակարանները, գրասենյակները կամ առանձնատները:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG