Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, Մինսկի խմբի միջնորդների հերթական այցը տարածաշրջան ավելի շուտ կանխարգելիչ բնույթի է, եւ չարժե սկզբունքորեն նոր ու կառուցողական որեւէ բան սպասել: «Այս այցի ընթացքում լավագույն դեպքում կարող է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման ժամկետների վերաբերյալ նախնական պայմանավորվածություն», - ենթադրում է մեկնաբանը:

«Համանախագահների այցելությունները արդեն մեր հանրապետության քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասն են դարձել, ուստի դրանք դիտվում են ոչ որպես արտառոց մի իրադարձություն, այլ սոսկ տվյալ հանգրվանում արտաքին մարտահրավերներին Հայաստանի պատրաստ լինելը ստուգող քննություն», - սահմանում է «Հայոց Աշխարհ» թերթը, ներկա «քննաշրջանում» յուրահատկություն տեսնելով՝ պայմանավորված տարածաշրջանում բեւեռացումների խորացմամբ: Մեկնաբանի մատուցմամբ, «ի տարբերություն իր հարեւան Ադրբեջանի, Հայաստանը վերջին ամիսներին ձեռք է բերել հավանական ճնշամիջոցները դիմագրավելու ավելի մեծ հնարավորություններ: Դրանք պայմանավորված են Անդրկովկասի երկրների կամ նրանցից փաստացի կերպով անջատված նախկին ինքնավարությունների հետ ինտեգրվելու մասին ռուսական առաջարկությունների ու նախագծերի թվաքանակի կտրուկ մեծացմամբ... Ուրեմն, Արեւմուտքում պետք է հաշվի առնեն այն իրողությունները, որ Հայաստանի նկատմամբ ցանկացած, նույնիսկ ամենաթույլ ճնշամիջոց մղում է նրա ղեկավարությանը է'լ ավելի սերտացնելու իր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ: Մինչդեռ, նույն ձեւով վարվելու պարագայում Ադրբեջանը ստիպված պետք է զոհաբերի ոչ միայն իր ազգային-ավանդական ձգտումը դեպի Թուրքիա, այլեւ Արեւմուտքի ու Թուրքիայի հետ արդեն իսկ ձեռք բերված համագործակցության հեռանկարները»: Ընդհանուր առմամբ, «Հայոց Աշխարհ»-ը հանգել է հետեւյալին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողները իրենց հերթական այցելությամբ ամեն ինչ կանեն բանակցային գործընթացը կենդանի պահելու նպատակով, բայց միաժամանակ առայժմ ոչինչ չեն կարող ձեռնարկել արտաքին ճնշումների հանդեպ որոշակի իմունիտետ ձեռք բերած Հայաստանի եւ իշխանափոխության նախաշեմին գտնվող Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումները մերձեցնելու համար»:

«Երկիր» թերթի փաստմամբ, Հայաստանի քաղաքական ուժերն ու իշխանությունները «սկսել են անթաքույց ու լրջորեն նախապատրաստվել 2003 թվականի ընտրություններին», եւ այս ընտրություններում էլ «քաղաքական մեխը՝ հարցերի այն կծիկը, որ դառնալու է քարոզչության եւ հակաքարոզչության առաջնորդող թեման», լինելու է Արցախի խնդիրը: «Առավել հավանական է, որ մինչեւ գալիք ընտրությունները Արցախի հարցում արմատական փոփոխություններ չեն կատարվի», - նշում է մեկնաբանը: - «Դեպքերի նման ընթացքը, քաղաքական ընդդիմության հնարավորությունները՝ հաղթելու նախագահական ընտրություններում, զգալիորեն նվազեցնում է»:

Մամուլը դեռեւս շարունակում է քննել կառավարության վերջին կադրային շարժերի տրամաբանությունը: «Առավոտ»-ի խտացմամբ, իշխանավորների «մեկնաբանությունները» եւս մեկ անգամ հաստատում են, «որ հարկահավաքման պլանների «կատարման-գերակատարման» մասին խանդավառ զեկույցները իշխանության հերթական բլեֆն էին, իսկ կադրային եւ կառուցվածքային պարբերական վերադասավորությունները նույնքան են կապված հարկերի, բյուջեի եւ քաղաքացիների շահերի հետ, որքան այդ ամենի հետ կապ ունեն ամեն մի պատառի համար իրար կոկորդ կրծող իշխանավորները»: «Ազգային նախարարաշինության առանձնահատկությունները» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը «նրանց, ովքեր դեռ հավատում են արդար նախարարների ու ժողովրդի մասին մտածող պետական այրերի մասին հեքիաթներին», հիշեցնում է դեռ մինչ նախարար դառնալը Անդրանիկ Մանուկյանի մի հարցազրույցից հետեւյալ միտքը. «Ո՞ւր է, որ նախարարն առանց կաշառքի պաշտոնի նշանակվի. կաշառքով պաշտոն ստացողը պետք է իր կաշառքը հանի եւ այսպիսով, վերջինիս իրականացման համար, գողանում է ժողովրդից, պետական փողերից»:

Կառույցակադրային այս անցուդարձում երկրի տնտեսությանը կամ ժողովրդին որեւէ օգուտ չեն տեսնում եւ «Իրավունք»-ն ու «Հայոց Աշխարհ»-ը: Փոխարենը «Ժամանակ» թերթի մեկնաբանը փորձում է պետության ղեկավարների մեկ-երկու արտահայտությունների տողատակերում գտնել իր այն համոզման հիմնավորումը, թե կադրային այդ շարժերը լուրջ պատճառներ ունեին: «Պետբյուջեի մուտքերի ապահովման ընթացքում, այնուամենայնիվ, եղել են թերություններ եւ բացթողումներ, հիշյալ թերությունները անդրադարձել են տնտեսավարող սուբյեկտների նորմալ գործունեության, դրանց ընդլայնման, ընդհանուր առմամբ՝ նոր ներդրումների, ուրեմն նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման վրա», - եզրակացրել է մեկնաբանը, ի վերջո բխեցնելով, թե փոփոխությունների մեխը վարչարարությունը առավելագույնս ճկունացնելն է:

Քաղաքական խաղերի նմանեցվող հերթական սրումն է գրանցվում հոգեւոր կյանքում: «Ազգ» թերթի ձեւակերպմամբ, Պոլսո «Մեսրոպ Բ պատրիարքը բոլոր առիթներով եւ անառիթ, ազատախոհության եւ ժողովրդավարության քողի տակ փորձում է հակականոնական եւ ոչ ավանդական ելույթներ ունենալ ու գործունեություն ծավալել: Մի կողմից, քաղաքական պատճառաբանություններ հրապարակ գցելով խուսափում է մասնակցել Մայր աթոռի Հոգեւոր գերագույն խորհրդի նիստերին, մյուս կողմից, մեծ պատվիրակությամբ մեկնում է Անթիլիաս, մասնակցում մյուռոնօրհնության արարողությանը եւ այդ մյուռոնով օծում իրեն ենթակա եկեղեցիներից մեկը, հավասարազորության նշան դնելով Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ Տանն Կիլիկիո կաթողիկոսի միջեւ, միաժամանակ ձեռքի տակից թե հրապարակավ քաջալերելով Մոսկվայի կարգազուրկ նախկին հոգեւոր առաջնորդի ըմբոստական շարժումները»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկատվությամբ էլ «Ամենայն Հայոց կաթողիկոս արեգին Բ-ի հայրապետական տնօրինմամբ աշխարհականների շարքը դասված Ղազարոս Կյուրեղյանը (նախկինում Նոր Նախիջեւանի եվ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը) եւ նրա ղեկավարությամբ գործող Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի միությունը պաշտոնական գրությամբ դիմել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին՝ վերջինիս խնդրելով իր իշխանության տակ վերցնել «Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի թեմը»: Մեկնաբանն առայժմ կիսվում է հետեւյալ դիտարկմամբ. «Զուտ իրավական տեսանկյունից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կարող է ստեղծել Մոսկվայի թեմ, կարող է նաեւ Կյուրեղյանին վերաձեռնադրել: Բայց նման քայլը է՛լ ավելի կսրի Էջմիածնի եւ Անթիլիասի հարաբերությունները, եւ կասկածելի է, որ Արամ Ա-ն գնա նման քայլի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG