Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ միջնորդները տարածաշրջան կայցելեն հուլիսին





Մալթայում անցկացրած երկօրյա խորհրդակցություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդները շաբաթ օրը հայտարարեցին, որ հուլիսին կրկին այցելելու են հակամարտության գոտի՝ կանգ առած խաղաղ գործընթացը տեղից շարժելու նպատակով: Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղն ընդգրկող շրջագայությունը տեղի կունենա «հուլիսի առաջին կեսին», ասել են նրանք:

Շաբաթ օրը տարածված համատեղ հայտարարության մեջ համանախագահներն ասել են, որ իրենք հանգամանորեն քննարկել են ստեղծված իրավիճակը եւ կարծիքներ են փոխանակել այս տարի Փարիզում եւ Ֆլորիդայում հակամարտող կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված առաջընթացը զարգացնելու ուղիների վերաբերյալ:

Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն ներկայացնող Քերի Քավանոն, Ֆիլիպ դե Սյումենը Ֆրանսիայից եւ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, ասել են, որ պայմանավորվել են «մոտ ապագայում» դիմել որոշ համատեղ քայլերի: Հայտարարության համաձայն, միջնորդները մոտ օրերս Բուխարեստում հանդիպում են ունենալու ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի արտգործնախարար Միրչա Ջեոանայի հետ՝ խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակը նրան ներկայացնելու նպատակով:

Մալթայում միջնորդների եռյակի հանդիպումն առաջինն էր նախապես ընթացիկ ամսվա կեսերին ծրագրած Ժնեւի հայ-ադրբեջանական վճռորոշ բանակցությունների հետաձգումից ի վեր: Դիվանագետների խոսքերով, կողմերին ժամանակ էր հարկավոր՝ իրենց երկրների հանրությանը փոխզիջույին լուծմանը նախապատրաստելու համար:

Համանախագահները կրկին հաստատել են, որ Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան շարունակելու են սերտորեն համագործակցել ամենաբարձ մակարդակով եւ պահպանելու են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանն ու Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերահաստատմանն ուղղված ջանքերի համակարգումը»:

Ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի դիվանագետները նաեւ հորդորել են կողմերին խուսափել տարածաշրջանում իրավիճակի բարդեցմամբ հղի ցանկացած գործողություններից եւ զսպվածություն դրսեւորել այս, իրենց խոսքերով, «վճռորոշ ժամանակաշրջանում»:

Մինսկի խմբի համանախագահներին անցյալ շաբաթ հղած իր նամակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Նաիրա Մելքումյանը բողոքել է, որ հակամարտությունն ուժի դիրքերից լուծելու Ադրբեջանի որոշ պաշտոնյաների հրապարակային կոչերը կարող են խափանել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG