Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, «ՀԺԿ անդամ պատգամավորների ճնշող մեծամասնությանը հազիվ թե կարելի է համարել Ստեփան Դեմիրճյանի վարած քաղաքական կուրսի կողմնակից կամ առավել եւս՝ ջատագով: Արդյունքում՝ ՀԺԿ ղեկավարը կարող է մնալ հհշամետ ագրեսիվ փոքրամասնության հույսին»: Մեկնաբանը Ստեփան Դեմիրճյանի այսօրվա երկընտրանքը տեսնում է այսպես. «Կա'մ կուսակցության պառակտումը կանխելու նպատակով նա կհայտարարի, որ պատրաստ է քաղաքական գործընթացներում չափավորել իր դիրքորոշումները եւ բնականաբար մասնակից չդառնալ հհշամետ ուժերի նախաձեռնությամբ ստեղծվող դաշինքին, կա'մ կշարունակի վերջին մեկ տարվա ուղեգիծը: Այդ դեպքում ընդդիմադիր դարձած ՀԺԿ-ն խորհրդանարում կարող է ունենալ ոչ ավելի, քան 5 ներկայացուցիչ»:

«Ժամանակ» թերթն էլ հակված է չափազանցված չհամարելու «Արմեն Խաչատրյանի եւ նրա կողմնակիցների այն պնդումները, թե կուսակցության անդամների մեծամասնությունը կգնա իրենց հետեւից»: «ոլոս Արմենիի» թերթի գնահատմամբ, ժողկուսակցության շարքերը կլքեն պրագմատիկները, եւ ոչ այն պատճառով, որ ընդդիմության հեռանկար չեն տեսնում: «Բնավ չի բացառվում, որ ընդդիմադիր դաշինքը հաղթանակ տանի առաջիկա թե' խորհրդարանական, թե' նախագահական ընտրություններում, բայց», - ընդգծել է մեկնաբանը, - «ՀԺԿ-ի պրագմատիկները միանգամայն տեղին կասկածում են, որ այդ ընդհանուր հաղթանակից իրենց ինչ-որ բան հասնի»: Ընդհանուր առմամբ, ՀԺԿ-ն, մեկնաբանի հայացքով, հայտնվել է մի իրավիճակում, երբ ի վիճակի չէ ներքաղաքական դաշտում սեփական խաղը վարել, այդ պատճառով էլ խաղում է ուրիշների համար: Եվ գնալով՝ ավելի ու ավելի համեստ կազմով:

«Հայկական ժամանակ»-ում մատուցվում է մի սցենար էլ, թե հավանական է ագիկ Ասլանյանը ու նրա կողմնակիցները դեռ կարողանան նոր քաղխորհուրդ ձեւավորելով հեղաշրջում կատարել ՀԺԿ-ի ներսում, Ստեփան Դեմիրճյանին զրկել կուսակցությունը ղեկավարելու իրական լծակներից: «Երկիր» թերթի բանաձեւով, ինչ էլ կատարվի ՀԺԿ-ում՝ երբեք ինքնամաքրման երեւույթ չի կարելի որակել: Դա ավելի շուտ ինքնափլուզում է, քանզի այդ կուսակցությունում «բացակայում է ամենակարեւորը՝ գաղափարի շուրջ մարդկանց համախմբման հանգամանքը»:

«Թե' կոմկուսի եւ թե' ՀԺԿ-ի «պատժիչ» ու «զտիչ» քաղաքականությունն ավելի լայն ենթատեքստ ունի, եւ ժամանակային առումով՝ ընտրված պահը բոլորովին էլ պատահական չէ», - իմաստավորում է «Ժամակակ»-ի մեկնաբանը: - «Սույն ուժերի տրամաբանությամբ, իշխանության դիրքերը թուլացել են եւ հնարավոր է՝ մոտ ապագայում է'լ ավելի թուլանան, ուրեմն պետք է կոշտացնել ընդդիմադիր կեցվածքը, բարձրացնել սեփական վարկանիշը, կազմ ու պատրաստ լինել յուրաքանչյուր հարմար պահի իշխանության «ամրոցները» գրոհելու... Նրանց վարքի փոփոխությունից, գործելաոճից, կտրուկ քայլեր կատարելու վճռականությունից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ թե պատրաստվում են մեկուկես տարի հետո տեղի ունենալիք ԱԺ եւ նախագահի հերթական ընտրություններին, այլ չեն բացառում մինչ ընտրությունները իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը»: Ընդդիմադիր «նոր դաշինքի հիմնական նպատակն է վաղաժամկետ նախագահական ընտրությունների անցկացումը», - իր հերթին հավաստում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Նրանք շտապում են, քանզի դաշինքի առաջնորդները շատ լավ գիտակցում են, որ իրենց քաղաքական ելույթների հիմնական թեմաները՝ «Հոկտեմբերի 27»-ի արդար դատավարության պահանջը եւ Ղարաբաղը ծախելու վերաբերյալ հայտարարություններն աստիճանաբար կորցնում են իրենց լիցքը»: Հասկանում են նաեւ, որ «ընդամենը մեկ գերնպատակի (տվյալ պարագայում՝ նախագահին պաշտոնանկ անելու) շուրջ ձեւավորվելիք դաշինքը չի կարող միտված լինել տեւական համագործակցության»: Հենց այս ամենով էլ մեկնաբանը բացատրում է դաշինքի միավորներում ներքին զտումները. «Դաշինքը իր դռները բացել է միայն նրանց առջեւ, ովքեր հրապարակավ հայտարարում են, թե Հայաստանի ապագան տեսնում են Ռ. Քոչարյանի վարչակազմից ազատվելու մեջ»: «Դատելով ամեն ինչից, առաջիկայում ականատես ենք լինելու ծայր աստիճան կոշտ, աննախադեպ, լարված եւ անզիջում քաղաքական պայքարի», - ամփոփված է «Հայոց Աշխարհ»-ում:

Նպատակ դնելով ըստ կոնկրետ ոլորտների ի հայտ բերել՝ որտեղ է ստվերը Հայաստանի տնտեսության մեջ, «Ազգ»-ի թղթակիցը փաստագրում է «առնվազն 760 մլն դոլարի ստվերային ապրանքաշրջանառություն Հայաստանի տոնավաճառներում»: «Միանշանակ է, որ առանց հզոր իշխանական լոբբինգի նման իրավիճակ չէր ստեղծվի: Նույն պատճառով էլ կացությունը շարունակում է գոյատեւել», - շեշտում է հետազոտողը: - Մինչդեռ, «այս ու ստվերային այլ ոլորտներում, այլ ոչ թե Փարիզում կամ Վաշինգտոնում պետք է փնտրել աղքատության հաղթահարման ուղիները»:

«Դժվար է հավատալ, որ մեկ տարում Հայաստանում կամ Ադրբեջանում տեղի կունենա տնտեսական մեծ վերելք, ինչը իշխանություններին թույլ կտա ընտրությունների նախօրեին բարձրացնել իրենց վարկանիշը: Բայց», - մտորում է «Ժամանակ»-ի տեսաբանը, - «կան քայլեր, որոնք կարող են համոզել հասարակությանը, թե այդ տնտեսական վերելքը իսկապես հնարավոր է. այդ քայլերից ամենաազդեցիկը կարող է լինել խաղաղության համաձայնագրի կնքումը»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերընտրվելու լավագույն պայմանն է: », - ընդգծել է մեկնաբանը՝ ի հակառակ այն մտայնության, թե երկու երկրների նախագահներն էլ արդեն կձգտեն այս դաշտում որեւէ էական շարժ չանել՝ չվնասելու համար իրենց ներքաղաքական ծրագրերին:

Մամուլն այսօր տարածել է արտգորնախարար Օսկանյանի հայտարարությունը, որ «բանակցությունների ներկայիս տեղապտույտի միակ պատճառը ադրբեջանական կողմն է»: Նախարարը հարկ է համարել նաեւ զգուշացնել՝ «Բաքվի ռազմատենչ հայտարարությունները մտահոգիչ են, սակայն «նման հայտարարություններով անհնար է մեզ վախեցնել... ցանկացած ռազմական ոտնձգություն կստանա արժանի պատասխան»: Ադրբեջանի արդեն մեկ անգամ կատարած սխալի ուղղումը նույն սխալ մեթոդներով դատապարտված է ձախողման»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG