Ադրբեջանական բանակը կարող է վերանվաճել Լեռնային Ղարաբաղի եւ շրջակա արդրբեջանկան տարածքների նկատմամբ վերահսկողոթյունը, եւ Ադրբեջանը կդիմի ռազմական տարբերակին, եթե ձախողվեն խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ, երկուշաբթի օրն ասել է Հեյդար Ալիեւը:
«Մեր բանակն ունակ է ազատագրելու Ադրբեջանի զավթված տարածքները եւ վերականգնելու Ադրբեջանի տարածական ամբողջականությունը», - հայտարարել է Ալիեւը երկրի զինված ուժերի ստեղծման 83-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական արարողության ժամանակ:
«Բանակի զարգացման ուղղությամբ վերջին ժամանակներում կատարված աշխատանքը Ադրբեջանին հնարավորություն է ընձեռել կառուցելու կազմակերպված, հզոր եւ ուժեղ զինված ուժեր: Մենք սա համարում ենք տասնամյա անկախության առանցքային ձեռքբերումներից մեկը: Այսօր կարող ենք բավարարված լինել մեր մեր բանակով»:
Ալիեւը, սակայն, ճշտել է, որ Բաքուն չի դիմի ռազմական տարբերակին, քանի դեռ չեն սպառվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները: Ադրբեջանի մայրաքաղաքից ստացվող հաղորդագրություններում մեջբերվում են նրա խոսքերը, թե հակամարտող կողմերին առայժմ չի հաջողվել համաձայնության գալ «փոխզիջումային» խաղաղ պայմանագրի շուրջ, եւ որ միջազգային միջնորդները շարունակում են տարաձայնությունները նվազեցնելուն ուղղված իրենց ջանքերը:
«Ես մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ եթե հարցը հնարավոր լինի լուծել խաղաղ ճանապարհով, լուծման այլ ուղիներ որոնելու կարիք չի լինի: Այդ ուղղությամբ մենք աշխատել ենք եւ կշարունակենք աշխատել նաեւ ապագայում«, - ասել է Ադրբեջանի 78-ամյա ղեկավարը:
Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման նոր, համակողմանի ծրագրի վրա աշխատող ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդներն անցած շաբաթ հայտարարեցին, որ հուլիս առաջին կեսին կրկին այցելելու են տարածաշրջան՝ կանգ առած խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով: Անցյալ ամսվա վերջին ձեռնարկված մաքոքային դիվանագիտության նախորդ փորձը հանգեցրեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ծրագրված կարեւոր հանդիպման հետաձգմանը, որ պիտի տեղի ունենար այս ամսվա կեսերին Ժնեւում:
Միեւնույն ժամանակ, երկու երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը ողջունել են, իրենց ձեւակերպմամբ, շարունակվող ռուս-ամերիկյան համագործակցությունը ղարաբաղյան բանակցությունների գործընթացում: «Իտառ-Տասս» գործակալությանը տված առանձին հարցազրույցներում, նրանք ընդգծել են վերջերս Սլովենիայում կայացած նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Մենք խիստ կարեւոր ենք համարում, որ երկու մեծ տերությունների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ համաձայնել են շարունակել համագործակցությունը դրա լուծման ուղղությամբ», - ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նաեւ ավելացրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համագործակցությունն ու միասնական տեսակետը բացառիկ կարեւորություն ունի հակամարտության հաջող կարգավորման գործում»:
«Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ երկու տերությունների նախագահները ուշադրության են հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ ուլիեւը:
Հարցազրույցները տրվել են Տոկիոյում, ուր երեկ բացվել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտադրանքը ներկայացնող համատեղ ցուցահանդեսը:
Էմիլ Դանիելյան, Երեւան