Մատչելիության հղումներ

Ղարաղաբը պատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին


Փորձագետների կանխատեսմամբ, լուրջ պայքար է սպասվում Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հատկապես՝ Ստեփանակերտում:

Հետաքրքրությամբ սպասվում է, թե ինչ արդյունքի կհասնեն այն թեկնածուները, որոնք ունեն հեղինակություն ու փորձ, սակայն որեւէ քաղաքական կամ հասարակական խմբավորում չեն ներկայացնում: Իսկ այդպիսիները մեծամասնություն են կազմում հանրապետության բազմաթիվ համայնքներում, որտեղ ղեկավարի եւ ավագանու անդամների թերկածուների առաջադրումն ավարտվեց երեկ:

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Կուսակցական են միայն երկուսը. ՀՅԴ-ն ներկայացնում է ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, իսկ քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար Բորիս Առուշանյանին պաշտպանում է «Արմենական» կուսակցությունը:

Իշխանական համարվող «Ժողովրդավարական Արցախ» միությունը (ԺԱՄ), ըստ դրա համանախագահ Էդուարդ Ղուկասյանի, պաշտպանելու է «Ղարաբաղ» հյուրանոցի տնօրեն Համիկ Ավանեսյանի թեկնածությունը: Փորձագետների գնահատմամբ, դա իր դիրքերը ամրապնդել ձգնտող ԺԱՄ-ի համար լավագույն տարբերակը չէ:

Քաղաքապետի թեկնածուների գրեթե կեսը անկուսակցական գործարարներ են: Բնակչության վերաբերմունքն այստեղ բացասական է, հանրապետության գործադիր իշխանությունն էլ պարզապես կոնկրետ քայլերով է դրսեւորել իր մերժողական վերաբերմունքը. այս տարի շրջանային մակարդակի ղեկավարներից երկուսն ազատվել են պաշտոնից՝ հիմնականում գործարարությամբ զբաղվելու համար:

Թեկնածուների շարքում, փորձված կառավարիչների կողքին, կան նաեւ քաղաքի բնակիչներին գրեթե անծանոթ անուններ: Դա հետեւանք է ընտրական լիբերալացված օրենքի: Ըստ Ստեփանակերտի ընտրական հանձնաժողովի նախագահ Արինա Ոսկանյանի, առաջադրվել ցանկացողներից պահանջվում է միայն տեղեկանք բնակության վայրից: Նա չի ողջունում ընտրական օրենքում կատարված այն փոփոխությունն, ըստ որի համայնքի ղեկավար կարող է ընտրվել տվյալ բնակավայրում առնվազն մեկ տարվա գրանցում ունեցող անձը:

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուների գրանցումը կավարտվի օգոստոսի 16-ին, որին կհաջորդի 20-օրյա ընտրարշավը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG