«Եվրամիությունը զարգացնում է այս տարածաշրջանում ստրատեգիական համագործակցության գիծը, մասնավորապես, Հայաստանի հետ, ինչը նոր եւ շատ դրական է երեւույթ է», - այսօր, իր երկօրյա այցի ավարտին, լրագորղներին ասաց Պորտուգալիայի արգործնախարար եւ փոխվարչապետ Ժամյե Գաման:
Երեւանում նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ: Պորտուգալիայի արտգործնախարարին այսօր ընդունել է նաեւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Պորտուգալիան հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը եւ այդ երկրի արտգործնախարարի այցելությունը տարածաշրջան, նախ եւ առաջ, ճանաչողական այց կարելի է համարել, թեեւ այսօր տեղի ունեցած համատեղ ասուլիսում Վարդան Օսկանյանը ասաց, թե այս այցը պաշտոնական է համարում, որովհետեւ Ժամյե Գաման Հայաստան է եկել նաեւ որպես Պորտուգալիայի արտգործանխարար եւ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության հեռանկարների հետ կապված խնդիրներ։
Ժամյե Գաման ասաց, թե ինքը, որպես ԵԱՀԿ ապագա նախագահող, Հայաստանի նախագահի, իշխանությունների հետ մանրամասն զրուցել է նաեւ ղարաբաղյան կարգավորման մասին։ Վարդան Օսկանյանն, իր հերթին ավելացրեց, որ ԵԱՀԿ հաջորդ նախագահողին մանրամասն տեղեկացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին, հատկապես, Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի լույսի ներքո:
Հինգշաբթի օրը Բաքվում Պորտուգալիայի արտգործնախարարը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահներին, որոնք այս օրերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերի շրջանակներում հերթական շրջայցն են կատարում տարածաշրջանում:
Աննա Սաղաբալյան, Երեւան