Մատչելիության հղումներ

ԱԺ «Կայունություն» խումբը կրկին անդամ է կորցնում





Այսօր հրավիրած ասուլիսում «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ Հակոբ Հակոբյանը իրեն դուրս հայտարարեց այդ խորհրդարանական միավորումից: Նրա ներկայացրած պատճառաբանությունները առնչվում էին, հիմնականում, «Կայունության» ղեկավար Վարդան Այվազյանին:

Ըստ Հակոբ Հակոբյանի, Վարդան Այվազյանի մեղքով են անցյալ աշնանը «Կայունություն» խմբից դուրս եկել մի շարք պատգամավորներ եւ հետագայում կազմավորել «Ժողովրդական պատգամավոր» խումբը, որին միանալու իր մտադրություն մասին այսօր ասաց նաեւ Հակոբ Հակոբյանը:

«Արդեն երեք ամիս է, նա փորձում է... բնապահպանության նախարարի տեղը գրավել՝ օգտագործելով իր բոլոր հնարավորությունները», - այսպես ձեւակերպեց Հակոբ Հակոբյանը Վարդան Այվազյանի հասցեին հնչեցրած իր մյուս մեղադրանքը, ասելով, որ Այվազյանը տարբեր ատյաններում ներկայացնում է, թե «Կայունությունը» դժգոհ է ներկայիս նախարար Մուրադ Մուրադյանի աշխատանքից: Հակոբ Հակոբյանի խոսքերով, սակայն, խմբի 6 անդամ քննարկել են այդ հարցը եւ եկել եզրակացության, որ Մուրադ Մուրադյանը աշխատում է առանց լուրջ թերությունների, եւ նույնիսկ առաջընթաց է նկատելի բնապահպանության նախարարության գործունեության մեջ:

«Ընտրողները նրան ընտրել են գործունեության բոլոր չորս տարիների համար», - ասաց Հակոբ Հակոբյանը, նկատի ունենալով Վարդան Այվազյանին եւ ավելացնելով, որ ընտրողները պատգամավոր չեն ընտրում, որ վերջինս դառնա նախարար: Հակոբ Հակոբյանի կարծիքով, Վարդան Այվազյանը, հանդես գալով «Կայունություն» խմբի անունից, առավելապես անձնական հարցեր է լուծում:

Վարդան Այվազյանն, իհարկե, համաձայն չէ Հակոբ Հակոբյանի տեսակետներին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Կայունության» ղեկավարը, ինքը չի բացառում, որ դրանք ոչ թե քաղաքական գործունեությանն են վերաբերում, այլ միանգամայն այլ հարթությունից ածանցված մեղադրանքներ են: Ըստ նրա, անհիմն են մեղադրանքները, թե «Կայունություն» պատգամավորական խումբը չի պաշտպանում իր նախարարին:

«Կայունություն» խումբը, Վարդան Այվազյանի խոսքերով, մշտապես հանդես է եկել այն կառավարության բոլոր սկզբունքային հարցադրումների պաշտպանությամբ, որի անդամ է նաեւ Մուրադ Մուրադյանը՝ այդպիսով իր զորակցությունը հայտնելով եւ' կառավարությանը, եւ' նախարարին:

«Կայունություն» պատգամավորական խումբը ձեւավորվել էր ներկա խորհրդարանի գործունեության սկզբնական շրջանում՝ անկախ պատգամավորներից: Անդրանիկ Մարգարյանի ձեւավորած կառավարության մեջ «Կայունություն»-ը ստացավ երկու նախարարական պորտֆել. Էդուարդ Մադաթյանը նշանակվեց տրանսպորտի եւ կապի նախարար (ներկայումս նա արդեն չի զբացեղնում այդ պաշտոնը) եւ Մուրադ Մուրադյանը՝ բնապահպանության նախարար:



Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG