Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, համաներումը «Հոկտեբերի 27»- գործով մեղադրվողների վրա տարածելը «ահաբեկչության հովանավորում է»


Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով հունիսի 12-ին հայտարարված համաներումը գնահատելով իբրեւ մարդասիրական, արդարացված ու ճիշտ քայլ, ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվողների վրա համաներումը տարածելը «արդեն մարդասիրական ակցիա չէ: Սա արդեն ահաբեկչության հովանավորում է»:

Ստեփան Դեմիրճյանն գտնում է, որ այստեղ «բոլորն էլ մեղավոր են, եւ սա մեր պետության խայտառակությունն է: Այն բանի վկայությունն է, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ իշխանությունները հովանավորում են ահաբեկչությունը: Սա է իմ գնահատականը: Եվ ինչքան էլ այդ իշխանությունների բարոյազուրկ կամակատարները վայնասուն բարձրացնեն, դա փաստ է»:

ՀԺԿ-ի նախագահը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի հունիսի 21-ի հայտարարությանը իր կուսակցության չմիանալը բացատրեց այն հանգամանքով, որ փաստաթղթի բովանդակությանը համամիտ լինելով հանդերձ, իրենք, այնուամենայնիվ, խորհրդարանում կարող էին կասեցնել այդօրինակ որոշման ընդունումը: Թեպետ, ըստ նրա, որեւէ մեկը չէր էլ կարող ենթադրել, թե համաներումը կարող էր տարածվել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտվողների:

ՀԺԿ-ի նախագահը հարկ համարեց ճշտել, որ իր խոսքը բացառապես քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով (հայտնապես նախապատրաստվող կամ կատարված պետական հանցագործությունների մասին չհայտնելը) դատապարտվողերի վրա համաներումը տարածելու մասին է, իսկ ինչ վերաբերում է 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ –ում հերթապահության մեջ եղած ոստիկաններին, ապա ԱԺ-ի դահլիճում սպանված Կարեն Դեմիրճյանի որդին եւ ՀԺԿ-ի նախագահն ասաց, որ դա հասկանալի է եւ «գուցե մենք ինքներս միջնորդեինք դրա համար»:

Անդրադառնալով ՀԺԿ վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանի՝ այսօր մամուլում հրապարակված խոսքերին, թե «այսպես երկար շարունակվել չի կարող եւ ամեն ինչ տանում է իշխանափոխության», Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Եկեք իշխանափոխության մասին հիմա չխոսենք: Բայց, իհարկե, որեւէ նորմալ քաղաքացի չի ուզենա ապրել այնպիսի երկրում, որտեղ մարդասպաններին հովանավորում են»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ՀԺԿ-ի մասնակցությամբ դաշինք է ձեւավորվելու, որին անդամակցելու է նաեւ Աշոտ Մանուչարյանի «Ազգային համաձայնության ճակատը», ապա Ս. Դեմիրճյանի խոսքերով, իրենք կոնկրետ հարցերի շուրջ միշտ էլ պատրաստ են համագործակցել ամենատարբեր ուժերի հետ, իսկ «կոնկրետ դաշինքների մասին խոսելը հիմա վաղաժամ է»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG