Մատչելիության հղումներ

Ղարաբաղցիները գերադասում են պահպանել «ստատուս քվո»-ն


Հաղթանակի պտուղները հատկապես քաղցր էին Բաբայան ընտանիքի համար, երբ կիրակնօրյա շոգ կեսօրներին համտեսում էին Աղդամի այգիների թութն ու թուզը: Ադրբեջանական այս ուրվական քաղաքը, որ ութ տարի առաջ հողին հավասարեցվեց հայկական ուժերի կողմից, անմիջականորեն սահմանակից է Ղարաբաղին: Քաղաքի ավերակների մեջ իր կնոջ դստեր եւ երկու թոռների հետ կանգնած 66 -ամյա ստեփանակերտցի Սերոբ Բալայանի՝ հայ ղեկավարներին եւ միջազգային միջնորդներին ուղղված պատգամը խիստ է ու անզիջում:

«Մենք նրանց հաղթել ենք իրենցից խլված զենքով», -ասում է նա: - «րավել ենք Աղդամը, գրավել ենք Ֆիզուլին եւ Քելբաջարը: Դրանք բոլորը հայկական հողեր են»:

«Ոչ մի դեպքում: Հապա մեր զոհերը, մեր արյունը», -ասում է Բելան՝ Սերոբի կինը. - «Իզո՞ւր է թափվել»:

Ամուսինների այս ռազմաշունչ մեկնաբանություններն արտացոլում են Ղարաբաղում այսօր տիրող ընդհանուր տրամադրությունը: Հակամարտության ծանր տարիների բովով անցած ղարաբաղցի հայերը խոր թերահավատությամբ են խոսում ադրբեջանցի հարեւանների մասին՝ անվստահելի խաղաղությանը գերադասելով ներկայիս «ո'չ պատերազմ, ո'չ խաղաղություն» իրավիճակը:

Շարունակվող տնտեսական դժվարությունները, թվում է թե, ամենեւին չեն մեղմացրել այս զգացումները. մարդիկ չեն կարողանում մոռանալ պատերազմի ծանր ցավ պատճառող հուշերը:

Սա այն գործոնն է, որի հետ պետք է հաշվի նստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները իրենց խաղաղարար նոր նախաձեռնություններում: Նրանց եւ Ադրբեջանի համար գրավված 7 տարածքներից 6-ի վերադարձը կասկած չի հարուցում: Մինչդեռ շարքային ղարաբաղցիների հետ զրույցները վկայում են, որ դա ամեեւին էլ այդպես չէ:

Ղարաբաղի բանակի սպա Ռոբերտ Ստեփանյանի տեսակետը այս հարցում կարելի ընդհանուր համարել պատերազմի բոլոր վետերանների համար. «Կռվով գրավված հողերը ինչպե՞ս կարելի է վերադարձնել: Բա զոհվածնե՞րը»:

Նույն փաստարկներն էին բերում մյուս տեղացիները, ասելով, թե ռազմական գործողությունների վերսկսումն իրենց չի վախեցնում: րավված տարածքների վերահսկողությունը, նրանց կարծիքով, կենսական է Ղարաբաղի անվտանգության համար:

Իսկ ստեփանակերտցի մի լրագրող հետեւյալ կերպ է բացատրում գրավված տարածքներն անկախության դիմաց վերադարձնելու չկամությունը: Նրա կարծիքով, որքան ավելի երկար ժամանակ է անցնում, այնքան ղարաբաղցիների մեջ ամրանում է այդ տարածքների նկատմամբ սեփականության զգացումը: Ոմանք այդտեղ տնտեսական շահեր ունեն, քանի որ այդ հողերն օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով:

Հասարակական այս կոշտ կարծիքը լուրջ մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համար, որը կարծես թե պատրաստ է դուրս գալ գրավված տարածքների մեծ մասից: Նախագահ Արկադի Ղուկասյանը, սակայն, մտահոգված չէ հնարավոր ներքին դիմադրությամբ փոխզիջումային խաղաղ համաձայնագրին, որի ներկայումս մշակում են Մինսկի խմբի բանագնացները: Պատճառաբանելով, որ զիջումները չեն կարող միակողմանի լինել, Արկադի Ղուկասյանը ասում է, թե կարող է համոզել ժողովրդին, որ նման համաձայնագիրն անհրաժեշտ է:

«Սակայն այս պահին տարածքների հարցը ակտուալ չէ մեզ համար: Հարցը կլուծվի միայն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվելուց հետո», - ասաց Արկադի Ղուկասյանը:

Հակամարտության վերքերը բուժելն անկասկած դժվար խնդիր է: Աղդամի օրինակը ցույց է տալիս, թե որքան խորն է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Երբեմնի 40 հազար բնակիչ ունեցող այս բարգավաճ քաղաքում, որ, ըստ վկայությունների, նախկին Խորհրդային Միության ամենահարուստ շուկան է ունեցել, կանգուն է մնացել միայն պատերազմից խարխլված մզկիթն՝ իր երկու մինարեթներով:

Ադրբեջանական բանակը Աղդամի իր հենակետից մեծ վնասներ էր հասցնում մոտակա հայաբնակ գյուղերին պատերազնի առաջին իսկ օրվանից: Նույնիսկ մայրաքաղաք Ստեփանակերտը անխնա կերպով հրետակոծվել է այստեղից: Մերձակա մի քանի հայկական գյուղեր 1992 թվականի ամռանը ավերվել ու կրակի էին մատվել:

Մեկ տարի անց արդեն հայերն էին հրետակոծում: Աղդամի անկումը ամենադրամատիկն էր 1993 թվականի հայկական հաղթանակների շարքում: Քաղաքի թալանված եւ ավերված տների քարերը ղարաբաղցիներն օգտագործվել են կատաղի մարտերում քանդված գյուղերը վերականգնելու նպատակով:

Այս դաժան իրականությունն է խաղաղության հեռանկարի հարցում հոռետես դարձրել Սիլվա Բալայանին: «1915-18 թվականների կոտորածներից տարիներ հետո հայերն ու ադրբեջանցիները էլի միասին ապրել են, ամուսանցել են, միմյանց հետ առեւտուր են արել: Ժամանակի ընթացքում դա կարող է կրկին հնարավոր դառնալ: Բայց ոչ ներկա պահին, երբ դեռ ոչինչ չի որոշված», - ասում է նա:

Երիտասարդ ղարաբաղցիները, կարծես թե, ավելի անզիջում են: Նախկին «պատերազմի երեխաները» հակամարտության սարսափները շատ ավելի են լավ հիշում, քան այն ժամանակները, երբ Ղարաբաղը ենթարկբում էր Ադրբեջանին: «Իմ կարծիքով, մենք չպետք է որեւէ զիջում անենք: Բոլոր հողերը մերը պետք է մնան: Ամեն ինչ պետք մնա այնպես, ինչպես կա», - ասում է ընկերների հետ Ստեփանակերտի զբոսայգում շրջող 19-ամյա Մարատը:

18- ամյա Լիրան, որ Ղարաբաղի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող է, իր մանկությունն անց է կացրել ռմբապաստարաններում: «Երբեք արյունով վերցրած հողը հետ չեն տալիս: Ու մենք, եթե իրոք հայրենասեր ենք, չպետք է թույլ տանք, թեկուզ մեր պետությունը, մեր ղեկավարները այդ քայլին դիմեն»,- ասում է նա:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, հաշտվել ադրբեջանցիների հետ, նա նույնքան կտրական պատասխան տվեց. «Չեմ հավատում ես: Միեւնույն է, ինչքան էլ խաղաղություն լինի, մի հիսուն տարի հետո, քսան տարի հետո նույնը կրկնվելու է»:


Էմիլ Դանիելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG