Մատչելիության հղումներ

ՀԿԺ-ում շարունակվում են ներկուսակցական խմորումները


ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) վարչության երեկվա նիստում ընդունված որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը ազատվել է ՀԺԿ քարտուղարի եւ քաղխորհրդի անդամի պարտականություններից: Կուսակցության քաղխորհուրդն առաջարկել էր Ասլանյանին հեռացնել կուսակցությունում զբաղեցրած բոլոր ղեկավար պաշտոններից, իսկ վարչությունը, փաստորեն, կիսով չափ է բավարարել դա՝ նրան չազատելով ՀԺԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պարտականություններից:

Առաջիկայում նախատեսված է ՀԺԿ քաղխորհրդի, վարչության, ինչպես նաեւ Կենտրոն տարածքային կազմակերպության համատեղ ժողով, ուր քննարկվելու է Գագիկ Ասլանյանին այդ պաշտոնից էլ ազատելու հարցը: Ինքը՝ Գագիկ Ասլանյանը առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:

«Ես ինձ այսօրվանից համարում եմ ՀԺԿից դուրս», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը: Քանի որ ՀԺԿ վարչության երեկվա նիստում իր առաջադրած «երկու պայմանն էլ չի ընդունվել, ես չեմ կարող այլեւս մնալ»:

Մանվել Բադեյանը փոխանցեց, որ այդ պայմաններից առաջինը հետեւյալն էր. վարչությունը իր որոշման մեջ պետք է ամրագրեր, որ «ՀԺԿն որեւէ ընդհանուր ճանապարհ չունի Աշոտ Մանուչարյանի հետ, որեւէ ընդհանուր ճանապարհ չունի ՀՀՇի հետ»: Մյուսը՝ որ քաղխորհրդի չորս անդամ ազատվեին այդ պարտականություններից ու այլեւս չձեւավորեին կուսակցության քաղաքականությունը: Կոնկրետ անուններ, սակայն, նա չնշեց:

Մանվել Բադեյանի կարծիքով, կուսակցությունը պառակտելու փորձ արվում է: «Չկա այսօր քաղաքական ուժ, որ չուզենա պառակտել ՀԺԿ-ն», - ասաց նա: Կրկին չմասնավորեցնելով, նա միայն ավելացրեց, որ բոլոր կուսակցություններն էլ մրցակից են ՀԺԿ-ին՝ չբացառելով նաեւ իշխանությունների դերը:

Անդրադառնալով «ՀՀՇ-ի կամ Աշոտ Մանուչարյանի հետ ընդհանուր ճանապարհ» բնորոշմանը, ԱԺ պատգամավոր, ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը ասաց. «Նախ Ստեփան Դեմիրճյանը ՀՀՇ-ի հետ հանդիպում չի ունեցել... եւ հետո՝ ի՞նչ է, կուսակցության ղեկավարն իրավունք չունի՞ շփումներ ունենալ քաղաքական այլ ուժերի հետ»:

Գրիգոր Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ վարչության նիստը երեկ հավանություն է տվել կուսակցության նախագահի աշխատանքների այս ուղղությանը: Նա պետք է բոլոր քաղաքական ղեկավարների հետ ունենա շփումներ, հանդիպումներ:

Հունիսի 17-ին քաղաքական հայտարարությամբ հանդես էր եկել ԱԺ նախագահ Արմեն խաչատրյանը՝ դադարեցնելով իր անդամությունը ՀԺԿ-ում եւ իր անհամաձայնությունը հայտնելով կուսակցության ներկայիս ղեկավարության գործելաոճին եւ վարած քաղաքականությանը: Կուսակցության ղեկավարության հասցեին կտրուկ քննադատություն պարունակող հայտարարությամբ հունիսի 18-ին հանդես էին եկել նաեւ մի խումբ ՀԺԿ-ական պատգամավորներ, այդ թվում՝ այսօր իրեն ՀԺԿ-ից դուրս հայտարարած Մանվել Բադեյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG