Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը քննադատում է «հայամետ» միջնորդներին





Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ ուլիեւն այսօր ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված առկա միջազգային առաջարկները շահեկան են հայկական կողմի համար, ուստի՝ անընդունելի են Բաքվի համար: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահների անցած շաբաթ տեղի ունեցած շրջայցը տարածաշրջանում առաջ չի մղել խաղաղ գործընթացը՝ Հայաստանի «ապակառուցողական» դիրքորոշման եւ Ղարաբաղը ադրբեջանական ենթակայության վերադարձնելու ուղղությամբ միջնորդների չկամության պատճառով:

«Այսօր ԵԱՀԿ-ն կարծես թե համաձայնում է Ղարաբաղի անջատողական առաջնորդ Արկադի Ղուկասյանի պահանջներին «առկա իրողությունները» հաշվի առնելու անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է ուլիեւը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում: - «Տպավորություն է ստեղծվում, որ անջատողականները կարող են ստեղծել ապօրինի պետական միավորում, իսկ այն կազմակերպությունը, որ կոչված է ապահովել խաղաղությունը Եվրոպայում, ճանաչում է այն: Դա անընդունելի է Ադրբեջանի համար»:

Հայաստանին մեղադրելով «կարեւոր զիջումներ անելու անկարողության համար», ուլիեւը ժխտում է Երեւանի պնդումը, որ մարտին Փարիզում եւ ապրիլին Քի ՈՒեսթում կայացած բանակցություններում բոլոր կողմերը համաձայնության են եկել խաղաղ կարգավորման «հիմնական» սկզբունքների շուրջ:

Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտոնատարները մեղադրել են Ալիեւին փարիզյան եւ քիուեսթյան պայմանավորվածություններից հրաժարվելու համար, որոնք, ըստ նրանց, լավ հիմք էին 13-ամյա հակամարտության վերջնական կարգավորման համար: Նրանք պնդում են, որ Բաքվի հերթական, նոր զիջումների պահանջները գործիք էին հետաձգելու համար անցած ամիս Ժնեւում ծրագրված վճռորոշ հանդիպումը:

Սակայն, ըստ ուլիեւի, այսպես կոչված փարիզյան սկզբունքները «պարզապես մի նոր առասպել է, որ հորինվել է բանակցությունները խափանելու պատասխանատվությունից խուսափելու նպատակով»:

«Փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն: Որոշակի սկզբունքների մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ դրանք համաձայնեցված են երկու կողմերի հետ եւ ձեւակերպված են փաստաթղթով: Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ Ալիեւի եւ Քոչարյանի հանդիպման ժամանակ տեղի է ունեցել պարզապես մտքերի փոխանակում: Որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Այդուհանդերձ, միջնորդներն ու խաղաղ գործընթացին ծանոթ արեւմտյան դիվանագետները պնդում են, որ նախագահները Փարիզում եւ Քի Ուեսթում հասել են կարեւոր պայմանավորվածությունների, ինչը հիմք է տվել հակամարտության արագ կարգավորման հույսերին: Մեջբերելով Մինսկի խմբի բանագնացներին, «Վաշինգտոն Փոստ»-ը կիրակի օրը հաղորդել է, որ Ալիեւը եւ Քոչարյանը համաձայնության են եկել հարցերի մոտ 80 տոկոսի շուրջ՝ ներառյալ Ղարաբաղի ապագա կարգավիճակի առանցքային հարցը:

Հակամարտության գոտում իրենց վերջին շրջայցի ընթացքում միջնորդներ ասել էին, որ իրենք դիտարկում են սոսկ ձեռք բերված համաձայնությունների «ճշգրտումները» եւ չեն փորձելու փոփոխել դրանց էությունը: Երեւանի պաշտոնատարներն ասել են, որ նրանք միանգամայն ընդունելի են համարում հայկական կողմի երեք առանցքային պահանջները. Ադրբեջանին Ղարաբաղի ենթակայության բացառում, Հայաստանի հետ ցամաքային սահմանի ապահովում եւ անվտանգության միջազգային երաշխիքներ:

ուլիեւը կրկնեց բանակցությունների տապալման դեպքում Ղարաբաղն ու շրջակա տարածքները ուժով հետ վերցնելու ադրբեջանական սպառնալիքները: Այդ ռազմաշունչ հռետորաբանությունն անցած շաբաթ արժանացավ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդների քննադատությանը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG