Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Համաներման տարածումը «Հոկտեմբերի 27»-ի վրա առիթ դարձավ, որ իշխանությունները մեղադրվեն արդեն ահաբեկչության հովանավորելու մեջ: «Հայոց Աշխարհ» թերթը փորձել է պարզել, ինչպես է այս ամենին վերաբերվում նախագահը, եւ մամլո քարտուղար Վահե աբրիելյանից լսել է հետեւյալ պատասխանը. - «Վերջին շրջանում բավականին շատացել են անհեթեթ, արտառոց մեղադրանքները, եւ դրանց չեմ պատրաստվում պատասխանել: «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ ոչինչ չեմ պատրաստվում ասել»:

Փոխարենը գնալով սրվում է իշխանության շրջանակի ուժերի արձագանքը եւ քայլեր ձեռնարկելու մղումը: «Հայոց Աշխարհ»-ի պատկերմամբ, իշխանության ճամբարում «փոխգործակցության, աշխատանքների համակարգման բացակայությունը, ներպալատական պայքարն ու ինտրիգները, մանր հավակնությունները, առաջնության մարմաջը, միմյանց ոտք գցելու գործելակերպը հանգեցնում են նրան, որ շատ ավելի թույլ, բայց ավելի լավ կազմակերպված ընդդիմադիր բեւեռը կարողանում է հարված-հարվածի հետեւից հասցնելով, ուժեղացնել իր քաղաքական դիրքերը... Սեփական քաղաքական թիմը ձեւավորելու եւ քաղաքական խաղի կանոններ թելադրողի գործառույթները ստանձնելու փոխարեն իշխանությունը որդեգրել է մշտապես պաշտպանվողի դերակատարություն, որը վերջին հաշվով ստույգ պարտության է տանելու նրան: Իշխանության բուրգում առանցքային պաշտոններ են զբաղեցրել մարդիկ, ովքեր քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու փոխարեն ներկայումս զբաղված են սեփական բիզնեսով, ինչը պահանջում է չփչացնել հարաբերությունները որեւէ մեկի հետ»:

«Հայոց Աշխարհ»-ի բանաձեւով, «հարկավոր է սթափվել. ձեւավորել հստակ քաղաքական թիմ, կոմսոլիդացնել իշխանություններին աջակցող բեւեռը, նպատակային եւ հետեւողական քայլերի միջոցով տեղից շարժել տեղապտույտի մեջ գտնվող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների գործընթացը, առաջադրել կոնկրետ խնդիրներ, սահմանել ժամկետներ, ճշտել պատասխանատուներին, պատժել թերացողներին»:

«Պարզորոշ նկատվում է, որ որոշ քաղաքական ուժեր իրենց առջեւ իշխանափոխության հստակ խնդիր են դրել եւ իրենց բոլոր գործողությունները ծառայեցնում են այդ նպատակին», - «Երկիր» թերթում ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: - «Այն քայլերն ու գործողությունները, որ կատարում են հանրապետության իշխանությունները, համարժեք չեն այն իրավիճակին, որում գտնվում է մեր երկիրը... Այսօր արդեն քաղաքական կամք դրսեւորելու, արմատական քայլեր կատարելու, մեկ թիմով հանդես գալու խնդիր կա, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի ու հասկանա, որ հնարավոր է երկրում կարգ ու կանոն հաստատել բոլոր ոլորտներում եւ առաջին հերթին՝ տնտեսական ու սոցիալական»:

«Հայոց Աշխարհ»-ում խոսելով ավելի ու ավելի շոշափելի դարձող ընդդիմադիր միավորման դեմ միավորում ստեղծելու հրատապության մասին, ԱԺՄ վարչության անդամ Սեմյոն Բաղդասարյանն ասում է. - «ԱԺՄ-ն, ինչպեսեւ ՀՅԴ-ն, կամ մյուս կուսակցությունները այս պահին չունեն այդ ներուժը: Ռեսուրսներն այսօր ՀՀԿ-ի ձեռքին են, նրանք պիտի կատարեն այդ ուղղությամբ առաջին քայլերը»: Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն, արձանագրելով հանդերձ, որ «այսօրվա իրավիճակը նույնն է, ինչ մեկ տարի առաջ, գրեթե նույն ուժերը հայտնվել են նույն բեւեռներում», եւ անհրաժեշտություն է կառավարությանն աջակցող ուժերի համախմբումը, դժվարանում է ասել, որ այդ ամենը կհանգի իր տրամաբանական ավարտին:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի քվեարկության ժամանակ կուսակցական դիրքորոշմանը հակադրվածներին ու ՀԺԿ-ի նոր ճաքերին անդրադառնալով, այդ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է՝ «Ես կողմնակից չեմ հապճեպ որոշումների։ Հանգիստ եղեք, կուսակցությանը պառակտում չի սպառնում, եւ խնդիրները մենք կարող ենք լուծել... Դրսի ուժերը շատ են հրահրում եւ այժմ սկսելու են ավելի շատ հրահրել։ Բայց նրանք երբեք արդյունքի չեն հասել եւ չեն հասնի»: Մյուս կողմից, ՀԺԿ անդամ պատգամավոր, «ԿանԱԶ» բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Ռոբերտ Ենգոյանը «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք որեւէ ուժ հրահրել է իրեն դեմ գնալ կուսակցության դիրքորոշմանը, պատասխանեց. «Եթե դրսի ուժերն ավելի խելոք են, քան մենք եւ կարող են մեզ հրահրել, ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե դրսի ուժերի ասածը մեր համոզմունքներին համընկնում է, դա չի նշանակում, որ դրսի ցուցումով ենք անում»։

«Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով, այս ամիս «հեղափոխականությունը կրկին եկավ ու ներխուժեց հայկական իրականություն... Դա արտահայտվեց ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտով եւ համապատասխան «քաղաքական» բառապաշարով... Հեղափոխական մթնոլորտի մասին է վկայում նաեւ միջադեպերի եւ սադրանքների շղթան»:

«Նապագահամետ եւ հականախագահական ճամբարների հարաբերությունները ավելի ու ավելի են անցնում ակնհայտ եւ կատաղի առճակատման փուլ», - ազդարարում է մեկնաբանը: - «Հասել ենք մի իրավիճակի, որը ճշգրտորեն համապատասխանում է, այսպես կոչված, մարքսիզմ-լենինիզմի դասականների սահմանումներին. վերեւները չեն կարող, ներքեւները չեն ուզում, այսինքն՝ կանգնած ենք դասական հեղափոխական իրավիճակի շեմին»: Ըստ «Իրավունք»-ի, այս իրավիճակի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, կլինի աշնանը», եւ այս ընթացքում էլ ավելի են ուժեղանալու Հայաստանի վրա արտաքին ճնշումները:

Հայաստանը աղետալի կերպով դատարկվում է, եւ արտագաղթի հիմնական պատճառը երկրում մոլեգնող կոռուպցիան է, - շեշտադրում է «Երկիր» թերթը: - «Հայաստանին անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա, քանի որ եկել-հասել ենք անդունդի եզրին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG