Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փաստաբանը հանդես է գալիս Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու միջնորդությամբ


Կենտրոն - Նորք- Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում «Հոկտեմբերի 27»-ի գործի այսօրվա նիստում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունիշեւը հանդես եկավ միջնորդությամբ, որ Նաիրի Հունանյանը ԱԱՆ մեկուսարանից տեղափոխվի մեկ այլ մեկուսարան՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ, ըստ ամբաստանյալի իսկ ցուցմունքների, ինքը առնչություններ է ունեցել անվտանագության մարմիների հետ:

Միջնորդությանը դեմ արտահայտվեցին ամբաստանայալների փաստաբանները: Նրանցից Աղասի Աթաբեկյանը հայտարարեց, թե անվտանագության մարմինների հետ ամբաստանյալ Հունանյանի համագործակցության մասին պնդումը իրականությանը չի համապատասխանում:

«Այդ մեկուսարանի վարչակազմը չի ապահովել մեղադրյալ Նորայր Եղիազարյանի անվտանգությունը, չի ապահովել Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի անվտանգությունը... Ըստ իս, Նաիրի Հունանյանին ՆՆ մեկուսարան տեղափոխելը հավասարազոր է կառափնարան ուղարկելուն», - ասաց Աթաբեկյանը:

Իր տեղափոխությանը դեմ հանդես եկավ նաեւ Նաիրի Հունանյանը, ասելով, որ ինքը անվտանգության մարմինների հետ չի համագործակցել:

Տուժող կողմի ներկայացուցիչները միահամուռ կերպով կողմ են Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելուն: «Չեմ կարողանում հասկանալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի սերը դեպի այն ազգային անվտանգության մեկուսարանի ղեկավարությունը, որի օրոք եւ որի վատ աշխատանքի ընթացքում իրեն ծեծել ու խոշտանգել են...», - ասաց Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Մեղադրող կողմի կարծիքով, նախ պետք է դիտարկել, թե որ մեկուսարանում է հնարավոր ապահովել ամբաստանյալի լիակատար մեկուսացումը եւ դրանից հետո նոր միայն կատարել տեղափոխությունը:

Նաիրի Հունանյանի ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու խնդրանքով անցած ամսվա վերջին դատարանին էր դիմել նաեւ ԱԺ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովը: Դատավոր Սամվել Ուզունյանը խնդրանքին չէր արձագանքել, քանի որ այն որպես միջնորդություն ձեւակերպված չէր:

Փաստաբան Յունիշեւի միջնորդության հարցը, ըստ երեւույթին, կլուծվի հաջորդ երկուշաբթի: Դատավոր Սամվել Ուզունյանը այդ ժամանակահատվածը անհրաժեշտ համարեց միջնորդության հանագամանքներն ուսումնասիրելու համար:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG