Մատչելիության հղումներ

Ալիեւն արձագանքում է Բաքու-Ջեյհան նավթամուղի առնչությամբ հայկական լոբբինգին




Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը նշանակություն չի տալիս հայ- ամերիկյան լոբբիստական խմբերի ջանքերն՝ ուղղված ադրբեջանական նավթը Վրաստանի տարածքով Միջերկրական ծովի թուրքական Ջեյհան նավահանգիստը տեղափոխող նավթամուղի շինարարության գործում ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը տապալելուն:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի կոնգրեսի հայամետ անդամների մի խումբ ներկայացրել է Կոնգրեսի որոշման նախագիծ, որով չի խրախուսվում Բաքու - Ջեյհան նավթամուղի շինարարությունը ամերիկյան հարկատուների գումարներով, եթե այն չի անցնելու Հայաստանի տարածքով: Նախագիծն առաջարկում է նաեւ, որ Միացյալ Նահանգների առեւտրի զարգացման գործակալությունը ֆինանսավորի ուսումնասիրությունը, թե որքանով է խնայողական Հայաստանով անցնող ուղին:

Ըստ Ներկայացուցիչների պալատում Կոնգրեսի Հայկական հարցերի խմբի ղեկավարների կողմից ներկայացված օրինագծի, Միացյալ Նահանգները չպետք է միջոցներ տրամադրեն այնպիսի նավթամուղներին, «որոնց առեւտրային կենսունակությունը կասկածելի է կամ որոնք խանգարում են Հայաստանը ապահով եւ բարգավաճ տարածաշրջանային տնտեսական կառույցում ինտեգրելու Միացյալ Նահանգների նպատակին»:

Որոշման այդ նախագծի մասին Ալիեւը հիշատակել է ուրբաթ օրը՝ «Բրիթիշ Փեթրոլիում»-ի գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ: «Բրիթիշ Փեթրոլիում»-ը աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից է եւ գլխավորում է Ադրբեջանում գործող ամենամեծ արեւմտյան նավթային կոնսորցիումը: «Թուրան» գործակալությունը մեջբերել է Ալիեւի խոսքերը, թե «այս հիմնախնդիրները չեն կարող խանգարել ծրագրի իրականացմանը»:

Անցյալում Ադրբեջանը շարունակաբար բացառել է նավթամուղը Հայաստանի տարածքով կառուցելու հնարավորությունը, չնայած այդ տարբերակի շոշափելիորեն խնայողական լինելուն: Ադրբեջանի դիմադրության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունն է:

«Բրիթիշ Փեթրոլիում»-ի գործադիր տնօրեն Ջոն Բրաունն ասել է Ալիեւին, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին վերջերս կրկին հաստատել է, որ Վաշինգտոնը կաջակցի Բաքու - Թբիլիսի - Ջեյհան ուղուն: Մինչեւ փոխնախագահ ընտրվելը, Չեյնին՝ որպես «Հոլիբըրթոն» խոշոր նավթային ընկերության գործադիր տնօրեն, Կապիտոլիմում պաշտպանել է ադրբեջանական շահերը:

Ամերիկա-ադրբեջանական Առեւտրի պալատի նախկին պատվավոր անդամ Չեյնին ժամանակին կամպանիա էր ծավալել Ադրբեջանին ամերիկյան կառավարության ուղղակի օգնության արգելքը վերացնելու ուղղությամբ:

1,745 կիլեմոտր երկարությամբ նավթամուղի շինարարության մանրամասն ճարտարագիտական ուսումնասիրությունները սկսվելու են այս ամսվա վերջին: Նախնական հաշվարկներով, այն արժենալու է մոտ 2,9 միլիարդ դոլար: Ըստ «Ինթերնաշնլ Հերալդ Թրիբյուն»-ի հաղորդման, շորեքշաբթի օրը Բրաունը հայտարարել է, որ նավթամուղը պատրաստ կլինի եւ կսկսի գործել մինչեւ 2004 թվականի վերջը:

ԱՄՆ-ի նավթային ընկերությունների մեծամասնությունը գտնում է, որ Բաքու - Ջեյհանը չափազանց թանկ է՝ գերադասելով ավելի կարճ ու էժան իրանական տարբերակը: Սակայն նավթի բարձր գինը ԱՄՆ-ի պաշտպանած ծրագիրն ավելի հրապուրիչ է դարձրել:

Բաքվում Ալիեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ Բրաունն ասել է, որ նավթամուղի շինարարությունն սկսել նախապատրաստվող «Բրիթիշ Փեթրոլիում»-ի գլխավորած կոնսորցիումը բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր ավելի ուշ ցանկություն կհայտնեն միանալ դրան: Ըստ «Ասոշիայթեդ Փրես»-ի, նա ասել է, որ այն ընկերությունները, որոնք չեն միանա կոնսուրցիումին, կզղջան: Նա ավելացրել է, որ խումբը բավականաչափ ռեսուրսներ ունի ծրագիրն առանց հավելյալ օժանդակության իրականացնելու համար:

Չորեքշաբթի օրը կոնսորցիումին միանալու հետաքրքրություն է արտահայտել իտալական էներգետիկ «Էնի Էս-Փի-Էյ» ընկերությունը:


Էմիլ Դանիելյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG