Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ՀՀՇ կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանի ձերբակալությունը՝ մեծաքանակ զենք պահելու մեղադրանքով, մամուլում առաջինը իր վարկածների մեջ է տեղավորում «Հայոց Աշխարհ» թերթը՝ զուգադրելով. «Վերջին ամիսներին ԱՀՃ (Ազգային համաձայնության ճակատ), ՀՀՇ, ՀԺԿ եւ մի քանի այլ փոքր ու մեծ կազմակերպություններ ներկայացնող գործիչներն ու հհշամետ լրատվամիջոցները իրենց քարոզչության առանցքն են դարձրել երկրում, իբր թե, պետական մակարդակով իրականացվող ահաբեկչությունը... Այնինչ հանրությանը քաջ հայտնի է, որ հենց ՀՀՇ-ի ներսում եւ այդ կազմակերպության ղեկավարության անմիջական ցուցումներով են ստեղծվել բազմաթիվ ահաբեկչական-բանդիտական խմբեր... Անհերքելի փաստ է նաեւ, որ մինչ այժմ բացահայտվել են ՀՀՇ-ի ահաբեկչական ոչ բոլոր խմբերը եւ ՀՀՇ-ի զենքի ոչ բոլոր զինանոցները... Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հենց Վանաձորում է վերջին շրջանում խիստ սրվել քրեածին իրավիճակը. ինչ-որ զինված դիմակավորներ հարձակումներ են գործում պետական գրասենյակների վրա եւ քաղաքում ահաբեկման մթնոլորտ ստեղծում... Պարզ չէ՞, որ պայթուցիկներն ու մյուս նյութերը նախատեսված են խոշորածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», - բխեցրել է «Հայոց Աշխարհ»-ը: - «Իրավիճակը երկրում գնալով սրվում է... Այսօր կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀՇ-ի ու նրա բազմաթիվ արբանյակների ձեռքում է կուտակված անօրինական զենքի հսկայական քանակություն: Զենք, որը առանց վարանելու գործի կդրվի իշխանությունը ամեն գնով վերադարձնելու համար»:

«Ապացուցիր, որ ուղտ չես» վերնագրի տակ է «Առավոտ» թերթում ներկայացվում ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանի փաստարկումն ի պատասխան մեղադրանքների, որ ինքը ՀՀՇ-ի դրածոն է այդ կուսակցության մեջ: Վերջինս հատկապես մատնանշում է, որ այսօր երկրում գերագույն իշխանություն ունեցող մարդիկ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Ռոբերտ Քոչարյանից սկսած, անհամեմատ ավելի հհշական կարող են համարվել, քան նրանց ընդդիմադիրները:

ՀՀՇ-ն այսօր մամուլի հոլովույթի մեջ է եւ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի» առնչությամբ: Կուսակցության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի ընդգրկվելը դրանում «Երկիր» թերթի մեկնաբանը ենթահողում է այսպես. «Առջեւում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են: Հո չի՞ կարելի դատարկ ձեռքով ներկայանալ ժողովրդի դատին՝ լավ հասկանալով, թե ներքին քաղաքականության մասին հիշողությունն անգամ ինչ ցավ է պատճառելու մարդկանց: Ահա եւ լավագույն առիթը՝ շաղակրատել հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ՝ ակնարկելով տնտեսական բարիքներ ոչ միայն առեւտրականների, այլեւ շարքային մարդկանց համար, հավելելով, իհարկե, շրջափակման վերացումը, դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհը, արեւմտյան եւ թուրքական կապիտալի մուտքը Հայաստան եւ այլն: Ձայն տվեք, պարոնայք, ՀՀՇ-ին, եւ դուք լավ կապրեք. մոռացեք ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, Արցախի դատը, այլեւ ՀՀՇ-ի կործանաբեր անցյալը՝ ձեզ սպասում է լուսավոր ապագա... «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովում» չեն քննարկվելու հայ ժողովրդի եւ Հայաստանի համար բացառիկ կարեւորության երկու հիմնահարց՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Արցախի հակամարտության կարգավորումը», - շեշտում է մեկնաբանը: - «Այդ դեպքում միտք է ծագում. այդ ինչի շուրջ է հաշտություն կայանում»:

«Ազգ» թերթի հարցազրույցում, սակայն, այդ հանձնախմբի անդամ, Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը հավաստում է՝ քննարկվող գլխավոր հարցերից առաջինը Հայոց ցեղասպանության հարցն է. «Նրանք ընդունում են, որ իրենց մեծագույն դժվարություններից մեկն էլ այն է, որ հաջորդական 3 սերունդ այդ մասին ուղեղալվացման են ենթարկվել, թե ցեղասպանություն չի եղել: Հետեւաբար, հոգեբանորեն մենք չենք կարող պարզապես փոխել իրենց մտածելակերպը: Պետք է վերադաստիարակել ժողովրդին: Կարծում եմ, որ գիտնականներ, մասնագետներ եւ հոգեվերլուծաբաններ պետք է Թուրքիա մեկնեն եւ բացատրեն, ուսուցանեն մեր հարցը: Համալսարաններում պետք է դասընթացներ հաստատվեն»:

«Առաջին անգամ թուրքերն ընդունելու են Ցեղասպանությունը: Դրանից հետո աշխարհի մյուս պետությունների կողմից ճանաչումը դյուրին կլինի», - կանխագծում է Վան Գրիգորյանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին՝ «Այդ հարցը սկզբում բերվեց, սակայն ես մերժեցի: Սա զուտ հայ-թուրքական խոսակցություն է լինելու»: «Մեր բոլոր անդամներն էլ թիմային լավ խաղացողներ են», - հանձնախմբի հայկական կողմին է գնահատում Վան Գրիգորյանը: Նրա մատուցմամբ, հանձնաժողովը «անձնական նախաձեռնությամբ քով-քովի եկած հավաքական մի խումբ» է եւ «շուտով հանձնաժողովին մաս են կազմելու նաեւ ուրիշ ազգայիններ»:

Ազգայինների մի յուրահատուկ ցանկ է այսօր ներկայացնում «Հայկական ժամանակ» թերթը՝ կուլիսային տեղեկատվության հիման վրա կազմելով «ստվերային գործունեության կամ կուլիսային լոբբինգի արդյունքում Հայաստանում... իշխանական կարծիքը» ձեւավորող գործիչների աղյուսակ: Մարդկանց, «ովքեր շատ դեպքերում աննկատ մնալով՝ էական ազդեցություն ունեն իշխանության ներսում, կամ էլ բացի օրենքով իրենց վերապահվածից կատարում են նաեւ այլ ֆունկցիաներ»: Հավաքած միավորներով, այս ցանկը գլխավորում է Սերժ Սարգսյանը: Հաջորդում են նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախագահ Դավիթ Հարությունյանը, նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, նախագահի օգնական Արմեն Գեւորգյանը, գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը: Ստվերային կառավարման վերին աստիճանակարգում, «Հայկական ժամանակ»-ի պատկերմամբ, քաղաքական դաշտից գերակշռում են Դաշնակցության ներկայացուցիչները:

«Մենք տեր չունենք, մենք անտեր ենք... Մեզ տեր է պետք Նժդեհի, Քաջազնունու, Խանջյանի նման տեր», - «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է արձակագիր Աղասի Այվազյանը: - «Ես ուրախանում եմ, երբ մի հայի կարող եմ լավություն անել: Իշխանավորներին ուզում եմ հարցնել՝ դուք էդ ուրախությունը, հաճույքը չունե՞ք... Գրպանի հաճույքը փոքր է, էդ գրպանը կմաշվի, կվերջանա: Գրպանի մարդիկ եք դուք, երկրի մարդիկ եղեք»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG